Լրահոս
Օրվա լրահոսը

Շուտով: ՀԱԿ-ը կդառնա կուսակցություն

Մարտ 08,2013 12:33

Ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի առայժմ բարոյական հաղթանակն ու էդ հաղթանակի հետ կապված իրադարձությունները հնարավորինս խանգարեցին, որպեսզի հայ քաղաքականամերձ հասարակությունն իր ուշադրությունը սևեռի հետաքրքիր ու էական մեկ այլ իրադարձության վրա. հետընտրական ամենաթեժ օրերին Հայ ազգային կոնգրես կոչվող շարժումը վերածվեց նույնանուն կուսակցության. ընդ որում` ոչ թե պարզապես կուսակցության վերածվեց, այլ, փաստորեն, գրավեց ՀՀՇ-ի տեղը` ՀՀՇ-ից վերցնելով ամեն ինչ` բացի անունից, որն արդեն որևէ մեկին հարկավոր չի`բացի Արարատ Զուրաբյանից, ով արդեն հայտարարել է, որ եթե ՀՀՇ-ն վերացնեն, ինքը նոր ՀՀՇ կհիմնադրի: Սպասենք ու հուսանք:

Ասացինք, որ ՀԱԿ կուսակցության հիմնադրման օրերին հայ հասարակությունը Րաֆֆի Հովհաննիսյանով էր զբաղված, և ՀՀՇ-ի էդ արտահերթ ու վերջին համագումարն առանձնապես ուշադրության չարժանացավ, և դա, ըստ ամենայնի, ՀԱԿ կուսակցության նախաձեռնողների սրտով էր, որովհետև ուշադրության արժանացնողներն ու համագումարին անդրադարձողները հիմնականում բացասաբար էին վերաբերվում ՀԱԿ-ի` կուսակցություն դառնալու փաստին:

Ես ճիշտ հակառակ կարծիքին եմ: Գովելի է, որ ՀԱԿ-ն իր այս քայլով, փաստորեն, առանց որևէ սեթևեթանքի արձանագրեց, որ Հայ ազգային կոնգրեսը դադարել է շարժում ու կուսակցությունների դաշինք լինելուց և հետայսու կուսակցություն է հանդիսանալու:

Ժամանակին ՀՀՇ-ն էլ էր շարժում, և ութսունիննին միանգամայն անսպասելի ու հանկարծակի վերածվեց կուսակցության: Բայց դա միանգամայն այլ դեպք էր: Այն ժամանակ ՀՀՇ-ն չէր դադարել շարժում լինելուց և կուսակցության վերածվելով ու շարժումը վերացնելով` ինքը իրեն կուսակցականացրեց ու իր նշանակությունն ակնհայտորեն նվազեցրեց: Այդ կերպ, փաստորեն, Հայոց համազգային շարժումը վերածվեց ՀՀՇ-ի և այդ կերպ գցվեցին «գեղի կլուբի » և «աղանդի» հիմքերը: Կուսակցություն դառնալուց ի վեր ՀՀՇ անվանումը մեր հասարակության մեջ հիմնականում բացասական վերաբերմունք է առաջացնում:

ՀԱԿ-ի դեպքը միանգամայն այլ է: ՀԱԿ-ը կուսակցություն դառնալով` արձանագրեց արդեն տեղի ունեցած իրողությունը, ընդ որում` միանգամայն շտապողաբար արձանագրեց, որովհետև ժամանակ չկար, և Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ հետընտրական իրադարձություններն արդեն սկսել էին առաջանալ ու ձևավորվել: Եվ որպեսզի այդ սկսված իրադարձություններին ՀԱԿ-ն այս կամ այն կերպ մասնակցություն ունենար կամ արձագանքեր, նախ պիտի փոխակերպվեր ու նոր կերպարանք ձեռք բերեր, որովհետև ՀԱԿ դաշինքն իր մնացորդներով արդեն իբրև դաշինք ու շարժում չէր ընկալվում, և, ըստ ամենայնի, Րաֆֆիի շուրջ ծավալվող իրադարձություններին միանալու (կամ չմիանալու ) դեպքում է՛լ ավելի կմասնատվեր և կտրոհվեր, և, իմ կարծիքով, էդ հանգամանքներն էին պատճառը, որ ՀԱԿ-ը, բացառիկ շտապողականություն հանդես բերելով, ինքնահռչակվեց կուսակցություն` դրանով իսկ բազմաթիվ ու նորանոր հարցեր ու հարցականներ հրամցնելով, որոնցից հիմնականն ու գլխավորը հետևյալն է. հետայսու ի՞նչ կարգավիճակով են հանդես գալու դեռևս ՀԱԿ դաշինքից չհեռացած ՀԺԿ-ն, հնչակներն ու մյուսները: Այսինքն, ՀԱԿ-ը միաժամանակ և զուգահեռաբար հանդիսանալու է դաշինք և կուսակցությու՞ն:

