«Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր կանանց, քույրերի, մայրերի, այրիների, սահմանամերձ գյուղերում ապրող կանանց տոնը և մաղթում նրանց համբերություն», – այսպես սկսեցին ասուլիսը «Արմատ» ակումբում հյուրընկալված Անհետ կորած ազատամարտիկների ՀԿ նախագահ, մայր Ռիմա Առաքելյանը, Զեյթուն ջոկատի անհայտ կորած ազատամարտիկի մայր Սամարա Գրիգորյանը և Արաբո ջոկատի անհայտ կորած ազատամարտիկի կին Ալվարդ Սահակյանը:
ՀԿ-ի հիմնական նպատակն է համախմբել զոհված ազատամարտիկների ընտանիքներին, օգնել, աջակցել հնարավորության սահմաններում: «Եվ, որ ամենակարևորն է՝ վառ պահել զոհվածների և անհայտ կորածների հիշատակը»,- նշում է Ռիմա Առաքելյանը: ՀԿ-ն համագործակցում է տարբեր պետական մարմինների և կազմակերպությունների հետ: ՀԿ-ի հանձնաժողովին կից կա նաև աշխատանքային խումբ, որը զբաղվում է ազատամարտիկների որոնման և վերադարձման աշխատանքներով:
Այսօր նրանք հիշում են իրենց տոները, երբ դեռ ողջ էին իրենց մտերիմները: Նրանք պատմում են, որ երբեք ուշադրության պակաս չեն զգացել: Այս օրը տիկին Ռիման նշելու է թոռների հետ, պատրաստելու նրանց սիրած կերակուրները: Տիկին Սամարան հրավիրված է մեծ որդու տուն՝ նշելու մարտի 8-ը, իսկ տիկին Ալվարդը երեխաների հետ միասին այցելելու է ամուսնու հայրական տուն: Ճիշտ է, նրանց բոլորի համար տոնն այսօր լիարժեք չէ, սակայն հպարտ են, որ իրենց երեխաները նահատակվել են սուրբ գործի համար:
Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