Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյան. «Ուժեղ տղամարդու սինդրոմը բիրտ ուժի հետ է ասոցացվում» (Տեսանյութ)

Մարտ 08,2013 13:52

«Ընտրական թոհուբոհին մասնակցում էին թե կանայք, թե տղամարդիկ եւ թե արվեստագետները, հետեւաբար` հասարակությունը պետք է պահանջի, որ ցանկացած մարդ ելույթ ունենալուց եւ հայտարարություն անելուց առաջ անկախ սեռից պարտավոր է հարգել դիմացիններին»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Նրա դիտարկմամբ` ժամանակն է, որ Հայաստանն անցնի հումանիստական սկզբունքների. «Սովորաբար կանայք ասում են, որ, օրինակ, հօգուտ տղամարդկանց են քվեարկել ընտրությունների ժամանակ, որովհետեւ կանանց ներշնչել են, թե նրանք ի վիճակի չեն իրենց հարցերը լուծել: Բայց հիմա այլ է` կինը պետք է հույսը դնի տղամարդու վրա, սակայն գործն ինքն անի»:

ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն ասաց, որ դեմ է կին-տղամարդ հակամարտություններին. «Նորմալ հասարակության մեջ կանայք պետք է ցանկություն ունենան, որ տղամարդիկ ուժեղ լինեն: Նրանք ոչ թե պետք է ուզենան հավասարվել տղամարդկանց, այլ ամեն ինչ անեն, որ իրենց կողքին ուժեղ տղամարդ լինի: Իրականում բնությունը կնոջն այդպիսին է ստեղծել, հետեւաբար պետք չէ ներդաշնակությունը խախտել: Առհասարակ, մոր եւ կնոջ հանդեպ հարգանքը միշտ էլ կա»:

Իսկ Անուշ Սեդրակյանի դիտարկմամբ. «Ուժեղ տղամարդու սինդրոմը բիրտ ուժի հետ է ասոցացվում, մինչդեռ բիրտ ուժից պրոֆեսիոնալիզմի պետք է անցնել»:

Ինչ վերաբերում է քաղաքականության մեջ կնոջ դերին, տիկին Սեդրակյանն ասաց. «Կինը քաղաքականության մեջ պետք է ձգտի առավելագույն պրոֆեսիոնալիզմի, դա քաղաքականության պարտադիր պայմանն է: Գնալ ընտրության միայն նրա համար, որ կին ես, պրոֆեսիոնալիզմ չէ: Զուտ գենդերային մասնակցությունն ուղղակի արհամարհանք է հենց կնոջ հանդեպ»: Իսկ Կարինե Աճեմյանի համոզմամբ` քաղաքականության մեջ խելացի եւ կազմակերպված կանայք են պետք:

Անդրադառնալով խորհրդարանում Զարուհի Փոստանջյան-Շուշան Պետրոսյան եւ նմանատիպ այլ վիճաբանություններին, Անուշ Սեդրակյանն ասաց. «Կանանց բացասական էմոցիաները իրավունք չունեն մտնել քաղաքականություն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Դեմագոգիայի էժան դրսևորում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031