Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին զրպարտող կեղծ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործով նոր առեղծվածային մանրամասներ են ի հայտ գալիս:
«Արին կապիտալ» ներդրումային ընկերության Մաշտոցի 33/1 շենքում բնակարան ստանալու համար վճարում կատարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդներից Լուսինե Գյուլխասյանի գործը, որն այս պահին քննվում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, բավական հետաքրքիր մանրամասներ է պարունակում, որոնք իրականում թաքնված են քրեական գործի նյութերում: Իսկ այս գործով, ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, ամերիկահայ գործարարի ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանին մեղադրանք է առաջադրվել, իբրեւ թե՝ հօգուտ Էդմոնդ Խուդյանի կատարված գործողությունների համար: Պարզվում է, որ, հակառակ այդ գործով իրականացված փորձաքննության արդյունքներին, վերոնշյալ մեղադրանքն առաջադրելը քննիչին պարտադրվել է հենց գործը վերահսկող դատախազ Արման Հակոբյանի ցուցումով: Իսկ դրանով, ինչպես ի սկզբանե հայտարարել են սփյուռքահայ գործարարի փաստաբանները, դատախազությունը հերթական անգամ պաշտպանության տակ է առել Վլադիսլավ Մանգասարյանին: Այս պահին ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբանների մոտ առկա են փաստաթղթեր, որոնք ապացուցում են ներկայացվածը: Բանն այն է, որ այս գործով նախաքննությունը վարած ՀՀ ոստիկանության կենտրոնականի քննիչ Կամո Ներսիսյանը ի վերջո կազմել է մեղադրական եզրակացություն, որով առաջին հայացքից անուղղակիորեն շոշափվում է ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի անունը, թեեւ նա ո՛չ որպես մեղադրյալ, ո՛չ էլ որպես կասկածյալ է գործում ներգրավված:
Մինչդեռ մեղադրական եզրակացությամբ իրականում անտեսվել են քրեական գործի փորձաքննությամբ ի հայտ եկած այն տվյալները, որոնք վեր են հանել իրականությունը:
Ի սկզբանե խարդախության փաստով հարուցված այդ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով քննիչը դեռեւս 2011թ. պարզել էր, որ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի անունից տնօրեն Էդուարդ Եսայանը 2007թ. դեկտեմբերի 6-ին նախնական պայմանագիր է կնքել շինարար Վլադիսլավ Մանգասարյանի եղբոր՝ Ռուբեն Մանգասարյանի հետ, որն էլ անմիջապես իրավունքի վաճառքի պայմանագրով բնակարանի նկատմամբ իր իրավունքը օտարում է իրական գնորդ Լուսինե Գյուլխասյանին:
Կարդացեք նաև
Հաջորդ օրը՝ HSBC բանկում, Լուսինե Գյուլխասյանն իր հոր, Էդմոնդ Խուդյանի, ընկերության հաշվապահի ներկայությամբ 37 մլն 200 հազ. ՀՀ դրամ գումարը հաշվել եւ հանձնել է Էդուարդ Եսայանին, որն էլ բոլորի ներկայությամբ գումարը մուտքագրել է ընկերության հաշվեհամարին, սակայն գնորդի հոր խնդրանքով Էդմոնդ Խուդյանը հաջորդ օրը ստացական է ստորագրել, որ գումարը ստացված է եւ գործարքն իրականացված է:
Քրեական գործով նշանակված փորձաքննությամբ, ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 1-ին տրված 21 թերթից բաղկացած փորձագիտական եզրակացության 20-րդ էջում հստակ արձանագրվել է, որ 07.12.2007թ. «Արին կապիտալ» ՍՊ ընկերության բանկային հաշվին, իրոք, մուտքագրվել է 37 մլն 200 հազար դրամը, որից 15 մլն 891 հազար դրամ՝ Ռուբեն Մանգասարյանի անվամբ, իսկ 21 մլն 309 հազար դրամը՝ Ղեւոնդ Ղալումյանի անվամբ: Այս պայմաններում դատախազի համար էլ պարզ էր, որ գործարքն ակնհայտորեն ի վնաս ընկերության միակ սեփականատեր Էդմոնդ Խուդյանի է եւ հօգուտ գումար չվճարած Ղեւոնդ Ղալումյանի ու Վլադիսլավ Մանգասարյանի եղբայր Ռուբենի Մանգասարյանի:
Մինչդեռ գործով դատախազ Արման Հակոբյանն արձանագրելով փորձաքննությամբ պարզված հանգամանքը, պարտադիր կատարման ենթակա ցուցում է տալիս քննիչ Կամո Ներսիսյանին՝ առաջադրել հետեւյալ բովանդակությամբ մեղադրանք.
