Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Վարդանյան. «Քոչարյանի վերադարձը կլինի սարսափելի երկրի համար»

Մարտ 08,2013 12:12

«Ա1+» ի զրուցակիցն է 2000 թվականին հայաստանյան քաղաքական դաշտում հեղափոխական տրամադրություններ ստեղծած, ապա Հայաստանից հեռացած Արկադի Վարդանյանը: Նրա ընտանիքը դեռ Իսպանիայում է, իսկ  նա վերադարձել է հայրենիք: Վերջին շրջանում  մասնակցում է Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներին եւ հույս ունի, որ նրան կհաջողվի այն, ինչ չհաջողվեց իրեն 13 տարի առաջ եւ մյուս ընդդիմադիր ուժերին՝ այս տարիների ընթացքում:

Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա շարժումը:  

-Այսօրվա շարժումը յուրահատուկ է եւ աննախադեպ: Րաֆֆին իր հետ Հայաստան բերեց մեզ համար անսովոր քաղաքական մշակույթ, որը, ինչպես երեւում է հանրահավաքից հանրահավաք, ժողովրդի կողմից շատ դրական է ընկալվում: Մարդկանց  համար անսովոր է, երբ իրենց հետ խոսում են շատ պարզ ու հասարակ լեզվով’ ճշմարտությունը բացատրում են այնպես, ինչպես որ կա, եւ չեն առանձնանում ժողովրդից, չեն արհամարհում, ինչպես դա անում էին մեր նախորդ երեք նախագահները. մեկն ասում էր, որ ինքն ամենագիտակն է, ամենաիմաստունն է, իսկ մյուսները ոչինչ չեն հասկանում, ինքն ինչպես կասի, այնպես էլ կանեն: Մյուսը՝ միակ տղամարդն էր իրեն հռչակել: Երրորդն էլ,  ճիշտն ասած, մարդկային հատկանիշներով էապես տարբերվում է իր նախորդից, ես նրան ճանաչում եմ եւ պետք է ասեմ. ավելի կիրթ է, ավելի զգայուն, ավելի ողջամիտ, վերլուծելու ավելի մեծ ունակություններ ունի, սակայն այն շրջապատով, որ ժառանգություն է ստացել, դժվար թե կարողանա որեւէ բարեփոխում իրականացնել: Այս տարիների ընթացքում նա անընդհատ խոսում էր բարեփոխումների անհրաժեշտության մասին, շատ սուր քննադատության էր ենթարկում կոնկրետ մարդկանց, անուններ էր տալիս, պաշտոններ էր թվարկում, ես հիշում եմ, որ անցած տարի մի խորհրդակցության ժամանակ կոռուպցիոն երեւույթների մասին խոսելուց ասաց, թե պաշտոնյաներ կան, որ մարդկանց մոտ զզվանքից բացի այլ զգացողություն չեն առաջացնում: Եթե զզվում ես, ինչո՞ւ ես շարունակում պահել նրանց քո շրջապատում:

-Իսկ չե՞ք կարծում, որ եթե ժողովուրդը կանգնում, պահանջում է նախագահի հրաժարականը, նա ստիպված է լինում կրկին անգամ հույսը դնել հենց այդ օլիգարպիկ , կրիմինալ տարրերի վրա:

-Այն իրավիճակը, որում հայտնվել է Սերժ Սարգսյանը, ինքն է թելադրում  անելիքները, որովհետեւ Սարգսյանն անձամբ որոշումներ կայացնելու ոչ մի ներուժ չունի, որովհետեւ տարբեր կողմերից նրան ճնշում են, այ, հիմա մարտի 12-ին կաչել են Մոսկվա՝ Պոլիտբյուրոյի նիստի, սկզբից նախատեսված էր,որ Մոսկվա պետք է գնա վարչապետը, սակայն հետո, երբ տեսան, որ իրադարձություններն այլ կերպ են զարգանում, զգացին, որ լուրջ հարցեր են առաջանում, որոշեցին գործող նախագահին կանչել եւ որոշակի հարցերի լուծումներ գտնել: Այսինքն՝ իրենց կամքը թելադրեն: Պատահական չէր, որ Պուտինը դեռ տեղամասերը չփակված շնորհավորական ուղերձը հղեց:

-Վերադառնանք ներքաղաքական խնդիրներին. Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին այսօր կանգնած չենՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, որքան էլ խոսվում է վերջինիս  մասին, այնուամենայնիվ միայն խոսվում է, աջակցություն տեսանելի չէ: ՀՅԴ-ն խիստ որոշակի վերապահումով: Րաֆֆի Հովհաննիսյանն ակամա չի՞ հայտնվում այն վիճակում, որում դուք էիք 2000 թվականին:

