Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակում է առաջիկա օրերի իր ծրագրերը
«Մարտի 8-ից ապրիլի 9-ը լիքը բան պիտի փոխվի մեր երկրում»,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ շնորհավորեց կանանց: Նա խոստովանեց, որ ինքը ամաչել չունի, ուստի կոչ արեց ներկաներին չամաչել իր խոսքերից. «Մենք՝ տղամարդ, թե կին հղիացել ենք հայոց հույսով, հայոց հավատով, որովհետեւ սա մեր հայրենիքն է եւ չկա որեւէ մի նահանջ»:
Նա պատմեց երեկվա մարզային այցելությունների մասին՝ նշելով, որտեղ էլ լինի եւ ով էլ հսկի այդ տարածքը՝ «վախկոտ դատախազ թե ՀՀԿ-ական, մենք հաղթել ենք»:
Կարդացեք նաև
Նա ներկայացրեց վաղվա ծրագրերը: Գեղարքունիքը, ըստ նրա վախկոտ է, բայց «պարոն Լիսկայի նման Գեղարքունիքի մարզպետը հրաժարական պիտի տա»: Նա կոչ արեց վաղը չէ մյուս օրը գալ Ազատության հրապարակ, որտեղ հանդես կգա հատուկ հայտարարությամբ, որը ցույց կտա ապագա ճանապարհը:
Վաղը նաեւ հանդիպում կա Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ «Պարոն Լիսկայի մոտ՝ 17.00-ին Զարուհի Փոստանջյանը գնալու է Կապան եւ Ծավ գյուղ: Միեւնույն ժամանակ մենք գնալու ենք պարոն Աբրահամյանի մեյդան: Արտաշատը նրա սեփականությունը չէ, ասելու ենք, որ սա մե՛ր քաղաքն է: Գնալու ենք նաեւ Ջրաշեն գյուղ, որտեղ գազի գծերը հանել էին: Չսպառնա՛ք»:
Նա նաեւ վստահեցրեց, որ իր ժամկետից՝ ապրիլի 9-ից հետո ոչ թե Սերժ Սարգսյանը պիտի հրաժարական տա, այլ պիտի խնդրի ժողովրդից, որ թույլ տան՝ ինքը հրաժարական տա. «Մենք ամեն տեղ ենք, ավտոբուսում, ամեն տեղ, մեզնից խուսափել չունեք դուք: Եվ հենց դրանում է մեր ուժի, մեր շարժման, մեր հաղթանակի գաղտնիքը: Սա Րաֆֆու շարժումը չէ: Հայ ժողովուրդն ասել է, որ սա իմն է: Մեկն ասում է՝ անկանոն է, չգիտեմ ինչ է: Կարող է անկանխատեսելի է ձեզ համար, բայց հայ ժողովրդի համար անկասելի է: Մենք ամեն տեղ ենք եւ չեն ջոկում»:
Անդրադառնալով Արթուր Աղաբեկյանի հայտարարությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Արթուր Աղաբեկյանը թող չհանդգնի ասել, որ Ազատության հրապարակը սպառնում է Արցախի անվտանգությանը: Թող չհանդգնի: Մեր պայքարը ամբողջական Արցախի, Սփյուռքի հաղթանակի համար է: Թող ոչ մեկը չհանդգնի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Մենք՝ տղամարդ, թե կին հղիացել ենք…»
«ՀՆԱՐԱՎՈՐ է…» Րաֆֆի