Լրահոս
Օրվա լրահոսը

«Կնոջը պետք է սեր, երջանկություն, ուշադրություն…». Ի՞նչ են ցանկանում կանայք

Մարտ 08,2013 17:34

«Առանց կնոջ՝ կյանքի արշալույսն ու վերջալույսը կլինեին անճար, իսկ նրա կեսօրը՝ անուրախ». Բոաստի խոսքերը վկայում են կնոջ կարևորության ու կնոջը գնահատել կարողանալու մասին, իսկ ի՞նչ է պետք հենց կնոջը՝ ուրախ լինելու համար, այն էլ մարտի 8-ին, երբ դրսում արև է, իսկ հոգում՝ տոն:

«Երբևէ նյութական ոչինչ չեմ ուզել, կնոջը պետք է սեր, երջանկություն, ուշադրություն, մայրանալու բերկրանք, – թվարկեց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն ու ավելացրեց, – Ես զգացել եմ դա, և մաղթում եմ նույնը բոլորին, կնոջ համար հենց դա է երջանկությունը»:

«Խելք», – Նունե Եսայանի կողմից հակիրճ մաղթանք՝ բոլոր կանանց: Իսկ ինքն իրեն երգչուհին առողջություն է մաղթում ու ասում. «Կարևորը դա է, մնացած ամեն ինչը խելքով կղեկավարեմ»:

«Շանթ» հեռուստաընկերության լրագրող Քրիստինե Ալագուլյանի համար սիրո, նվիրվածության, ներդաշնակության, հարգանքի արտահայտման գլխավոր ու մշտական արտահայտչամիջոցը եղել են անկեղծ նվիրված ծաղիկները. «Դրանք ինձ համար միշտ համարվել են սիրո, ուշադրության երևացող կողմը, մնացածը ինքս կանեմ», – ասում է նա: Ծաղիկների մեջ էլ իր տեղը չզիջող նախընտրություն ունի՝ սպիտակ ու դեղին վարդերը:

«Կցանկանայի, որ կանայք իրենց այնքան սիրված ու ուշադրության կենտրոնում զգան, որ այս օրը մոռնանան տոնի մասին, – ասում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, – իսկ ցանկացած կին մշտապես ուզում է ունենալ հնարավորություն իրեն զգալ թույլ և միաժամանակ պաշտպանված»:

Բլոգեր Իզաբելլա Աբգարյանն էլ ունի ամեն ինչ, բացի հանգիստ խղճից. «Կցանկանայի, որ այս տոնը դիմավորեի ոչ թե Ազատության հրապարակում պայքարելիս, այլ Ազատության հրապարակում միայն տոնելիս, – ասում է նա, – կինը սիրելու և սիրված լինելու կարիք ունի առաջին հերթին: Նաև՝ սեփական ներուժը լիարժեքորեն ռեալիզացնելու: Իսկ նյութական ոլորտից՝ ցանկացած նվեր, որն ի սրտե է՝ լինի այն մեկ ծաղիկ կամ իր երազած զգեստը»:

«Կնոջ համար լավագույն նվերը երջանկությունն է, – կարծում է դիզայներ Թերեզա Գալստյանը, – միայն երջանիկ լինելով է կինն իրեն կին զգում, մաղթում եմ բոլորին գտնել իրենց երջանկությունն ու ապրել ժպիտը հոգում»:

Բնությունը կնոջն ասել է` եղիր հմայիչ, եթե կարող ես, իմաստուն, եթե ուզում ես, բայց շրջահայաց դու պետք է լինես բոլոր դեպքերում: Շնորհավոր կանանց ու աղջիկների տոնը:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031