Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Մարտ 08,2013 17:21

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ քսանյոթերորդ

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Եվ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով Մարգունուն հարցրեց՝ «հիմի դժգոհ ե՞ս, օր էս մարդիկ քեզի վարպետ կհամարեն», եւ Մարգունին հարցրեց՝ «ո՞ր մարդիկ», եւ Շերենցը  թվարկեց՝ «Շիրազը, Լեւոնը, Ռուբոն, Արայիկը» եւ ինձ նայելով մի քիչ մտածեց ու ժպտալով Մարգունուն ասաց՝ «Արմենակն էլ քեզ նվեր», եւ Մարգունին մի քիչ մտածեց ու Շերենցին ասաց՝ «Խորոզին մոռացար», եւ Շերենցը  Մարգունուն ասաց՝ «Խորոզը քնած էր», եւ Ռուբոն փռթկացնելով ասաց՝ «Խորոզը չի մասնակցել», ե Մարգունին զարմացած հարցրեց՝ «ինչի՞ն չի մասնակցել», եւ Ռուբոն փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «քվեարկությանը», եւ Մարգունին  զարմացած հարցրեց՝ «ի՞նչ քվեարկություն», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ժպտալով Մարգունուն ասաց՝ «քվեարկել ենք՝ միաձայն անցել ես», եւ Մարգունին զարմացած  հարցրեց՝ «ո՞ւր եմ անցել», եւ Ռուբոն ժպտալով Մարգունուն ասաց՝ «քվեարկությամբ վարպետ ես դարձել», եւ Արայիկը ժպտալով Մարգունուն ասաց՝ «ընդ որում՝ միաձայն», եւ Մարգունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց ես էլ էդ քվեարկությանը չեմ մասնակցել», եւ Շերենցը փռթկացնելով Մարգունուն ասաց՝ «չուզեցինք քո ու Խորոզի անուշ քունը խանգարենք» եւ մի քիչ  մտածեց ու ժպտալով Մարգունուն հարցրեց՝ «հիմի դժգոհ ե՞ս, օր վարպետ ես», եւ Արայիկը փռթկացնելով Շերենցին ասաց՝ «ինքը դժգոհ ա, որ համ ինքն ա վարպետ, համ էլ՝ դու», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց ես մառոժնու գծով եմ վարպետ, ինքը՝ պստիկ դերերի», եւ Արայիկը փռթկացնելով Շերենցին ասաց՝ «ինքը չգիտի, որ մառոժնու գծով ես», եւ Շերենցը փռթկացնելով ասաց՝ «ի՞նչըղ չգիտի. հազար անգամ մառոժնի ուտելս տեսել է», եւ Մարգունին զարմացած նայեց Շերենցին, հետո նայեց Շիրազին ու հարցրեց՝ «սրանց խոսացածներից բան հասկանում ե՞ս, Վարպետ», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու ժպտալով Մարգունուն ասաց՝ «սայլուկնան գը» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «պետությունն օր մարդկանց աշխատանքով չի ապահովե, մարդիկ պարապությունից կսայլուկնան», եւ Մարգունին մի քիչ  մտածեց ու Շիրազին հարցրեց՝ «որ աշխատանքով ապահովված չեն, էլ ո՞նց են վարպետ», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իրանք իրանց կխոսեն՝ կուրախնան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրանք իրանց հույս կուտան», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «համ մեզ ենք հույս տալի, համ էլ՝ Մարգունուն», եւ Շերենցը փռթկացնելով ասաց՝ «պստիկ դերերի գծով», եւ Մարգունին թարս նայեց Շերենցին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ պստիկ բառը դուրդ շատ ա էկել», եւ Ռուբոն փռթկացնելով Մարգունուն ասաց՝ «որովհետեւ ինքն էլ ա պստիկ դերերի գծով», եւ Արայիկը ծիծաղելով ասաց՝ «Շերենցը մառոժնու գծով ա», եւ Շերենցը փռթկացնելով ասաց՝ «պաղպաղակի» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով արտասանեց՝ «պաղպաղակ-պաղպաղակ, ի՞նչ ես նստել ծառի տակ» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ամեն մեկս մի գծով վարպետ ենք» եւ ժպտալով նայեց ինձ ու ժպտալով հարցրեց՝ «դո՞ւ որ գծով էիր, Արմենակ ջան», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «սեղանի թենիսի», եւ Շերենցը փռթկացնելով Մարգունուն  ասաց՝ «մեր Արմենակն էլ պինգպոնգի գծով է վարպետ», եւ Մարգունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «պինգպոնգի գծով վարպետը  Գեղամ Վարդանյանն ա», եւ Շերենցը զարմացած նայեց Մարգունուն եւ հարցրեց՝ «Գեղամ Վարդանյա՞նը վով է», եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «Գեղամ Վարդանյանը պինգպոնգի Հովիվյանն ա», եւ Ռուբոն փռթկացնելով ավելացրեց՝ «Գեղամ Վարդանյանը պինգպոնգի գծով Հովհաննես Շիրազն ա», եւ Մարգունին զարմացած նայեց Շիրազին ու հարցրեց՝ «էս ի՞նչ են խոսում, այ Շիրազ» եւ մի քիչ մտածեց ու Շիրազին հարցրեց՝ «սրանց խոսացածից բան հասկանո՞ւմ ես», եւ Շիրազը մի քիչ  մտածեց ու ժպտալով ասաց՝ «իրանց խոսացածը հեչ իրանք չեն հասկնա, ուր մնաց թե՝ ես հասկնամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «սայլուկնան գը», եւ Մարգունին մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Շիրազին հարցրեց՝ «Շերենցն է՞լ», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Ազատը չհասկնալով կսայլուկնա, Արայիկն ու Ռուբենը՝ հասկնալով», եւ Մարգունին մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Շերենցին ասաց՝ «Վարպետը քեզ անհասկացող հանեց», եւ Շերենցը մի քիչ մտածեց  ու ժպտալով ասաց՝ «Վարպետն իրավունք ունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ըդոր համար էլ ինքը Վարպետ կհամարվի», եւ Արայիկը ժպտալով ասաց՝ «փաստորեն, սաղս էլ վարպետ ենք», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մենք էս սեղանի մասշտաբներով ենք վարպետ, իսկ հայրիկդ՝ համայն հայության», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին հարցրեց՝ «համայն հայություն ասելով՝ ի՞նչ ես հասկանում», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «մենք ու ախպարները» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մենք ու ախպարները միասին վերցրած՝ համարվենք գը համայն հայություն», եւ Շիրազը թարս նայեց Շերենցին ու հանդիմանանքով ասաց՝ «էլի ախպար ըսի՞ր» եւ հանդիմանանքով ավելացրեց՝ «քեզի քանի՞ անգամ եմ ըսել, որ ոչ թե ախպար ըսես, այլ՝ սփյուռքահայ», եւ Շերենցը  մեղավոր ժպտալով Շիրազին ասաց՝ «մի հարուր անգամ ասած կէղնես, Վարպետ ջան» եւ մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «բայց ամեն անգամ մոռանամ գը», եւ Մարգունին, որ վերստին  արթուն էր, խոսեց ու ասաց՝ «հարուր տարեկան դառա, բայց ըտենց էլ չհասկացա, թե ախպարներն ինչի՞ են էդ ախպար բառից էդքան խրտնում ու նեղվում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ ախպարն իրանց լեզվով նշանակում ա եղբայր» եւ մի քիչ էլ մտածեց ու զարմացած ասաց՝ «մեզ որ մեկը եղբայր ասի, կարող ա՞ նեղանանք», եւ Շերենցն ասաց՝ «իրանք կնեղենան» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «Վաղինակ եղբայր», եւ Մարգունին մի  քիչ մտածեց ու ասաց՝ «որ նեղանում են, ուրեմն չպիտի ախպար ասենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես վաղուց էդ բառն իմ բառապաշարից հանել եմ», եւ Շերենցն ասաց՝ «մեր պահակ Ավետիքին էլ օր ախպար կըսեինք, շատ փիս կնեղենար», եւ Արայիկը փռթկացնելով Շերենցին ասաց՝ «ինչ խոսում ենք, էդ պահակ Ավետիքին ես օրինակ բերում», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ օղորմածիկը շատ օրինապաշտ ու շատ օրինակելի մարդ էր», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին հարցրեց՝ «էդ պահակ Ավետիքն էլ է՞ր ախպար», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «պահակ Ավետիքը ոչ թե ախպար էր, այլ՝ հայրենադարձ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը համ էլ շատ ուժեղ հավատացյալ էր», եւ Արայիկը ժպտալով ավելացրեց՝ «համ էլ շատ ուժեղ թենիս ա խաղացել», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, իրեք երանին մի տեղ ա էղել», եւ Արայիկը նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «Արմենն էլ ա ուժեղ թենիս խաղում, բայց հավատացյալ չի» եւ Շերենցը ժպտալով ավելացրեց՝ «ոչ էլ ախպար է», եւ Ներսիսյանը ժպտալով խոսեց ու ասաց՝ «ինձ թվում էր՝ միայն ԿԳԲ-ն է հայրենադարձներին վատ վերաբերվում», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «մոռացել էինք, որ մեր Լեւոնն էլ է ախպար», եւ Մարգունին ասաց՝ «ոչ թե Լեւոնն ա հայրենադարձ, այլ Լեւոնի հայրը՝ Հրաչյա Ներսիսյանը», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «Լեւոնն ու բոլորս ավելի ախպար ենք, քան՝ Հրաչյա Ներսիսյանը» եւ մի քիչ մտածեց ու երանությամբ ժպտալով ավելացրեց՝ «ոչ էլ Փափազն էր ախպար», եւ Ռուբոն ծիծաղելով ասաց՝ «Փափազին որ ախպար ասես, նույնն ա թե՝ Օթելլոյին ախպար ասես», եւ Ներսիսյանը