Արցախում արձանագրված խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության արձանագրումից հետո, ՀՀ գյուղնախարարի համապատասխան գրության պահանջի համաձայն եւ 2013թ-ի փետրվարի 8-ի Սյունիքի մարզպետի որոշմամբ` մարզի Տեղ եւ Սյունիք համայնքներում դրվել են ժամանակավոր հսկիչ կետեր, վարակը Սյունիքի մարզ եւ Հայաստանի Հանրապետություն չներթափանցելու ուղղությամբ անհրաժեշտ հսկողություն սահմանելու նպատակով:
«Կարծում եմ շուտով հսկիչ կետերը կհանեն, քանի որ անհրաժեշտություն չկա: Աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը չի բուժվում, սա ուղղակի հսկիչ կետ է, որպեսզի դրսից միս չներմուծվի եւ վարակը չգա մեր մարզ: Դեպքեր են եղել, երբ փորձել են միս բերել այնտեղից, բայց ոչ թե վաճառքի համար, այլ` մի քանի կգ բարեկամի տուն տանելու համար, սակայն դա էլ է արգելվել»,- տեղեկացրեց Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Հրայր Հակոբյանը:
Նրա հավաստմամբ` մարզում այսօրվա դրությամբ խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության ոչ մի դեպք չի արձանագրվել: Խոզերի անկման դեպքեր վերջին ժամանակներս եղել են Կապանի տարածաշրջանի Ներքին Հանդ գյուղում, սակայն գյուղբաժնի պետը դա չի պայմանավորում նշված հիվանդության հետ:
«Ներքին Հանդում խոզերի անկման դեպքերը կապ չունեն վարակի հետ, այլ ձմեռվա կեսին 2-3 ամսական գոջիներն անասնագոմից դուրս հանելու արդյունք էր»,- ավելացրեց Հրայր Հակոբյանը:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