Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխեն Աբազյան. «Փողոցներում երեխայի ձայն չեմ լսում, գնում եմ դպրոցի ճամփին կանգնում, որ երեխայի ձայն լսեմ»

Մարտ 09,2013 15:57

 Սահմանագոտուց արտագաղթի  հետեւանքները

Նոյեմբերյանցի գրող, 10 գրքի հեղինակ Աշխեն Աբազյանին  հարցրինք  սահմանագոտու, այնտեղ ապրող կանանց վիճակի մասին: Ասաց, որ իր  անցած կյանքը տեսաժապավենի նման պատկերվում է  մտքում  եւ շարունակեց. «Իմ տեսած  այն կանայք, այն հպարտ կանայք, որ աշխատում էին, աշխատանք ունեին, հիմա թոշակի հույսին … ջահել չկա  տանը, ես կարող եմ նույնիսկ անուններով նշել:  Իմ հարազատ գյուղ Բերդավանը` զուտ սահմանի վրա  է: Իմ մեծ, հսկա գյուղը, որը 3500 բնակչություն  ուներ, 1500 տնտեսություն էին  հաշվում, Կողբից հետո մեծ գյուղն  էր համարվում շրջանի (Նոյեմբերյանի- Ո. Ս.):

Հիմա ես մտնում եմ գյուղ, անցնում փողոցով, շատ կներեք, նույնիսկ շուն ու կատու  էլ չի առաջս գալիս…  Իհարկե արտագաղթն է պատճառը, փողոցում մարդ չես տեսնում, գնալ-գալ չկա, աշխուժություն, եռուզեռ, աշխատանք չկա, ոչինչ չկա:  Հանդիպում  ենք, տխուր բարեւ, բարի լույս, ո՞նց ես …

Ժողովրդական բանահյուսությունը միշտ գործում է, հումորի ենք վերածում ամեն ինչ, եւ դա շատ լավ է, դա մարդու կենսախնդությունն է, եթե  դա էլ, այդ կենսախնդությունն էլ չլիներ, չգիտեմ, թե ինչ կլիներ մեր վիճակը: Նույնիսկ այն ծանր պահերին, բոլորս լավ հիշում ենք, ռմբակոծություններից հետո  որ դուրս էինք գալիս, էլի հումորի էինք տալիս,եթե զոհ չէինք ունենում, մեծագույն ավերածություն  չէր լինում, կատակի  էինք  տալիս: Ես հիշում  եմ, որ մեր հարեւանի կինն ասում էր ամուսնու  մասին. «Աղջի, սա սապոգները հագին ա տեղը մտնում»: Որովհետեւ նորից ռմբակոծություն պիտի լիներ, պիտի  վեր կենար, հանվել չկար:

Ժողովրդի մեջ խոսք կա, ղալաչեցուն (բերդավանցուն- Ո. Ս.) ասում են ` ո՞նց ես: Ասում է՝ լավ կլինի՞, որ  ես էլ քեզ ասեմ` ո՞նց  ես: Էդ նույն բանը կոթգեղցուն են ասում: Դե կոթգեղցիք  էլ մի քիչ ուրիշ ձեւ են,  նրանց գլուխը երբեք չի վերցնի՝ բա մենք վատ ենք ապրում, ասում են՝ ըստ պահանջի յոլա ենք գնում: Չգիտեմ՝ ըստ պահանջի յոլա գնալը ո՞րն է:  Հիմա ի՞նչով են զբաղվում. վեր են կենում առավոտից-իրիկուն  սերիալներ են նայում, իմ մորաքրոջ աղջիկն արդեն 83 տարեկան է, բայց լավ է, ոտքի վրա, գնացել եմ, մեկ էլ այնպիսի մի  վիշտ է արտահայտում «Գեներալի աղջիկը»…, ասում եմ՝ ես  սերիալ չեմ նայում, բա՝ ո՞նց չես նայում, ուրեմն քո մեղքը չի՞ գալիս: Սրանով էլ են ապրում, կյանքը լրացնում են, որպեսզի իրենք էլ  թշվառ վիճակից դուրս գան…եթե մտածում  ես՝ որ էսպես եմ, էնպես եմ, դա ավելի է խորացնում վիշտդ, մտքերի հետեւից ընկնելը…  խորանում ես, ուր ես հասնում, դա քեզ ավելի տանում, անդունդներ  հասցնում, մտքի  անդունդներն ավելի  խորն են, այդտեղից դուրս գալն էլ շատ դժվար է լինում… Հարեւանական նախկին զրույցները, երբ հավաքվում էին, խոսում էին,հիմա չես գտնի»:

Աշխեն  Աբազյանն այս  վիճակից ելքը համարում  է այն, որ մարդիկ պիտի աշխատանք ունենան, արտերկիր  գնացողը  չի ուզում վերադառնալ: Ցավով նշում  է , որ  հայրենի Բերդավանում խորհրդային տարիներին մեծ չարչարանքով կառուցված երկհարկանի տների մի մասը դատարկ է, դրանք վաճառվում են, բայց գնող չկա: Ա. Աբազյանն ասում է. «Փողոցով անցնում ես, երեխայի ձայն, աղմուկ չկա,միտումնավոր գնում եմ դպրոցի ճամփին կանգնում, որ  երեխաներ տեսնեմ,երեխաների զվարթ   ձայն  լսեմ, ասեմ ՝ էրեխեք ջան, ո՞նց եք… Հիմա երեխաների մտածողությունն էլ ուրիշ է: Պատերազմի  ժամանակ իմ գյուղից՝  Բերդավանից դուրս չեմ եկել, մի քայլ անգամ չեմ հեռացել, միշտ եղել եմ ռմբակոծության տակ: Այն ժամանակվա երեխաների հոգեբանության մեջ  պատերազմական վիճակն իր կնիքն էր դրել: Մեր գյուղի ուղիղ 141 երեխաների ձեռքին ինքնաշեն նռնակ հայտնաբերեցին,եւ ոչ մի դժբախտ դեպք չէր պատահել, այնքան զգույշ էին եղել, ընդ որում՝ 7- 11տարեկան  երեխաներ,դրանց մեջ  աղջիկներ էլ կային, ես հպարտությամբ եմ  դա ասում»:

 Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031