Հովսեփ Խուրշուդյանը փակագծեր է բացում. արդեն երկու օր է, ինչ «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը կոնսուլտացիաների մեջ են
«Ես կարող եմ հաստատել, որ եռակողմ ձեւաչափով հանդիպումը տեղի է ունեցել, որտեղ մենք եղել ենք հրավիրյալի կարգավիճակում: Ես որպես կանոն ժարգոնային բառեր օգտագործելուց խուսափում եմ, բայց այս դեպքում չեմ դիմանա եւ պետք է ասեմ, որ սովորական մուտիլովկա է հանդիպման առիթով մամուլում եղած այն տեղեկությունը, որ «Ժառանգությունը», դեմ է որևէ միավորման, որտեղ կարող է լինել ՀԱԿ-ը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ-ի նախաձեռնությամբ ՀՅԴ ԳՄ շենքում տեղի է ունեցել ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչների հանդիպում: ԲՀԿ-ից քննարկմանը մասնակցել են Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, իսկ «Ժառանգությունից»՝ Ռուբիկ Հակոբյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը:
Փոքր ինչ բացելով փակագծերը, Խուրշուդյանն ասաց, որ արդեն երկու օր է, ինչ «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը կոնսուլտացիաների մեջ են` համագործակցության ձեւաչափեր գտնելու համար: «Ժառանգության» մամուլի խոսնակն ասաց, որ իրենց կուսակցությունը բաց է բոլորի առջեւ եւ քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցում որեւէ խտրականություն չեն դնում, որեւէ մեկին չեն բացառում:
Կարդացեք նաև
Հովսեփ Խուրշուդյանը հրաժարվեց երեկ տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին մանրամասներ հաղորդել` պայմանավորվածություն կա, որ քանի դեռ քննարկումներ են ընթանում, մանրամասները չի հրապարակվելու: ՀԱԿ-ի ներկայացուցիչների բացակայության պատճառների մասին էլ ինքը տեղյակ չէ. Մեկ անգամ էլ ընդգծեց, որ «Ժառանգությունը» հրավիրյալի կարգավիճակում է եղել սույն հանդիպմանը:
Aravot.am-ի հարցին` հավանականություն կա՞, որ հանդիպումների արդյունքում ընդդիմադիր դաշտը Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով հանդես կգա, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ այդ հարցին այս պահին պատասխանել չի կարող, առավել եւս բոլորի անունից: Միայն ասաց, որ հանդիպման ժամանակ ի թիվս այդ հարցերի նաեւ ավագանու ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու համագործակցության ֆորմատի մասին է խոսվել: Իր կարծիքով, «Ժառանգությունը» Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության մասին վերջնական որոշում կունենա մարտի 16-ին:
Ընդդիմադիր դաշտի նման կոնսուլտացիաները շարունակակա՞ն կլինեն, թե` ոչ, մեր զրուցակիցը դարձյալ դժվարացավ հստակեցնել. «Դա կոնկրետ մի հանդիպում է եղել, կշարունակվի, թե՞ ոչ, չեմ կարող ասել»:
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ Aravot.am-ի խնդրանքին` պարզաբանել, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը չի հրավիրվել ՀՅԴ ԳՄ-ի շենքում տեղի ունեցած քննարկմանը, ասաց, որ այդ քննարկումը շարունակությունն է եղել քաղաքական դաշտում դեռ նախագահական ընտրություններից առաջ մեկնարկած հանդիպում-քննարկումների ու ՀԱԿ-ը կարող էր իր ցանկությունն արտահայտել: Իսկ տվյալ հանդիպմանը ՀԱԿ-ի ներկա չլինելու պատճառը նաեւ ՀԱԿ-ում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններն են. «Ի վերջո, անորոշ է. նախկին ՀԱԿ-ը չկա, նոր ՀԱԿ-ը չկա, պետք է տեսնենք, թե ինչ է կատարվում, բայց մենք էլ այն փուլում ենք, որ կունսուլտացիաները արդեն սկսվել են»: Հանդիպման մասին այլ մանրամասներ ներկայացնել Աղվան Վարդանյանը չցանկացավ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Միավորվե՛ք, ժողովուրդ՛, միավորվեք. դրանից բոլորս կշահենք: