Մայրաքաղաքի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում այսօր ավարտվում է հայկական բասկետբոլի երախտավորներ, միջազգային կարգի սպորտի վարպետ Վիտալի Զաստուխովի եւ սպորտի վարպետ Ջեմմա Իսրաելյանի միջազգային ավանդական պատանեկան հուշամրցաշարը:
Մրցաշարին մասնակցում են տղաների եւ աղջիկների թիմեր Հայաստանից, Վրաստանից եւ Ղազախստանից: Բացման արարողությունից հետո ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց Aravot.am-ի հարցերին:
– Պարոն Ռոստոմյան: Դուք երկար տարիներ հանդես էք եկել Հայաստանի հավաքականի կազմում: Վիտալի Զաստուխովի խաղը տեսե՞լ էք:
– Երբ Վիտալի Զաստուխովը խաղում էր, նրա փայլուն մրցելույթների տարիներին, կարելի է ասել՝ ես դեռ չէի ծնվել: Սակայն մանուկ հասակում միշտ լսել եմ նրա մասին պատմությունները, տեսել լուսանկարներն ու ժապավենները: Իսկ ավելի ուշ նրա հետ ծանոթանալու եւ անձամբ ճանաչելու պատիվ ու բարեբախտություն եմ ունեցել: Հիշում եմ, երբ խաղում էինք Իրանում, նա այնտեղ մարզիչ էր աշխատում: Նրա մեկ խորհուրդը, նախադասությունը, բառը, կարող էին մի ամբողջ խաղի ելք փոխել: Նա ոչ միայն լավ մարզիկ էր ու լավ մարզիչ, որ հաճախ չի լինում, այլեւ լավ մարդ, լավ ավագ ընկեր, լավ հայ ու ընտանիքի լավ հայր: Նա կարողանում էր յուրաքանչյուրի հետ խոսել նրան հասկանալի եւ ընդունելի լեզվով:
– Հիմա դուք Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն էք ու հաճախ էք շփվում արտասահմանի ձեր գործընկերների հետ: Վիտալի Զաստուխովին հիշո՞ւմ են եւ ի՞նչ են պատմում նրա մասին:
– Հայաստանում տղամարդկանց բասկետբոլը, համեմատած կանանց հետ, այնքան էլ հարուստ ավանդույթներ չի ունեցել: Բայց մեր տղամարդկանց բասկետբոլն աշխարհին ու Եվրոպային տվել է Արմենակ Ալաջաջյանի, Վիտալի Զաստուխովի նման աստղեր, որոնք փառք են բերել հայկական բասկետբոլին: Որտեղ էլ որ եղել եմ, Զաստուխովի հետ նույն կամ մրցակից թիմերում հանդես եկած ավագ տարիքի բասկետբոլիստները նրան հիշում են որպես անկրկնելի վարպետության տեր բասկետբոլիստի: Վիտալի Զաստուխովը բասկետբոլիստի համար բարձրահասակ չէր: Սակայն նրա՝ գնդակին տիրապետելու արվեստը, սրընթաց անցումները, ճշգրիտ փոխանցումները անլուծելի խնդիրներ էին ցանկացած մրցակցի համար: Վիտալի Զաստուխովն աշխարհին ու Եվրոպային հայտնի էր հատկապես իր հեռվից նետումներով, որի դեմ պայքարելը, պարզապես, անհնար էր՝ անկախ դիմացինի հասակից: Նրան բոլորն էլ հիշում են որպես մեծ մարզիկի, թիմակցի ու հրաշալի մարդու: Վստահ եմ, որ եթե այն տարիներին գործեր 3 միավորանոց նետումների օրենքը, նա եզակի արդյունավետություն կունենար ու անհամեմատ ավելի մեծ ճանաչում:
– Իսկ Ջեմմա Իսրաելյանի մասին ի՞նչ կասեք:
– Տիկին Ջեմման եւ նրա սերնդի մեր բասկետբոլիստուհիներն անգնահատելի ավանդ ունեն Հայաստանում կանանց բասկետբոլի կայացման ու զարգացման գործում: Նրանք կարողացան փոխել այն ժամանակվա կարծրատիպը: Նկատի ունեմ այն, որ այնքան էլ ընդունված չէր, որ կինը կիսավարտիքով ներկայանար հասարակությանը: Բայց նրանք իրենց փայլուն մրցելույթներով դրեցին կանանց բասկետբուլի ամուր հիմքերը, որի արդյունքում եկավ հաջորդ սերունդը եւ ստեղծվեց Աբովյանի «Հատիս» լեգենդար թիմը, որը փայլեց ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ում, այլեւ Եվրոպայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