«Այսօր բազում պետությունների ղեկավարներ շնորհավորում են Սերժ Սարգսյանին, ու, չգիտես ինչու, Րաֆֆին արձագանքել է այս ամենին: Անկեղծ ասած՝ ես չեմ հասկանում, թե ինչի համար է Րաֆֆին նեղանում այն պետությունների ղեկավարներից, որոնք ողջունում են Սերժ Սարգսյանի ընտրությունը»,- «Առավոտի» հետ զրույցում աաց ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Կիրակոսյանը՝ հավելելով, որ այդ մարդիկ իրենց պետական-ազգային շահերն են հետապնդում. գուցե պայմանավորվածություններ ունեն արդեն ձեռք բերած, ինչ-որ խնդիրներ ունեն համաձայնեցրած՝ տարածաշրջանի հետ կապված, եւ այդ առումով իրենց չի հետաքրքրում՝ «այս մարդն ազա՞տ ընտրությունների միջոցով է ընտրվել, թե՞ չի ընտրվել»: Իրենց համար կարեւորն իրենց շահերն այստեղ պահպանելն է. «Ամենեւին պետք չէ «նեղանալ» այդ պետությունների ղեկավարների շնորհավորանքներից: Ճիշտ կլինի գտնել այն բանալին՝ այն կեցվածքը, այն քաղաքականությունը, որը կբավարարի առաջին հերթին մեր ժողովրդին ու չի հակասի այլ պետությունների, գերտերությունների շահերին մեր տարածաշրջանում»:
«Առավոտ» օրաթերթ