հեգնանքով խոսեց ու ասաց՝ «արդեն որոշել եք, որ հայրենադարձները վատն են, հիմա էլ ճշտում եք՝ ով է հայրենադարձ, ով՝ չէ», եւ Շերենցը մեղավոր ժպտալով ասաց՝ «լավի ու վատի հարց չկա, Լեւոն ջան» եւ մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «հայրենադարձը հայրենադարձ ա, տեղացին՝ տեղացի» եւ մի քիչ էլ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «հայրենադարձներին օր տեղահան չէնեին, հայրենադարձ չէին դառնա», եւ Մարգունին արհամարհական նայեց Շերենցին ու ասաց՝ «բայց էդ խեղճերին ոչ թե հայրենադարձ են ասում, այլ՝ ախպար», եւ Ներսիսյանը վրդովված խոսեց ու ասաց՝ «խեղճը ոչ թե իրենք են, այլ՝ իրենց ախպար ասողները», եւ Մարգունին արհամարհական նայեց Շերենցին ու ասաց՝ «կերա՞ր», եւ Շերենցը զարմացած հարցրեց՝ «ի՞նչը կերա», եւ Մարգունին  ժպտալով ասաց՝ «մառոժնիդ», եւ Շերենցն ասաց՝ «մառոժնիս վաղուց եմ կերել», եւ Մարգունին խորամանկ ժպտալով Շերենցին ասաց՝ «կերել ես՝ լավ ես արել, բայց ինչի՞ ես էդ մարդկանց ախպար ասում», եւ Շերենցը զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ եմ ախպար ասել», եւ Մարգունին ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հայրենադարձներին», եւ Շերենցը բավական երկար մտածեց  ու ասաց՝ «հայրենադարձներին ոչ թե ես եմ ախպար ասում, այլ՝ ժողովուրդը», եւ Մարգունին ժպտալով  Շերենցին հարցրեց՝ «ո՞ր ժողովուրդը», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր տեղացի ժողովուրդը», եւ Մարգունին մի քիչ մտածեց ու հանդիմանանքով Շերենցին ասաց՝ «որ տեղացիք ախպար են ասում, էդ չի նշանակում, որ դու էլ պիտի ախպար ասես», եւ Շերենցը տհաճությամբ նայեց Մարգունուն, մի քիչ մտածեց  ու անսպասելի ճչաց՝ «մեկ է՝ չի ստացվի», եւ Մարգունին ապշահար նայեց Շերենցին ու հարցրեց՝ «ի՞նչը չի ստացվի», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու Մարգունուն ասաց՝ «չես կրնա ինձ ու Լեւոնին կռվացնես», եւ մինչ Մարգունին ապշահար կնայեր Շերենցին, Շերենցը հաղթական ասաց՝ «ուրիշներն էլ են փորձ էրել, բայց չի ստացվել», եւ Մարգունին ապշահար նայեց Շերենցին ու ասաց՝ «էս մարդը լրիվ շառ ա», եւ Ռուբոն փռթկացնելով Մարգունուն ասաց՝ «ինքն էլ ա փոքր դերերի գծով», եւ Մարգունին մի քիչ մտածեց ու շիվարած ասաց՝ «չգիտեմ ինչ գծով ա, բայց խելքը լրիվ հետ ա տվել», եւ Արայիկը ծիծաղելով Շերենցին ասաց՝ «Մարգունին չի կարում քեզ ու Լեւոնին կռվացնի, բայց էս Ռուբոն քեզ ու Լեւոնին  լավ էլ կռվացնում ա», եւ Շերենցը  մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե մարդիկ  կռվելու սեր ու հավես չունենան, էդ մարդկանց ոչ մեկը չի կրնա կռվացնի» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով  ավելացրեց՝ «եթե Լեւոնն ու ես չուզենանք իրար հետ կռվենք, մեզի ոչ մեկը չի կրնա կռվացնի», եւ Ներսիսյանը ժպտալով Շերենցին ասաց՝ «ինձ ու քեզ իսկապես դժվար է կռվացնել», եւ Շերենցը խորամանկ ժպտալով ասաց՝ «որոշ մարդիկ  փորձեն գը» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց հաջողության չեն հասնի», եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «Ռուբոն լավ էլ հաջողության հասնում ա», եւ Շերենցը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ Արայիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «քեզ ու Մարգունուն կռվացնելու իմաստով», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե ես ու Վաղինակ եղբայրը կռվելու ցանկություն չունենանք, Ռուբոն չի կրնա մեզի կռվացնի», եւ Մարգունին թարս նայեց Շերենցին ու քմծիծաղով ասաց՝ «մառոժնիդ կեր՝ հանգստացի», եւ Շերենցը ժպտալով Մարգունուն ասաց՝ «մառոժնիս կերել՝ պրծել եմ» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «դու որ քնած էիր, մառոժնիս կերա պրծա», եւ Արայիկը ծիծաղելով Շերենցին ասաց՝ «կերար, բայց չես հանգստացել», եւ Մարգունին փռթկացնելով Արայիկին ասաց՝ «որ կես կիլո էլ ուտի, կարող ա հանգստանա», եւ Շերենցը մի քիչ մտածեց, նայեց Ռուբոյին ու փռթկացնելով ասաց՝ «էս մարդն ինչի՞ տեր է, օր կես կիլո էլ առնի»:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031