Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է պատճառը, որ ԵՊՀ-ն հիմա վերածվել է մի ամորֆ կառույցի

Մարտ 08,2013 14:00

Այսօր երբ սովորականի նման աշխատանքի էի գնում մի ուշագրավ փաստի ականատես եղա: Ավտոբուսի կանգառում մի շատ պատկառելի անձնավորություն էր սպասում հերթական երթուղուն: Իհարկե մեքենայի միջից դժվար էր նրան ճանաչելը, բայց լարելով ուշադրությունս, տեսա մեր Համալսարանի Հյուսիսային մասնաշենքի տնօրենն է: Առաջին հայացքից թվում է, թե ոչ մի զարմանալի բան այստեղ չկա: Մարդը սպասում է ավտոբուսի` աշխատանքի գնալու համար: Սակայն ավելի խորհը մտածելով ակամայից մտքերս տեղափոխվեցին Հայաստան, հատկապես ներկայիս Հայաստան` իր անցուդարձով և հետընտրական այս թոհուբոհի մեջ թաղված:

Պարզեցնեմ միտքս. Միչիգանի Համալսարանի Հյուսիսային մասնաշենքը ընդգրկում է մոտավորապես 200 շենք և շինություն ու նրա տնօրենն էլ ճանաչված գիտնական է, ղեկավար` որի տնօրինության տակ մոտ 500-ից ավել լաբորատորիա կա ու մոտ 5000 աշխատող: Ունենալով այսպիսի բարձր պաշտոն և ինչու չէ, լինելով ճանաչված գիտնական, նա բոլոր մարդկանց նման սովորական ավտոբուսով է աշխատանքի գնում:

Իսկ ինչպիսին է իրավիճակը մեզ մոտ: Համեմատության եզրեր անգամ չկան: Մեզ մոտ ամենացածր պաշտոնյան անգամ իրեն թույլ չի տա ավտոբոսով երթևեկել, էլ չեմ խոսում այն մասին, որ պարզվում է, ամեն մեկը կարող է իր զորքն էլ ունենալ:

Անդրադառնամ վերջին շրջանի դեպքերին, օրինակ “Ախալքալակի հայտնի զորքի հրամանատարին” նրա կեցվածքին ու արտահայտություներին, կամ Համալսարանի պաշտոնական տեսակետին այդ հարցի հետ կապված: Ուղղակի զարմանալի է, երբ սույն անձնավորությունը այդպիսի խայտառակ, մեծ աղմուկից հետո դեռ աշխատանքից չի ազատվել: Այդ նորահայտ գիտնականը, որն ըստ մամուլի տեղեկությունների անցած տարի է պաշտպանել իր թեկնածուական թեզը և, պարզվում է, արդեն մոտ 60 գիտական աշխատություն է տպագրել (երևի թեզիսիկների տեսքով Ավշար գյուղում հրավիրված միջազգային կոնֆերանսի ժամանակ) իրեն իրավունք է վերապահում որոշելու, թէ ուսանողը միանա կամ չմիանա դասադուլին:

Ես ամենևին չեմ ցանկանում պաշտպանել դասադուլավորների և ոչ ել դասադուլից հրաժարվող ուսանողների շահերը: Ուղղակի փաստն է հետաքրքիր: Վերջիվերջո, կարծես թե անցել ենք կրեդիտային համակարգին ու էական չէ, թէ ուսանողը ինչպես կպատրաստվի, կամ որտեղ, որևէ սրճարանում նստած, կանգնած, թե պառկած ինչպես այստեղ շատ ընդունված է: Կամ գուցե ուսանողը գերադասում է լսել ներկայիս “աղջիկների սիրահար գիտական տիտանի” դասախոսությունները:

Մյուս կողմից ինձ զարմացնում է Համալսարանականների լռությունը այս հարցի հետ կապված: Իհարկե դասախոսների մի փոքր հատված արտահայտվեցին ու ես իսկապես հարգում եմ այդ մարդկանց խիզախ կեցվածքը: Սակայն ո՞ւր են մեր մյուս ճանաչված, հարգված, մրցանակակիր, շքանշանակակիր գիտնականները, վաստակավոր գործիչները, արտիստները, գրողները և այլք: Այս սահմռկեցուցիչ անտարբերությունը կամ վախը իսկապես մտածելու տեղիք են տալիս:

Այստեղ խոսքս նույնիսկ չի վերաբերում այդ ականավոր երիտասարդի պահվածքին, ինչքան որ ընտրություններին և դրա հետ կապված հետընտրական զարգացումներին:

Լինելով հեռվում՝ ես ինձ իրավունք չեմ վերապահում հստակ կարծիք հայտնել ընտրությունների իրական պատկերի մասին: Սակայն նույնիսկ ամենապարզ ինֆորմացիան սոցցանցերի կարծիքները, անձնական հարցումները ցույց են տալիս, որ պատկերն իսկապես նույնն է, ինչ որ մենք ունեինք անցած ընտրությունների ժամանակ:

Ինչպես շատ դիպուկ նկատել է «Առավոտի» հարգարժան խմբագիրը՝ մենք դրսում, թեկուզև ժամանակավորապես աշխատող հայերս, չպետք է մեզ իրավունք վերապահենք խորհուրդներ տալ հեռվից: Սակայն աղմուկ բարձրացնել, կամ չխոսել մեզ հուզող հարցերի շուրջ մենք իրավունք չունենք:

