Լրահոս
Օրվա լրահոսը

Թերեւս՝ պակասող օրը

Մարտ 08,2013 14:44

Այսինքն թե՝ օր, որը նույնիսկ Աստծուն պակասեց՝ աշխարհն ու մարդուն ավելի կատարյալ ստեղծելու համար, քանի որ վեցօրյա Արարչությունից հետո Աստված հոգնեց եւ թույլ տվեց իրեն հանգստանալ: Եվ եղավ այնպես, որ պակասող օրը բարեհարդար ճամփա բացեց մանրուքների համար եւ hետին պլան մղեց կարեւորը:

Ինչպես որ չեղավ այն հրաբուխը, որ իր խորքերից գանձեր էր աշխարհ հանելու, այլ շարունակ դուրս ժայթքեց միայն ցեխաջուրը, որ իր մեջ առնելով՝ գունազրկեց, ծածկեց կատարյալը, ծածկեց վսեմը եւ հոսեց մեզ վրա, ու մենք սկսեցինք մառախուղ շնչել՝ կորցնելով իրար:

Միեւնույնն է, մարդը մենակ է,- մտածում էի ես՝ փորձելով խարույկ վառել, չնայած, որ աշխարհն ամեն գարուն ջահելանում է եւ աշնանամուտին դարձյալ թոշնում չորացող մրգի նման: Այնինչ, ամեն առավոտ արեւի լույսի հետ հայտնվում է այն հույսն ու ներշնչանքը, թե հնարավոր է ամեն բան փոխել, ամեն ինչ սկսել նորից եւ մեկընդմիշտ հեռացնել քեզանից այն, ինչը քեզ դժբախտացնում է: Սակայն ամեն օր նորից ու դարձյալ մենք համոզում ենք մեզ, որ պահն այդ գոյություն չունի, եւ որ, միեւնույնն է, բոլոր օրերը միանման են եւ չեն տարբերվելու իրարից:

Բայց նա, ով ուշադիր է եւ ուզում է ճանաչել այդ խորհրդավոր պահը, կզգա Մեծ Լռությունը, ինչպես որ անցյալի կորցրած բանալու զրնգոցը հիշող մարդը:

Դժվարությամբ, սակայն խարույկը բռնկվեց: Կրակի բոցերը փարվում, եղբայրանում էին ու միասին բարձրանում վեր:

Մի հին, կոճղակերպ փայտ, սակայն, ոչ մի կերպ չէր բռնկվում: Ասացի՝ իզուր, իզուր ես հապաղում. մենք բոլորս էլ մի օր վառվում ենք, ամեն մեկս՝ իր կրակով:

Դու քո կրակի տերն եղիր,- ասացի, եւ զարմանալի բան՝ կոճղը սկսեց բոցկլտալ, կրակազօծվեց ոսկեգույնով, ինչպես պակասող օրվա այն հրաբուխը, որ պիտի գանձեր հաներ ներսից:

Եվ ես նայելով կրակին՝ իմ մեջ լսեցի այն երեխայի ձայնը, որը ես էի, եւ ով մինչեւ հիմա ապրում է իմ մեջ ու ամեն անգամ զարմանում, թե ինչ է կրակը. վառվում է՝ սպանելո՞վ, թե՞ ինքնասպան է լինում:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչպես հասկացա, այսօր տեր-գուլանյանը հանդես է գալիս որպես՝ կրակապաշտ:
    Այսօրվա մարտի 8-ի առթիվ ուզում եմ շնորհավորել նաև մերուժանին, այն կանանց հետ միասին,
    ովքեր նորմալ մարդկանց գիտակցության մեջ զուգորդվում են հետևյալ ֆրազով,՝ ,, դե կընիկա էլի,,:
    Ասածս երբեք չի վերաբերվում այն վեհ և բարձր արժանիքներով կանանց, ովքեր,՝ և հազար, և հարյուր հազար տղամարդու արժեք ունեն:

  2. Աստվածատուր says:

    Մերուժի գրողական գլխավոր սկզբունքն է` որքան քիչ հասկանալի, այնքան տաղանդավոր ես երևում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031