Մեր անկախության առաջին իսկ օրերից քաղաքականությունը փոխարինվեց բազարային առեւտրի. քաղաքականություն, որպես այդպիսին, նորանկախ Հայաստանում չի եղել: Այսօր կան բազմաթիվ կուսակցություններ’ 90- ից ավելի, դրանք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, որովհետեւ ոչ գաղափարախոսություն ունեն, ոչ քաղաքական ծրագիր, ոչ իրենց ներսում բարոյահոգեբանական համակարգ, եւ ոչ էլ մտահոգ են Հայաստանի շարքային քաղաքացու ապագայով:  Նրանք առաջնորդվում են բոլորովին այլ խնդիրներով: Նույն ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն: Ի՞նչ է նշանակում Բարգավաճ Հայաստան, ո՞րն է նրանց գաղափարախոսական հենքը, սկզբունքները’ սոցիալ-տնտեսական, մշակութային, գիտության եւ կրթության զարգացման, ոչինչ չասող բառակապակցություններ’ մեր խոսքը գոծ է եւ այլն: Սա կուսակցություն չէ, սա ոչ մի կապ չունի դասական իմաստով կուսակցություն հասկացության հետ: Ոչ սա է կուսակցություն, ոչ ՀԱԿ-ը: Մենք տեսանք, թե ինչ արեց ՀԱԿ-ը: Երբ Տեր-Պետրոսյանը քաղաքականության վերադառնալու հայտ ներկայացրեց, ես շատ ոգեւորվեցի, որովհետեւ ո՞վ կարող է ուղղել թույլ տրված սխալներն ավել լավ, քան նա, ով դրանք թույլ է տվել: Ինձ մոտ տպավորություն էր, որ առաջին նախագահը հենց այդ նպատակով էլ որոշել է վերադառնալ մեծ քաղաքականություն: Բայց երբ լսեցի, որ 100 հազարավոր մարդկանց բերում է հրապարակ եւ հանկարծ սկսում վանկարկել Մանվել-Մանվել՝ թեւաթափ եղա, հասկացա, որ ոչինչ չի փոխվել, էլի նույն փորձանքն է բերելու ժողովրդի գլխին: Գագիկ Ջհանգիրյանի նմանին բերել, դարձրել ես կառույցի ղեկավար, եւ ուզում ես ասել, որ ժողովուրդը հույս կապի՞ քեզ հետ, ուզում ես ժողովուրդը քեզ հավատա՞: Եւ դեռ ՀԱԿ-ը պետք է հանդես գա մեղայականով, ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը մարտի 1-ի հարցում մեղքի իր շատ մեծ բաժինն ունի:  Իսկ որ ասում եք Րաֆֆի միայնակ է, այդպես չէ, ամբողջ ժողովուրդն է Րաֆֆու հետ է:

-Խոսքը քաղաքական աջակցության մասին է:

-Մենք չունենք քաղաքական դաշտ, քաղաքականություն, մեր քաղաքական կուլտուրան փոշիացած է, դաշնակցականներն այն չեն, ինչ որ պետք է լինեին, կոմունիստների մասին չխոսենք՝ ծիծաղելի է, այսպես կոչված դեմոկրատներ, սոցիալ-դեմոկրատներ, հնչակներ, ռամկավարներ, դրանք ոչ մի կապ չունեն իրական քաղաքականության հետ:

-Պարոն Վարդանյան, եթե իշխանությունն այնուամենայնիվ չփոխվի, վտանգ չե՞ք տեսնում, որ 5 տարի հետո կարող է Ռոբերտ Քոչարյանը վերադառնալ իշխանության:

-Երկրի համար դա կլինի սարսափելի, իհարկե, մենք արդեն անցել ենք այդ ճանապարհը, իր ղեկավարման 10 տարիների ընթացքում երկիրը թալանվեց, դատարկվեց, հայաթափվեց, եւ այսօր էլ շարունակվում է այդ գործընթացը: Սա ամենասարսափելի հեռանկարն է: Բայց ես ուզում եմ ասել Սերժ Սարգսյանին, ախր ինքը խելացի, վերլուծող, շախմատիստ մարդ է, չի կարելի այսպես շարունակել, սրա վերջը կործանումն է, շատ վատ է լինելու մեր երկրի, ժողովրդի համար, Սերժ Սարգսյանին չի կարելի չհարգել, նա բավականին մեծ ավանդ ունի ազգային ազատագրական պայքարի մեջ: Չի կարելի թերագնահատել, նա ճանապարհ է անցել եւ որպես ռազմիկ, եւ որպես քաղաքական գործիչ, եւ որպես ղեկավար, նա չի կարող չհասկանալ այն ամենը, ինչ այստեղ կատարվում է: Այն սխալները, որ նա թույլ էր տալիս քարոզարշավի ժամանակ, ինձ թվում էր, թե կանխամտածված է անում, որ պարտվի, թողի դուրս գա:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031