Շաբաթը բուռն էր իրադարձություններով: Մարտի 2-ին վերջապես հայտնի դարձավ այն երգը, որով «Դորիանսը» ներկայացնելու է Հայաստանը «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում: Երգի անունն է «Lonely planet»: Այն ընտրվեց ուղիղ եթերում ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության հիման վրա` 50/50 հարաբերակցությամբ: Երգի խոսքերի հեղինակն է Վարդան Զադոյանը, իսկ երաժշտության հեղինակը` «Black Sabbath» ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին: Ինչպես «Հրապարակ»-ին տեղեկացրել է խմբի մենեջեր Արա Թադևոսյանը, աշխատանքը երգի վերջնական տարբերակի վրա ընթացքում է, ի դեպ, աշխատանքին մասնակցում է նաև երգի համահեղինակը` Թոնի Այոմին: Մարտի 16-ին արդեն երգի վերջնական տարբերակն ու տեսահոլովակը պետք է հանձնվեն Հանրային հեռուստաընկերությանը, որն էլ իր հերթին պետք է այն տրամադրի պաշտոնական «Եվրատեսիլին», որից հետո հնարավոր չի լինի որևէ փոփոխություն, իսկ տեսահոլովակի բուն աշխատանքները կմեկնարկեն հաջորդ շաբաթ. «Որոշակի մտահղացումներ կան, հիմա քննարկման փուլում ենք, ամենայն հավանականությամբ, տեսահոլովակն այստեղ կնկարահանվի, դրսից մասնագետ չի հրավիրվի»:
Հայաստանի անունը նորից ու նորից շեշտվելու է նաև Գերմանիայում: Սույն թվականի մարտի 6-10-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 17 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ Հայաստանը ներկայացնում է Գերմանիայում նախատեսված «ITB’2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, այս մասին հայտնել է mamul.am-ը ու հավելել, ինչպես գրում է երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում` Հայաստանը միջազգային ցուցահանդեսում ներկայացնում են նաև «Պրեգոմեշ»-ի կադրերը:
Արցախյան պատերազմի և խաղաղության մասին Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» դրաման էլ ներկայացված է «Նիկա» մրցանակաբաշխությանը՝ «ԱՊՀ եւ Բալթյան երկրների լավագույն» ֆիլմ անվանակարգում: Starhit.ru-ի տեղեկացմամբ, այդ անվանակարգում ժապավենի մրցակիցներն են՝ Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ»-ը (Ուկրաինա), ռեժիսոր Գեորգի Փարաջանովի «Բոլորը հեռացան»-ը (Վրաստան, Չեխիա, Ռուսաստան), Այուբա Շսխոբիդդինովայի «Երկիրն իմ օթեւանն է» (Ուզբեկստան), Պեետեր Սիմայի «Միայնակ կղզին» (Էստոնիա, Բելոռուս, Լատվիա): «Նիկա» մրցանաբաշխությունը կկայանա ապրիլի 2-ին, Մոսկվայում:
Թեև մրցանակաբաշխություններում, միջազգային մրցույթներում Հայաստանը օր օրի առաջընթացներ է գրանցում, սակայն մի շարք առումներով Հայաստանը դեռ շատ հետ է մյուս երկրներից, դա է վկայում նաև Մարկ Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչ վիրավորական է, ցավալի և ամոթ իմ երկրի համար, լինի Հայաստանը, թե Ռուսաստանը, մշտապես տեսնել, լսել և կարդալ հիվանդ երեխաների` Գերմանիայում կամ Իսրայելում բուժման համար նյութական օգնության հայտարարություններ: Մի՞թե մեր բախտը չի բերել, որ մենք հաղթել ենք 1945 թվականին: Մի՞թե մեր բախտն այդքան չի բերել, որ մենք ծնվել ենք այնտեղ, որտեղ ապրում ենք: Մի՞թե մեր բախտն այդքան չի բերել, որ մենք ծնվել ենք ռուս կամ հայ, Ռուսաստանում կամ Հայաստանում: Մի՞թե մենք կամ մեր երեխաներն արժանի են սրան: Եթե չենք կարող փրկել մեր երեխաներին մեր իսկ երկրում, ի՞նչ ապագա կարող ենք ունենալ…ոչ մի»:
Շաբաթվա ընթացքում փոփոխություններ են եղել նաև հայտնիներ անձնական կյանքում: Ամուսնացել է դերասան Սամվել Թոփալյանը: Զույգի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում, որից հետո սիրահարներն իրենց հարազատների, բարեկամների ու ընկերների հետ խնջույքը շարունակել են մայրաքաղաքի ռեստորաններից մեկում, հայտնել է Bravo.am-ը :
Իրինա Թովմասյանն էլ երկրորդ անգամ մայր է դարձել: Հաղորդավարուհին News.am Style-ին տեղեկացրել է, որ փոքրիկին Ալվինա են կոչելու։ «Շատ ուրախ եմ, որ հենց աղջիկ է ծնվելու, քանի որ ես էլ քույր ունեմ։ Ես գիտեմ, որ դա իսկական երջանկություն է եւ շատ էի ցանկանում, որ Մեգին էլ քույր ունենա։ Էլ չասած, որ նա էլ էր երազում քրոջ մասին», – պատմել էր Իրինան
Շաբաթվա պրեմիերաները՝ Հայկո. «Սիրահարվել եմ», So-Lo. «Վերջն ենք»:
Տիգրանուհի Թասլակյան