«Էդուարդ Եսայանին մեղադրանք առաջադրել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ ծառայող՝ տնօրեն, իր կարգադրիչ լիազորությունները այդ կազմակերպության շահերին հակառակ եւ ընկերության սեփականատեր Էդմոնդ Խուդյանի օգտին է օգտագործել», այն է՝ քաղաքացի Լուսինե Գյուլխասյանից ստացած 37 մլն 400 հազ. դրամն առձեռն հանձնել է Էդմոնդ Խուդյանին, Լուսինե Գյուլխասյանին առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, ինչն էլ ծանր հետեւանքներ է առաջացրել վերջինիս համար:
Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը մեղադրանքի այս տեքստում ի սկզբանե մի միտում է տեսել՝ դատախազությունն ամեն գնով կհովանավորի խարդախ գործարքի իրական հասցեատեր Վլադիսլավ Մանգասարյանին եւ «Էդուարդ Եսայանը գործել է Էդմոնդ Խուդյանի օգտին» զրպարտիչ փաստի արձանագրմամբ դատավճիռ կկայացվի, այնուհետեւ այն կօգտագործվի Գյուլխասյանին եւ այլ խաբված գնորդներին իր դեմ ուղղելու համար, համոզված է նա:
Եվ, իրոք, գործը վերահսկող դատախազ Արման Հակոբյանը, ծանոթանալով փորձագիտական եզրակացությանը, ի վերջո, 2012 թվականի նոյեմբերի 21-ին տվել է ցուցում, որը տառացիորեն ներառում է ներկայումս առկա մեղադրական եզրակացությունը եւ որում, Գյուլխասյանի գումարները հօգուտ Մանգասարյանի եւ Ղալումյանի մուտքագրված լինելու պարագայում, զարմանալիորեն, Եսայանի գործողությունները բնութագրվում են որպես հօգուտ Էդմոնդ Խուդյանի:
Նույն ցուցումի մեջ դատախազը, անդրադառնալով Ռուբեն Մանգասարյանի եւ Արթուր Գալստյանի միջեւ բնակարանի վաճառքին, արձանագրել է Ռուբեն Մանգասարյանի ստահոդ ցուցմունքը, թե իբր Էդուարդ Եսայանն իրեն վճարած չի եղել 2007թ. մարտ-ապրիլ ամիսների շինանյութի 200 հազար ԱՄՆ դոլարը, ինքը պարբերաբար զգուշացրել է եւ չստանալով գումարը, 2010թ. սեպտեմբերի 23-ին, 70.000 ԱՄՆ դոլարի չափով պարտքի դիմաց բնակարանն օտարել է պարտատեր Արթուր Գալստյանին:
Այնինչ դեռեւս 12.06.2007թ. Էդմոնդ Խուդյանի, Ռուբեն Մանգասարյանի, Վլադիսլավ Մանգասարյանի եւ Էդուարդ Եսայանի միջեւ կնքվել է մի փոխադարձ ակտ՝ կապալառու Վլադիսլավ Մանգասարյանի եւ «Վ.Է.Ռ.Մ.» ընկերության տնօրեն Ռուբեն Մանգասարյանի կողմից փաստացի կատարած աշխատանքների արժեքը վճարելու եւ անավարտ աշխատանքները պատվիրատու Էդմոնդ Խուդյանին հանձնելու մասին: Ըստ այդմ՝ ակտը կողմերի կողմից ստորագրելու պահից ներկայացված հաշվարկները վերջնական են եւ փոփոխության ենթակա չեն: Եվ ակտը ստորագրելուց հետո կողմերը միմյանց որեւէ պահանջ ներկայացնել չեն կարող:
