Լրահոս
Օրվա լրահոսը

Բասկետբոլի երախտավորները հիշում են Վիտալի Զաստուխովին եւ Ջեմմա Իսրայելյանին

Մարտ 08,2013 18:17

  «Գրանդ սպորտ» մարզահամալիրում ընթացող բասկետբոլի միջազգային կարգի սպորտի վարպետ Վիտալի Զաստուխովի եւ սպորտի վարպետ Ջեմմա Իսրայելյանի միջազգային պատանեկան հուշամրցաշարի ընթացքին ամեն օր ուշադրությամբ հետեւում են հայկական բասկետբոլի երախտավոր վետերաններ Ժորա Բաղդասարյանը, Համլետ Առաքելյանը եւ Խաչատուր Խաչատրյանը (նկարում՝ ձախից աջ հերթականությամբ): Վերջինին բասկետբոլի աշխարհում ավելի շատ ճանաչում են ընկեր Մագո անունով:

Aravot.am-ը նրանց խնդրեց  հակիճ  ներկայացնել հայկական բասկետբոլին միջազգային ճանաչում բերած, բայց կյանքին վաղաժամ հրաժեշտ տված բասկետբոլիստներին:
Խաչատուր Խաչատրյան. «Վիտալին այն աստիճանի բարձրակարգ բասկետբոլիստ էր, որ Մոսկվայի «Դինամոյի» ղեկավարությունը եկավ Հայաստանի այն ժամանակվա հանրապետական սպորտկոմիտե եւ խնդրեց, որպեսզի նրան թույլատրենք խաղալ իրենց թիմի կազմում: Դրանից հետո Զաստուխովը հանդես եկավ նաեւ ԽՍՀՄ հավաքականի կազմում: Իսկ այն տարիներին հայ մարզիկին Խորհրդային Միության հավաքական վերցնում էին բացառիկ դեպքում»:
Համլետ Առաքելյան. «Ես Զաստուխովին ճանաչում եմ 50-ական թվականներից: Մենք այդ տարիներին միասին խաղում էինք Երեւանի «Սպարտակ» թիմում: Հիշում եմ, գնացել էինք այն ժամանակվա Հոկտեմբերյան քաղաք՝ ինչ-որ զինվորական թիմի հետ խաղալու: Մեր հիմնական կազմի հինգերորդ խաղացողը ինչ-ինչ պատճառով չէր եկել ու մարզիչը մտածում էր, թե ինչ անի: Ես խնդրեցի նրան Վիտալիին դաշտ մտցնել: Դա եղավ նրա առաջին խաղը պաշտոնական հանդիպումում, որում նա իրեն գերազանց դրսեւորեց ու դրնից հետո դարձավ հիմնական խաղացող: Այնուհետեւ ընդգրկվեց Հայաստանի հավաքական: Նա այնքան հրաշալի բասկետբոլ էր խաղում, որ լինում էին դեպքեր, երբ միայնակ հաղթանակներ էր բերում իր թիմերին: Հայաստանը Վիտալի Զաստուխովի նման բասկետբոլիստ չի ունեցել, չհաշված Արմենակ Ալաջաջյանին»:
Ժորա Բաղդասարյան. «Վիտալի Զաստուխովի ծաղկուն տարիներին ես ղեկավարում էի Սպորտկոմիտեի սպորտային խաղերի բաժինը, որը հետո դարձավ սպորտային խաղերի եւ մարզական մարզաձեւերի վարչություն: Բայց Վիտալիկի հետ ավելի մտերմացել ենք արտասահմանյան բազմաթիվ մրցաշարերի մասնակցության ժամանակ: Որպես կանոն, հյուրանոցում նույն սենյակում էինք մնում: Տաղանդավոր բասկետբոլիստ էր, արտակարգ մարդ: Նա ինչ մարզաձեւով էլ զբաղվեր, մեծ հաջողությունների կհասներ: Այնքան վառ անհատականություն ու մարզիկ էր, որ նրան հրավիրում էին այն տարիների Խորհրդային միության գրանդ ակումբների՝ Լենինգրադի «Սպարտակի», Մոսկվայի «Դինամոյի», անվանի մարզիչները՝ Կոնդրաշինը եւ Գոմելսկին: Նա դարձել է Եվրոպայի պատանիների ու երիտասարդների կրկնակի չեմպիոն: Զաստուխովը հասավ մինչեւ Խորհրդային Միության հավաքական եւ մասնակցեց աշխարհի առաջնությունների, անգամ օլիմպիական խաղերի: Նույնը կարող եմ ասել Ջեմմա Իսրաելյանի մասին, որի օրիորդական ազգանունը Կակոեւա էր: Նա խաղում էր մանկավարժական ինստիտուտի եւ «Բուրեվեստնիկ» ընկերության թիմում: Էլեգանտ բասկետբոլիստուհի էր, իսկական լիդեր ու թիմը տանում էր իր ետեւից: Հետո, երբ թողեց մեծ սպորտը, անգնահատելի ծառայություններ մատուցեց հայկական կանանց բասկետբոլի զարգացման գործում»:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031