ԱԺ նախկին պատգամավորը զգուշացնում է՝ «ժամանակն արդեն սկսում է աշխատել ի վնաս հարթակի, եւ լուծումներ է առաջարկում:
Այսօր, երբ հետընտրական գործընթացներն արդեն այլ փուլ են մտնում, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Կիրակոսյանն արձանագրում է, որ «տեմպ չկորցնելու» անհրաժեշտություն կա. «Ժամանակն արդեն սկսում է աշխատել ի վնաս հարթակի: Հարկավոր է հնարավորինս օպտիմալ օգտագործել այդ ժամանակը եւ կոնկրետ գործողություններին ուղղված ինչ-որ քայլեր անել»: Նախագահական ընտրությունների քվեարկությունից 10 օր անց Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Կիրակոսյանը մատնանշել էր մի քանի հիմնական դրույթներ, որոնք, ըստ նրա, պետք է հաշվի առնեն հարթակում կանգնած մարդիկ: Դրանցից մի մասը հաշվի առնվեցին, մի մասն անտեսվեցին: Այսօր, մեր զրուցակցի համոզմամբ, շատ կարեւոր է, որ քաղաքական ուժերը կարողանան հասարակությանը գաղափարներ մատուցել: Կընդունվե՞ն դրանք հասարակության կողմից՝ կորոշի հենց հասարակությունը, եւ հենց հասարակությունն էլ կորոշի այն մարդկանց, ովքեր այս ժամանակահատվածի համար իրեն ընկալելի, հասկանալի գաղափարները կիրագործեն: Իսկ այն պրակտիկ խնդիրները, որոնք կոնկրետ գործողություններ են ենթադրում, մեր զրուցակցի համոզմամբ, հենց այդ գաղափարների մեջ պետք է տեղավորվեն: «Պայմանական «հարթակը»՝ մարդկանց խումբը կամ խմբերը, որոնք ասելիք ունեն, արդեն պետք է ձեւավորած լիներ կամ դեռ ժամանակ ունի ձեւավորելու մի բարենպաստ դաշտ, որ ռեժիմին դեմ բոլոր ուժերը կարողանան իրենց ասելիքն ասել, մասնակցեն այդ գործին ու միավորվեն: Պետք է ստեղծվի մի վիճակ, որ հասարակությունում մի անտեսանելի գիծ լինի, ու հասարակության մեջ յուրաքանչյուր քաղաքացի սեփական որոշումն ընդունի՝ ինքը գծի ո՞ր կողմում է: Այդ գիծը որոշակի գիծ է, որ մեր հասարակությունը երկու անհավասար մասի է բաժանելու՝ ռեժիմ կոչվող փոքրամասնություն եւ ժողովուրդ»,- ասում է նախկին պատգամավորը՝ հավելելով, որ երբ խոսում ենք հակառեժիմային ուժերի միավորման մասին, դա բնավ չի նշանակում, որ բոլորը պետք է հավաքվեն ու մեկ հարթակում հանդես գան: Մի տարբերակն էլ այն է, որ տարբեր ընդդիմադիր ուժեր կարող են լինել տարբեր հարթակներում, բայց իրենց հարվածի վեկտորն ուղղված լինի մեկ կետի: Ու շատ կարեւոր է, որ հասարակությունը, մեր հանրությունը հասկանա, որ այս գործողությունները համաձայնեցված են:
Հաջորդ հիմնաքարային խնդիրը, որը, մեր զրուցակցի համոզմամբ, դարձյալ լուծում է պահանջում «հարթակում» կանգնածների կողմից, հետեւյալն է. «Իրենց ուղերձները պետք է լինեն հասկանալի ու շատ որոշակի, միանշանակ, որպեսզի հրապարակում հավաքվող, հեռուստատեսությամբ եւ մամուլով այս ամենին հետեւող հասարակության մոտ կասկածի տեղիք չտա: Մարդիկ որոշակի պատկերացում կարողանան կազմել, թե այդ մարդկանց ուզածն ի՞նչ է»: Արմեն Կիրակոսյանի համոզմամբ՝ ոչ պակաս կարեւոր է հանրությանը հասկացնել, որ սա «կարճաժամկետ կռիվ» չի եւ պահանջում է համբերություն, վճռականություն, հետեւողականություն, որը «հարթակում» կանգնածները պետք է կարողանան հաղորդել հասարակությանը. «Այս իմաստով ժամանակը չպետք է կաշկանդող հանգամանք լինի: Կարեւոր է, որ մարդիկ հասկանան՝ բռնած ճանապարհը ճիշտ է, ու վաղ թե ուշ հասարակության ձեւակերպած խնդիրները լուծվելու են»: Իբրեւ այս ամենն ամբողջացնող քայլ՝ մեր զրուցակցի պատկերացմամբ, «հարթակը» պետք է ներկայացնի «մտադրություների հռչակագիր», որի իմաստը լինելու է «բաժանարար գծի» որ կողմում լինելու ընտրությամբ ազատվել գործող ռեժիմից: «Հռչակագիրը» պետք է բաց լինի քաղաքական եւ հասարակական կառույցների համար. «Դրան միացող եւ չմիացող ուժերը կարող են գործել եւ ԱԺ-ում, եւ հրապարակում, եւ բազում այլ հանրային միջոցառումներում: Նման հռչակագիրը մեկ խնդիր է լուծելու՝ որոշակիություն եւ կոնկրետություն է մտցնում լուծելիք խնդիրների մեջ, ցույց է տալիս հիմնական ճանապարհը, որով պետք է «հարթակը» շարժվի, եւ եթե այն հավանության է արժանանում հանրության կողմից, ապա մնում են տեխնիկական խնդիրները՝ թե ինչպես իրականացնել: Իրականացնելու ամենալավ տարբերակը, մասնավորապես, այն է, որ պետք է մեկ միասնական ճակատով հանդես գալ բոլոր տեսակի արտահերթ եւ հերթական ընտրություններում՝ լինեն դրանք նախագահական, խորհրդարանական, թե ՏԻՄ: Հարկավոր է բոլոր հնարավոր պայմանները ստեղծել բոլոր մակարդակներում՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար»: Այս համատեքստում նախկին պատգամավորը ողջունում է Երեւանի ավագանու ընտրություններին միասնական մասնակցելու ՀԱԿ համակարգողի նախաձեռնությունը, որի մասին ավելի վաղ խոսել էր նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը. «Ես ուրախ կլինեմ, որ շատ ավելի մեծ քանակությամբ ուժեր սատարեն այդ գործին: Համոզված եմ, որ այդ դեպքում իշխող ռեժիմը միայնակ է մնալու, իսկ դա իր համար մի վիճակ է, որ հայտնվելու է ցունգցվանգի մեջ: Բոլոր այն քայլերը, որոնք կիրականացնի ռեժիմը, հենց իր դեմ էլ կուղղվի՝ լինի դա ռեֆորմ, թե սեփական ռեժիմը պաշտպանել»:
Նկատենք, որ այդ առիթով Aravot.am-ի հետ զրույցում խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների՝ ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգության» ներկայացուցիչները ողջունել էին Երեւանի ավագանու ընտրություններում միասնական հանդես գալու գաղափարը՝ նշելով, որ այդ մասին դեռ հստակ կուսակցական որոշումներ չկան: Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ասել էր, որ Երեւանի ավագանու մասնակցության ձեւաչափ ԲՀԿ-ում դեռ չի քննարկվել՝ ձեռնպահ մնալով հարցի վերաբերյալ սեփական կարծիքը հրապարակելուց, քանի որ այս դեպքում այն որոշիչ չէ:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