Կայացավ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար նախատեսված առաջին հայկական բլոգի շնորհանդեսը:
«Այսօր կանանց միջազգային օրն է և բացի այն որ այսօր տոն է և պետք է խոսենք գեղեցկության, լիարժեքության մասին, շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրներին »,- ասաց www.ikin.am կայքի խմբագիր Զառա Բաթոյանը:
Զառա Բաթոյանը ներկայացրեց կայքը ամենայն մանրամասնությամբ և նշեց, որ այն ստեղծվել է հաշմանդամ կանանց և աղջիկների աջակցությամբ և դրա նպատակն է հնարավորություն ընձեռել կանանց կիսվելու իրենց խնդիրներով և հաջողություններով, քննարկելու իրենց հուզող հարցերը և լուծումներ առաջարկել:
Զառա Բաթոյանը շարունակեց.- «Այսօր հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները ակտիվությամբ աչքի չեն ընկնում՝ ի տարբերություն տղամարդկանց, ովքեր ունեն նույն խնդիրները: Աղջիկները կրկնակի խոցելի են նախ իրենց սեռի, ապա նաև հաշմանդամության պատճառով»:
Կարդացեք նաև
Միջոցառմանը ներկայացվեց նաև «Ես ունեմ մայրանալու իրավունք» գրքույկը, որը թարգմանվել և հրատարակվել է «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կազմակերպության կողմից: Գիրքը ներկայացրեց «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց ՀԿ ղեկավար Կարինե Գրիգորյանը:
«Յուրաքանչյուր կին ունի երջանիկ լինելու իրավունք և ունենա իր ընտանիքը, զգա մայրանալու բերկրանքը: Այդ իսկ պատճառով մեր հասարակական կազմակերպությունը ձեռնամուխ եղավ այդ գրքի թարգմանությանն ու հրատարակմանը»,- ասաց Կարինե Գրիգորյանը:
Այն առողջության մասին ձեռնարկ չէ և չի տալիս ամբողջական տեղեկատվություն: Գիրքը պարունակում է ինֆորմացիա հաշմանդամության սոցիալական պատճառների մասին և օգնում է գտնել միջոցներ, որոնք կոգնեն փոխել հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ համոզմունքները:
Գրքում զետեղված է նաև տեղեկատվություն հղիության, սեռական դաստիարակության մասին, ինչպես կարող է հաշմանդամություն ունեցող կինը խնամել երեխային և նմանատիպ մի շարք տեղեկություններ: