Մայրաքաղաքի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատում այսօր ավարտվեցին սամբոյի Հայաստանի պատանիների եւ երիտասարդների առաջնությունները, որոնց արդյունքներով առաջիկա օրերին կկազմավորվեն այդ տարիքային խմբերի հանրապետության հավաքական թիմերը, որոնք կնախապատրաստվեն ապրիլին Կիպրոսի մայրաքաղաք Լիմասոլում կայանալիք Եվրոպայի առաջնություններին:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը Aravot.am-ի հետ զրույցում ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնեց մասնակցությունից: «Երիտասարդների պայքարին մասնակցեցին անցած տարվա պատանիները, որոնք անցած մրցաշրջանում բավականին լուրջ ձեռքբերումների էին հասել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում՝ երկուսում էլ նվաճելով թիմային երրորդ տեղը եւ արժանանալով համապատասխան գավաթների: Այս առաջնությունը նրանց առաջին փորձությունն էր նոր տարիքային խմբում եւ շատերը իրենց լավ դրսեւորեցին: Ավելի բարձր մակարդակ, գուցե, պետք չէր սպասել, քանի որ նրանցից շատերը ներկայումս ծառայում են Հայոց Բանակում: Հասկանալի է, նրանք դիրքերում չէին կարող լիարժեք մարզվել: Մեզ մեծ ջանքերի գնով հաջողվեց նրանց բերել», – ասաց Լեւոն Հայրապետյանը: Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան Եվրոպայի առաջնությունից, ֆեդերացիայի նախագահը պատասխանեց. «Բնականաբար, անելու ենք ամեն բան՝ լավ մասնակցելու համար: Բայց Եվրոպայի առաջնության մեկնարկին շատ քիչ ժամանակ է մնում: Մարզիչները պետք է աշխատեն, այդ կարճ ժամանակում տղաներին հասցնել հնարավորին առավելագույն մարզավիճակի»: Պարոն Հայրապետյանը տեղեկացրեց նաեւ, որ հայաստանցի չորս սամբիստ հանդես է գալու ամռանը կազանում կայանալիք ուսանողական համաշխարհային խաղերում: «Նրանց անունները մոտավորապես արդեն հայտնի են», – ասաց Լեւոն Հարապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