Մասնակիցները ցուցադրում էին կանանց կերպարները խորհրդանշող տիկնիկներ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն այսօր Ավ. Իսահակյանի արձանի մոտից իրականացրեց բեմականացված քայլերթ՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
«Քայլերթի նպատակն է` կանանց իրազեկել իրենց իրավունքների մասին եւ ցույց տալ, որ նրանք շատ ավելի իրավունքներ ունեն, քան միայն այս օրը նվերներ ու ծաղիկներ ստանալը: Ընդհանուր առմամբ` սա կանանց ուժեղացնող եւ դրական ակցիա է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Աղաբեկյանը: Նա հայտնեց, որ մինչ ապրիլի 7-ը կկազմակերպվեն նաեւ այլ միջոցառումներ. «Դրանց թվում են կանանց մասնակցությամբ «Հաղթահարելով գիշերը» ակցիան, որի շրջանակում մասնակիցները կքայլեն այնպիսի վայրերով, որտեղ միայնակ քայլել գիշերով սովորաբար վախենում են, օրինակ` գետնանցումներում: Կկազմակերպվի նաեւ «Մարդու իրավունքների մարտահրավեր» քննարկումը եւ «Ամուսնության ինստիտուտը հայ հասարակության մեջ» կոնֆերանսը: Իսկ ապրիլի 7-ին տեղի կունենա «Արվեստը կանանց ոգեշնչման համար» ֆոտոցուցահանդեսը»:
Քայլերթի մասնակիցները Իսահակյանի արձանի եւ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, այնուհետեւ` Հյուսիսային պողոտայում ցուցադրեցին փոքրիկ բեմադրություններ: Տարբեր կերպարներ մարմնավորող կանանց տիկնիկներով քայլերթի մասնակիցները քաղաքացիներին բաժանում էին ինֆորմացիա` կանանց մեկամսյակի առթիվ կազմակերպած վերոհիշյալ միջոցառումների մասին, եւ շնորհավորական բացիկ:
Կարդացեք նաև
Երթի ընթացքում մասնակիցների անվտանգությունն էին ապահովում ՀՀ ոստիկանության աշխատակիցները:
Բեմադրությունը` տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