Ըստ սփյուռքահայ գործարարի փաստաբանների, «այսպիսով, հնարածին պարտքի առկայության վերաբերյալ իր ցուցմունքով, Ռուբեն Մանգասարյանը «մոլորության մեջ է գցել» նախաքննության մարմնին եւ դրանով փորձել է պատճառաբանել իր պահանջի իրավունքը, որի դիմաց էլ, իբր, հետագայում ձեռք է բերել Գյուլխասյանին հանձնման ենթակա բնակարանը»:
Սակայն այս մի հնարածին պարտքով չի սահմանափակվել Ռուբեն Մանգասարյանը: Նա խարդախության քողարկման նպատակով մեկ այլ կեղծ պարտքի ու պարտատիրոջ մասին էլ է հայտնում, որին, իբր, պարտքի դիմաց հանձնել է բնակարանը: Խոսքը Արթուր Գալստյանի մասին է, որի ցուցմունքը անհետացել է գործից: Վերջինս ցուցմունք է տված եղել այն մասին, որ Ռուբեն Մանգասարյանի եւ իր միջեւ բնակարանի կեղծ առուվաճառք է տեղի ունեցել, իրականում այդ գործարքը տեղի է ունեցել մի կողմից՝ բնակարանի իրական սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի, մյուս կողմից՝ Սեւակ Արզարունու միջեւ: Հետագայում էլ Արթուր Գալստյանն այդ բնակարանը անհատույց հանձնել է Արմեն Գալստյանի կողմից մատնանշված կեղծ գնորդի անվամբ: Հենց այստեղ է, որ պարզ է դառնում, որ Գյուլխասյանի բնակարանը իրականում տնօրինել է ոչ թե Ռուբեն Մանգասարյանը, այլ՝ նրա եղբայր Վլադիսլավ Մանգասարյանը: Իսկ Արթուր Գալստյանի եւ Ռուբեն Մանգասարյանի միջեւ որեւէ գումարային հարաբերություն չի եղել, այնինչ, ըստ գործի նյութերի, Ռուբեն Մանգասարյանը ցուցմունք է տվել, թե իբր բնակարանը Արթուր Գալստյանին է հանձնել վերջինիս հանդեպ ունեցած 70.000 ԱՄՆ դոլար իր պարտքի դիմաց, ինչն իրականությանը չի համապատասխանում: Եվ այդ սուտը հաստատված համարելու կապակցությամբ քրեական գործով տեղ են գտել մի շարք սուտ ցուցմունքներ բնակարանի իբրեւ թե երրորդ ձեռքբերող Գայանե Ստեփանյանի, իբր նրա ներկայացուցիչ Արմեն Գալստյանի, ինչպես նաեւ Ռուբեն Մանգասարյանի կողմից: Այս հակասական փաստերի առկայության պարագայում կազմված բոլորովին այլ բովանդակության մեղադրական եզրակացության վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ քրեական գործը վերահսկած եւ քննիչին ցուցում տված դատախազ Արման Հակոբյանից, որն այժմ անցել է այլ պաշտոնի եւ այս գործով մեղադրանքը պաշտպանող դատախազը չի հանդիսանում: Վերջինս, սակայն, հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ՝ խնդրելով բոլոր հարցերով դիմել գործով ներկա դատախազ Լեւոն Չարխիֆալակյանին:
Սփյուռքահայ ներդրողների
շահերի պաշտպանության
նախաձեռնող խումբ
«Առավոտ» օրաթերթ