Համաձայնելով, որ Հայաստանի քաղաքական դաշտում ամեն ինչ է հնարավոր, ուզում եմ կասկածել, որ դա երկար կյանք կունենա: Բայց եթե այդ խնդիրը նախկինում կաորող էր անհանգստություն պատճառել ՀԱԿ ղեկավարությանը, հիմա արդեն ՀԱԿ-ը կարող է հանգիստ շունչ քաշել` ապավինելով արդեն ինքը իրեն: Ավելին. հիմա արդեն ՀԱԿ դաշինքում ընդգրկված կուսակցություններն իրենց ավելորդ կզգան` հետայսու անաղմուկ ու սուսուփուս լքելով ՀԱԿ-ը: Ասվածն առաջին հերթին վերաբերում է Դեմիրճյանի ՀԺԿ-ին, որը վերջին տարիներին ՀԱԿ-ի կազմում գոյատևելով` ավելի դիմազրկվեց, քան նույնիսկ` ՀԱԿ-ում ընդգրկված մեկ կամ երկու հոգանոց կուսակցությունները: ՀԺԿ-ն արդեն դժվար թե կարողանա վերականգնել իր հեղինակությունը, մանավանդ որ` ոչ ֆինանսական իմաստով է հզոր և ոչ էլ ժամանակակից քաղաքական տեխնոլոգիաների իմաստով:

Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած պատկառելի քանակությամբ նախագահական քվեները ցույց տվին, որ, այնուամենայնիվ, Հայաստանի ընտրություններում փողը չի ամեն ինչ որոշողը, և կուսակցություններն ու քաղաքական գործիչները քաղաքական տեխնոլոգիաների առումով բավական մեծ ասպարեզ ունեն, և դա առաջինը ՀԱԿ-ը զգաց ու հասկանալով և անմիջապես վերակառուցվեց ու վերակազմավորվեց, և բոլորս էլ Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհիվ արդեն գիտենք, որ նույնիսկ Հայաստանի կարծրացած դաշտում է հնարավոր ստեղծագործական մոտեցումներ և ունակություններ հանդես բերել, և, որ ամենակարևորն է, ստեղծագործական մոտեցումների ու ստեղծագործական նորարարության շնորհիվ հաջողության հասնել:

Ստեղծագործականի ու նորարականի իմաստով ՀԱԿ-ի հնարավորություններն, իհարկե, անհամեմատ սահմանափակ են, որովհետև ՀԱԿ-ում ստեղծագործելու ողջ իրավունքը տրված է մի մարդու` Լևոն Տեր-Պետրոսյանին:

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, իհարկե, «Ժառանգությունում» է միանձնյա ու միահեծան հեղինակություն, բայց, այդուհանդերձ, Րաֆֆին «Ժառանգության » շարքային անդամներին ոչ միայն ինքնուրույն իմպրովիզներ անելու հնարավորություն է տալիս, այլև որոշակի պատասխանատվություն է գցում նրանց վրա:

 Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ 

Հ.Գ. Բոլոր դեպքերում, ՀԱԿ-ը ՀՀՇ-ի իրավահաջորդ դառնալով` իր համար մի չափազանց կարևոր խնդիր լուծեց. դա սեփականության, գույքի և ունեցվածքի խնդիրն է, որը մեր օրերում չափազանց կարևոր է: Եվ ՀԱԿ-ն այդ խնդիրը չափազանց թեթևորեն և միանգամայն ստեղծագործաբար լուծեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031