Ի՞նչն է պատճառը, որ Երևանի Պետական Համասարանը, որն առաջին ճակատում  էր Ղարաբաղյան շարժման տարիներին, որի գիտխորհուրդի որոշումները անբեկանելի էին նույնիսկ Հայաստանի Կոմունիստական կուսակցության համար, հիմա վերածվել է մի ամորֆ կառույցի: Ինչպես ռուսական ասացվածքում է ասվում. մեզ չի վերաբերվում, մեր տունը անկյունում է: Ինչո՞ւ միայն իմ կողմից շատ սիրված երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանն է (և էլի մի քանիսը) իրերն իրենց անունով կոչում: Ի՞նչն է պատճառը, որ կարերիստների մի ամբողջ բանակ` ուսխորհուրդների անվան տակ  կարող են ճնշել ուսանողական ազատ միտքը, շարժումը:

Այլևս իրավունք չունենք լռելու, այլապես… Այլապես ի՞նչ, կհարցնեն շատերը:

Պատասխանը թողնում եմ Ձեզ…

Արա Կիրակոսյան

Միչիգանի Համալսարան, ԱՄՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Մեկնաբան says:

    «…մենք դրսում, թեկուզև ժամանակավորապես աշխատող հայերս, չպետք է մեզ իրավունք վերապահենք խորհուրդներ տալ հեռվից…»

    Ես այս տրամաբանությունը չեմ հասկանում: Իսկ ո՞վ իրախունք ունի խոսելու: Ու ես այնպես եմ տեսնում, որ ոմանց կարծիքով ներսում ապրողների մեծ մասն էլ իրավունք չունի խորհորդներ տալուշ պահանղներ ներկայացնելու կառավարողներին կամ էլ դժքոհ լինելու:

    Ես ուզում եմ հասկանալ այդ ու՞մ խորհուրդն է արժեքավոր ներսում ապրող ամենագետերի համար:

    Ճիշտ եմ հասկանում, որ դրսում ապրողը պիտի տրասնֆերները ուղարկի ու ձայնը կտրի: Դրսի ապրողն ի՞նչ իրաունքներ ունի ընդհանրապես:

    Արդյոք ներսի ապրողի դրսի ապրողի ձայնը կտրել տալը «մենք քեզնից պակասը չենք» գոռոզամտության հերթական դրսևորում չի՞:

  2. Մեկնաբան says:

    Ներողություն վրիպակներիս համար:

  3. Ara Kirakosyan says:

    Հարգելի Մեկնաբան,
    Մենք խոսելու իրավունք ունենք և նույնիսկ պարտավոր ենք: Սակայն դրսից խուհուրդ տալն արդեն ճիշտ չի ընդունվում հասարակության կողմից: Մարդիկ ուղղակի ճիշտ չեն ընկալի, թեկուզև միայն այն պատճառով, որ խոսելու փոխարեն արի և պայքարի, ինչպես Վարդան Պետրոսյանը: Հարգանքներս,
    Արա Կիրակոսյան

  4. Մեկնաբան says:

    Հարգելի Արա,

    Նախ թույլ տվեք Ձեզ հայյտնել իմ բարեմաղթանքներն ու ընդհանրությունը: Ավելի քան տասը տարի առաջ ես ել էի դասավանդում Ձեր վերը նկարագրված մասնաշենքում: Այդ տարիները համարում եմ կարևոր և անցումային տարիներ ինձ համար: Մաղթում եմ Ձեզ հաջողություն:

    Ես շատ լավ ծանոթ եմ Հայաստանյան հասարակության կողմից դրսի դիտողություններրի ու անգամ խորհուրդների բացասական ընկալմանը: Ես դա գնահատում եմ որպես բարդույթների մեջ խեղդված ու ճահճացած ու արժեք չստեղծող գոռոզամիտ պահանջարկային մշակույթի դրսևորում: Մշակույթ, որը պատվանդանին է դրել ցուցամատը դեպի երկինք պարզված բրունցք: Մի առիթով գրել եմ, որ այս մշակույթի կոռումպացիայի սկիզբը դրված է «մենք քիչ ենք բայց հայ ենք» մշակույթ քանդող ու ժողովուրդ բարոյազրկող բանաձևի հեղինակի կողմից:

    Կարող եմ երկրորդել Ձեր դիտարկումները ու վկայել, որ ամեն օր մետրոյով աշխատանքի եկող միլիոնատերերի եմ ճանաչել Նյու Յորքում: Իսկ այս ճահճացող մշակույթում ամեն մի «Բազազ Արտեմ» կայսեր հավակնություններ ունի: Դա արի ու իրենց խորհուրդ տուր՝ առավել ևս դիտողություն արա:

    Ես ուզում եմ Ձեզ հարցնել, եթե Ձեր անձնական միջավայրում որևէ մեկը կողքինի խորհուրդն ու դիտուղությունը լսելու ընդունակությւոն չունի, առավել ևս ընդվզում է դրանց դեմ, Դուք նրան ինչպե՞ս եք որակավորում:

  5. Մեկնաբան says:

    Իսկ «խոսելու փոխարեն արի ու պայքարիր» ասողին, որ որպես կանոն դրսի օգնության շնորհիվ է իր գույությունը պահպանում, ու եթե դուրս գնացողները չլինեին, հաճախ ընտանիքների քանդվելու հաշվին, այդ գոռոզամիտնը անդհանրապես խոսելու հնարավորությունը չէր ունենա, պետք է պարզապես ասել, «երախդ փակիր, լպիրշ»:

    Պարզվում է Հայաստանը բոլորինն է, երբ օժանդակույւոն է պետք ստանալ, բայց խոսելու իրավունք ունի միայն ներսի սպառողը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031