Երվանդ Մանարյանը մեծարում է կանանց եւ կոչ անում ճանապարհ ցույց տալ՝ այս վիճակից
Այսօր Ազատության հրապարակում, ինչպես հայտարարել էր Րաֆֆի Հովհաննիսյանը, տոնական հանրահավաք է: Քիչ առաջ նրա կողքին հարթակ բարձրացավ դերասան Երվանդ Մանարյանը: Նա նշեց, որ կանանցից շատ բան է ակնկալում ու սպասում. «Տղամարդիկ, դժվար է էդ բանը խոստովանելը, բայց դե դա փաստ է, մենք սպասում ենք, որ կանայք պետք է առաջին շարքում լինեն, մեզ ճանապարհը ցույց տան, ինչպես դուրս գանք այս վիճակից: Սա վիճակ չի, ախպեր: Էսպես վիճակ չի լինում: Մնում է, որ մենք մեր կանանց կողքին պինդ կանգնած լինենք՝ ամեն մեկս մեր ընտանիքում: Կարողանանք այս վիճակից մեր զավակներին հանել: Որովհետեւ ոչ թե ազգը ապագա չի ունենա, այլ նաեւ մեր զավակները, թոռներն ապագա չեն ունենա: Ոչ ոք իրա տունը չի տա, որ ես գնամ էնտեղ, իմ երեխաներին պահեմ: Էսօր երեսպաշտություն են անում, բացել են դռները, վաղը փակելու են էդ դռները: Ասելու են՝ տուն ունեք, գնացեք ձեր տունը ձեր երեխաներին ոնց ուզում եք՝ պահեք: Մեզ շատ բան պետք չի՝ նամուսով տունը պահել»:
Երվանդ Մանարյանը վստահեցրեց, որ դագաղն էլ է քչություն անելու, եթե այսպես գնա. «Պաղտասար աղբարի մեջ նրա կինը դավաճանում է իր ընկերոջ հետ՝ Կիպարի հետ: Պաղտասարն իմանում է եւ խոսակցություն է բացում: Կիպարը պատճառաբանում է՝ է ի՞նչ եղավ որ, դուն մեկ սկզբունք ունիս, ես ուրիշ սկզբունք ունիմ, թող սկզբունքները կռվեն: Չեմ ուզում էդ տեսակ բան՝ սկզբունքների կռիվ: Ուզում ենք ունենալ երկիր, որ կարողանան մեր երեխաները իրենց երեխաներին նամուսով պահել: Այն հայ մարդը, որ չի մտածում իր երեխաների, իր ծոռների մասին, ոչ մի բանի պետք չէ՝ ոտի տակի փալասի նման է: Ես չեմ ուզում ոտի տակի փալասի նման լինել: Ես չեմ բացակայել իմ երկրից, միշտ էստեղ եմ եղել, որովհետեւ ես եմ ուզել: Ուզում եմ, որ իմ զավակներն էլ մնան այս երկրում: Մի կտոր բան է մնացել, եթե սա էլ չկարողանանք պահել՝ մեզ դժոխքում էլ տեղ չկա: Սատանան կասի՝ եթե դու քո տունը չես կարողանում պահես, ուրեմն էստեղ էլ մի բան կխառնես, չեմ ուզում»:
Դիմելով կանանց՝ նա ասաց, որ կանայք են ընտանիքների տերը, տղամարդկանց տերը. «Այստեղ հավաքվածները հիմնականում տղամարդիկ են, որովհետեւ կանայք փորձում են այս ոչ ու փուչ տեղից մի բան պատրաստել, տոնական սեղան գցել: Պիտի խոստովանենք կանայք, որ ձեզ շատ ենք սիրում եւ ձեզանով ենք ամուր կանգնած: Եթե դուք չլինեիք հայ տղամարդու թիկունքին, այս մի կտոր Հայաստանն էլ չէր լինի: Կեցցեք դուք, տիկնա՛յք փափկասուն հայոց աշխարհի: Մնացեք այդպես համառ: Ողջ լինեք»: Նա մաղթեց, որ մյուս մարտի 8-ին այլ հանգամանքներում իրար հանդիպենք:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, ողջունելով Երվանդ Մանարյանին՝ ասաց. «Մեր խեղճ բլուրը Երվանդ Մանարյանի բարձր սարին վնաս չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Անչափ հարազատ,՝ Երվանդ Մանարյան: Դու Հայ ազգի,՝ խիղճն ես, պատիվը, ու պարծանքը:
Մեր շատ սիրելի Երվանդ Մանարյան մեր մշակույթի հույսն ու հավատը մնացել եք դուք ու ձեր սերնդի մեր տաղաբդավոր մարդիք մենք ձեզանից խնդրում ենք ձեզ լավ նաեք ու պահպանեք, ներկայիս կեխտոտ շոուբիզնեսականները փողի հետ նժարին են դրել մեր մշակույթն ու տաղանդը, խնդրում ենք դուք դա մի թույլ տվեք; փրկեք մեր սերունդներին այս տատասկից, այս զզվելի ինքնակոչ արտիստներից, բարերն անզոր են սրանց գարշանքը նկարագրելու համար;