Հատված` Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ՍԴ ներկայացված դիմումից
«ՀՀ սահմանադրական դատարանը իր որոշումներում արձանագրել է, որ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորության ապահովումը պետության պարտավորությունն է, այլ ոչ թե առանձին քաղաքական միավորումների կամ անհատների:
Հանրահայտ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում և ՀՀ վարչական դատարանում չվիճարկված ու ԿԸՀ-ի կողմից ընդունված փաստ է, որ ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր քարոզարշավն իրականացնելու համար 1600 ընտրական շտաբ է բացել: Այդ շտաբները, սակայն, փաստացի գործել են որպես քարոզչական տարածքներ, դրանց վրա փակցված են եղել քարոզչական պաստառներ` ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի (այսուհետ նաև գործող Նախագահ) անվամբ և «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով, գործող Նախագահի այլ քարոզչական պաստառների ոճով և գունային նույն համադրությամբ: Այդ քարոզչական պաստառների վրա գրված է նաև ընտրական շտաբ, սակայն դրանով չի փոխվում դրանց քարոզչական բնույթը: Այս կապակցությամբ պարզաբանեմ, որ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը օգտագործել է նաև ձողերի վրա փակցված (դրոշատիպ) նույն ոճով ու գունային համադրությմաբ քարոզչական պաստառներ, որոնց վրա միայն գրված է. «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը, ուստի նրա անուն ազգանունով և կարգախոսով պաստառն առավել քան քարոզչական նյութ, քարոզչական պաստառ է:
Նախընտրական շտաբ անվամբ 1600 քարոզչական տարածքները վարձակալվել և դրանց վրա քարոզչական պաստառները փակցվել են բնակավայրերի կենտրոնական, ամենաբանուկ մասերում, այնպիսի տարածքներում, որտեղ քարոզչական պաստառներ արգելվում է փակցնել, սակայն ընտրական շտաբի անվան տակ փակցվել են: Դրանք են` մշակույթի տներ, համայնքային և պետական պատկանելության, տեղական ինքնակառավարման և պետական մարմինների զբաղեցրած շենքեր, խանութներ և քարոզչական պաստառներ փակցնելու համար արգելված այլ տարածքներ:
Կարդացեք նաև
Քարոզչական պաստառներն, ի դեպ, գերազանցել են 1600-ը, քանի որ ընտրական շտաբ անվանված քարոզչական տարածքներում ոչ միայն դրսի կողմից են փակցված եղել քարոզչական պաստառները, այլ նաև` ներսում:
Այն, որ նշված տարածքները քարոզչական տարածքներ են և դրանց վարձավճարը պետք է ներառվեր քարոզչական ծախսերի մեջ, արձանագրվել է նաև ԵԱՀԿ/ԺՄԻԳ 19.02.2013թ. միջանկյալ զեկույցում, ինչպես նաև 02.03.2013թ. միջանկյալ արտահերթ զեկույցում, ըստ որոնց. «Պարոն Սարգսյանի քարոզարշավը ընդգրկում էր նախընտրական շտաբների և ՀՀԿ–ի գրասենյակների լայն ցանց, որը նաև օգտագործվում էր գործող նախագահի քարոզչության համար։ Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ–ին ՀՀԿ–ի տրամադրած տեղեկատվության, ողջ երկրի տարածքում (բացի Երևանից) գործում էին գործող նախագահի 1,186 նախընտրական շտաբներ»։ Շարունակելով նշվում է. «Մինչդեռ Ընտրական օրենսգիրքը տարածքների վարձակալումը նշում է որպես քարոզչական ծախս, ԿԸՀ-ն որոշում էր կայացրել, ըստ որի նախընտրական շտաբների վարձակալությունը հանվել էր ծախսերի ցուցակից, որոնք պետք է ընգրկվեին թեկնածուների ֆինանսական հայտարարագրերում»:
Նշված` տարածքների վարձակալության ու այդ քարոզչական պաստառների տպագրման ծախսերը, մեր դիտարկմամբ ներառված չեն գործող Նախագահի կողմից ՀՀ ԿԸՀ-ին ներկայացված երեք հայտարարագրերից ոչ մեկում, սակայն ԿԸՀ կայքում 24.02.2013թ. թվագրմամբ հայտարարություն է տարածվել այն մասին, որ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչական ֆինանսավորման որևէ խախտում չի արձանագրել:
25.02.2013թ-ին ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի կողմից ԿԸՀ է ներկայացվել դիմում, վերը նշված հիմնավորումներով, ինչպես նաև հետևյալ առաջարկով. «նշված` 1600 տարածքների վարձակալության շուկայական արժեքը և դրանց վրա տեղադրված ավելի քան 1600 քարոզչական պաստառների ծախսերը ավելի քան 10 տոկոսով գերազանցում է նախընտրական հիմնադրամի սահմանած առավելագույն չափը` 100.000.000 դրամը, որպիսի պայմաններում անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր լիազորությունների և պարտականությունների սահմաններում ուսումնասիրի վերը նշված փաստերը և դիմի դատարան, ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչած համարելու համար:
ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմից կատարված վերը նշված խախտումները, ինչպես նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այդ խախտումների վրա աչք փակելը, ավելին, դրանց օժանդակելը ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա»:
ԿԸՀ-ին նաև խնդրվել է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի, 18 և 19 հոդվածների, ՀՀ ընտրական օրենսգրքի վերը նշված հոդվածների համաձայն դիմել դատարան ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը ուժը կորցրած ճանաչելու պահանջով:
ԿԸՀ-ն, սակայն, ցուցաբերել է անգործությություն, իր լիազորությունների և պարտականությունների սահմաններում չի ուսումնասիրել վերը նշված փաստերը և չի դիմել դատարան` ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչած համարելու համար, ավելին, ընդունել է 25.02.2013թ. թիվ 60-Ա որոշումը, որով փորձել է արդարացնել իր անգործությունը, մասնավորապես պատճառաբանելով, որ Նախագահի թեկնածուի ընտրական շտաբների վրա նրա անուն ազգանունով և կարգախոսով պաստառները ոչ թե քարոզչական նյութ են այլ` ցուցանակ, հետևաբար դրանց, ինչպես նաև ընտրական շտաբերի տարածքների վարձակալության գումարները չպետք է կատարվեն հիմնադրամի միջոցների հաշվին և ներառվեն այդ ծախսերի մեջ:
Դիմումի քննարկման ժամանակ, ԿԸՀ կողմից որոշման նախագիծը հրապարակելուց հետո այդ կապակցությամբ նաև հարց է տրվել ԿԸՀ նախագահին և ստացվել պատասխան.
Փաստաբան Կ. Մեժլումյան, հարց – «Ես որոշման նախագծից հասկացա, որ եթե պաստառի վրա գրված է թեկնածուի անուն ազգանունը և նրա կարգախոսը դա չի համարվում քարոզչական նյութ,
ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյան – Այո, այդպես է գնահատվել:
Փաստաբան Կ. Մեժլումյան, հարց – Այսինքն, եթե ընտրության օրը թեկնածուի անուն ազգանունով և կարգախոսով շապիկներով, պաստառներով գնան ընտրության, դա չի համարվի քարոզչություն:
ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյան – կոնկրետ փաստական հանգամանքի վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում կա, Ձերը ասածը կոնկրետ մեկ այլ փաստական հանգամանք է, որի վերաբերյալ գնահատականը պետք է տրվի մյուս փաստական հանգամանքների համադրելիության արդյունքում:
Կարեն Մեժլումյանի հայտարարությունը – Ընտրական օրենսգրքը հետևյալի մասին է խոսում. քարոզչական նյութը չի կարող տեղադրվել կամ կարող է տեղադրվել, այսինքն ի սկզբանե որոշվում է դա քարոզչական նյութ է, թե ոչ, հետագայում որոշվում է, որտեղ կարող է տեղադրվել թե ոչ, ԿԸՀ-ի տրամաբանությամբ հակառակն է, եթե ինչ որ տեղ է դա տեղադրված, ուրեմն քարոզչական նյութ է, եթե մեկ այլ տեղ է տեղադրված` քարոզչական նյութ չէ»:
ԿԸՀ տրամաբանությունը ավելի պատկերավոր ներկայացնելու համար արձանագրենք, որ եթե օրենքի համաձայն զենքը կարելի է պահել որևէ տեղում և արգելվում է պահել մեկ այլ տեղում, ապա դա չի նշանակում, որ թույլատրվող տեղում պահելու դեպքում այն համարվում է զենք, իսկ դրա վրա արդուկ գրելու և արգելված տեղում պահելու դեպքում` չի համարվում»:
Պարզաբանում: ՍԴ տրված դիմումում, որպես վերը հրապարակված հատվածում նշված փաստերի ապացույց, կատարվել է 10 հղում և ներկայացվել են մի քանի տասնյակ լուսանկարներ ու տեսագրություն: Օրենքների համապատասխան հոդվածներից մեջբերումները և դրանց հղումները ևս չեն ներկայացվում, բայց դիմումում առկա են:
Կարեն Մեժլումյան
փաստաբան
“…Նախագահի թեկնածուի ընտրական շտաբների վրա նրա անուն ազգանունով և կարգախոսով պաստառները ոչ թե քարոզչական նյութ են այլ` ցուցանակ…”
Հետաքրքիր է, այդ ցուցանակը ի՞նչ կցուցանե…
Իշխանավորներն իրենց երկար ձեռքերով հաճախ նվազ վտանգավոր են, քան նրանց սպասարկող սենեկասպասավորներն իրենց կարճ ձեռքերով: Լիխտենբերգ
Արդարությունն առանց ուժի անօգնական է, ուժն առանց արդարության՝ բռնակալ: Պասկալ