Vesti.az-ը մի ողաբաձայն-լալահառաչ-աղերսական նյութ է հրապարակել, որի «մեխն» այն է, թե «ապրիլի 3-ին թուրքերն Ադրբեջանին կզոհաբերեն Հայաստանին»: Առաջին պահ կարելի է տպավորություն ստանալ, որ Անկարան պատրաստվում է առաջինը ճանաչել Արցախի անկախությունը կամ մտադիր է ապաշխարել Թուրքիայում 1915թ.-ին իրականացված ցեղասպանության համար, կամ առնվազն հայտարարելու է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման մտադրության մասին:
Իրականում խոսքը ապրիլի 3-ին կայանալիք Երեւան-Վան-Երեւան առաջին թռիչքի մասին է: Թռիչք, որ հաջողության դեպքում կիրականացվի շաբաթն ընդամենը երկու անգամ, այն էլ` զուտ զբոսաշրջային նպատակով: Ճիշտ է, թուրքական եւ հայաստանյան կողմից պայմանավորվածությունները ձեռք են բերվել ոչ կառավարական կառույցների միջեւ, բայց հասկանալի է, որ երկու երկրների բարձրագույն ղեկավարության համարժեք վերաբերմունքի բացակայության դեպքում խնդրի լուծումն այդքան չէր մոտենա:
Այդ կերպ թուրքական կողմը հնարավորություն է ստեղծում, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան այցելել Վան` ծախսելով ընդամենը 40 րոպե: Եվ հենց դա էլ ադրբեջանական կողմին թվում է իրենց «զոհաբերել Հայաստանին»: Ավելի վաղ մի աղմուկ էլ բարձրացվել էր Սերժ Սարգսյանին հղած Գյուլի շնորհավորական ուղերձի կապակցությամբ: Մինչեւ Անկարայից չհասկացրին, որ չարժե ընկնել ծիծաղելի վիճակի մեջ, պետության ղեկավարին ընտրվելու առթիվ շնորհավորանք հղելը «մտնում է թուրքական պետության ավանդույթների մեջ»:
… Ըստ երեւույթին, Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերություններում ինչ-որ բան այն չէ: Հակառակ դեպքում մի օդանավային երթուղու բացման մասին դեռեւս նախնական տեղեկատվությունը Բաքվի լրատվամիջոցներում «որբալաց» չէր սադրի:
Կարդացեք նաև
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
«Ազգ»