Վերջին օրերին Րաֆֆի Հովհաննիսյանին մարզային հանդիպումների ընթացքում ողջ օրն ուղեկցած մի նախկին պաշտոնյա մեզ պատմեց, որ ոստիկանական եւ քաղաքացիական հագուստով անձինք անընդհատ տեսանկարահանել են հանդիպման յուրաքանչյուր մասնակցի, ինչպես նաեւ մեքենաների պետհամարանիշները, եւ դա մարդկանց մեջ մեծ խուճապ է առաջացնում:
«Հարկավոր է մարդկանց ինֆորմացնել, թե ինչ նպատակով է դա արվում, այլապես վախի մթնոլորտ է առաջանում: Մարդիկ սկսում են կասկածել, որ եթե մեքենաների համարները նկարում են, ապա հնարավոր է հետո Ճանապարհային ոստիկանությունը տուգանի, կամ եթե մարդկանց նկարում են, հնարավոր է, որ իրենց ղեկավարը կանչի եւ ասի, թե ինչու են գնացել Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքին, ու նման բաներ: Այսինքն՝ այս միջոցառումները հասարակության մեջ հակառակ ազդեցությունն են առաջացնում»,- ասաց նա:
Վերջինիս դիտարկմամբ, ոստիկանությունը մեծ ջերմեռանդությամբ հետեւում է «Հավաքների ազատության մասին» օրենքին: «Շատ կարեւոր է, որ հավաքներն անցնեն անվտանգ, սակայն ոստիկանական գործողությունները չեն բխում օրենքի ոգուց: Օրենքը կարգուկանոն ապահովելու համար է, բայց եթե, ասենք, Իջեւանում 400 մարդ է հավաքվել, դա այն դեպքը չէ, որ պետք է օրենքի տառով շարժվել եւ արգելել հավաքը: Ոստիկանական եւ անվտանգության աշխատակիցների գործելաոճը խորացնում է հակակրանքն իշխանությունների հանդեպ»:
«Եթե դուք գիտեք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին սպասում են, հավատում են, եւ եթե դուք գիտեք, որ նրանք փոքրամասնություն են, ինչի՞ եք անհանգստանում: Բաց թողեք, ինքներդ համոզվեք, թե ինչքան մարդ է համակրում Հովհաննիսյանին: …Թե չէ ընկնել օրենքի հետեւից, արհամարհել միջավայրը, մթնոլորտը, մոռանալ օրենքի ոգին, կարծում եմ՝ սխալ է»,-ասում է մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հրապարակ»