Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների իրական դեմքը՝ թվերով

Մարտ 08,2013 11:22

Հատված` Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ՍԴ ներկայացված դիմումից

«Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող և Հանրապետությունից բացակայող անձանց փոխարեն այլ անձի (անձանց) կողմից քվեարկության իրականացումը սահմանափակող երաշխավորված համակարգի բացակայությունը ձևավորում է քվեարկությանը մասնակցած անձանց թվաքանակի նկատմամբ հիմնավոր կասկածներ, որը բխում է թե տեսական և թե նաև գործնական դրսևորումներից: Դա են վկայում միջազգային դիտորդները և դա է փաստված ընտրությունների պաշտոնական արդյունքներում, որոնց համաձայն, այն ընտրական տեղամասերում և ընտրատարածքներում, որտեղ առավել, կարելի է ասել անոմալ աստիճանի բարձր է եղել ընտրողների «ակտիվությունը», այդտեղ ձայների անոմալ առավելություն է ստացել գործող Նախագահ Սերժ Սարգսյանը, ինչով փաստվում է, որ բոլոր այդ տեղամասերում, իսկ դրանք հարյուրավոր են, քվեարկություն է իրկանացվել բացակայող անձանց փոխարեն, լցոնումներ են իրականացվել, կարուսել կոչվող ընտրախտումն է իրականացվել, վարչական ռեսուրսներն են գործի դրվել և անձանց ընտրական իրավունքը խախտող բազմաթիվ այլ հնարքներ են կիրառվել, ինչի արդյունքում տեղամասեր կան, որտեղ ընտրություններին «մասնակցած» ընտրողների քանակը հավասար է ընտրացուցակներում ընդգրկվածների 100 տոկոսին, շատ ավելի տեղամասեր կան, որտեղ այդ թիվը կազմում է 90-99 տոկոս, է´լ ավելի շատ են այն տեղամասերը, որտեղ այդ թիվը կազմում է 80-90 տոկոս, հարյուրավորների են հասնում այն տեղամասերը, որտեղ ընտրություններին «մասնակցածների» թիվը կազմում է 60-70 և 70-80 տոկոս:

Նշված հարցին իր 02.03.2013թ. Հետընտրական միջանկյալ զեկույցում անդրադարձել է նաև ԵԱՀԿ ԺՄԻԳ-ը, մասնավորապես, արձանագրելով հետևյալը. «Փետրվարի 25-ին ԿԸՀ-ն հայտարարեց ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի պարոն Սարգսյանը հայտարարվել է ընտրված նախագահ։ Այդ արդյունքների հիման վրա կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա է սերտ հարաբերակցություն ընտրողների մասնակցության թվի և գործող նախագահին կողմ քվեարկած ձայների միջև այն ՏԸՀ-ներում, որտեղ միջինից բարձր մասնակցության դեպքում պարոն Սարգսյանը ստացել է ձայների ավելի մեծ բաժին։ 1988 տեղամասերից 1746-ը ունեն 300 և ավելի գրանցված ընտրողներ (Բացառությամբ մեկից, բոլոր այդ տեղամասերը սովորական ընտրական տեղամասեր են, այսինքն չեն գտնվում քրեակատարողական հիմնարկներում կամ բժշկական հաստատություններում)։ Դրանցից 144-ում ընտրողների թիվը գերազանցել է 80 տոկոսը, որը թվում է անհավանականորեն բարձր, և նմանատիպ 115 տեղամասերում գործող նախագահը ստացել է քվեարկած ձայների ավելի քան 80 տոկոսը։ 303-ից 198 տեղամասերում, որտեղ ընտրողների մասնակցությունը կազմում էր 70-80 տոկոս, գործող նախագահը ստացել է ձայների ավելի քան 70 տոկոսը: 249 տեղամասեր, որտեղ ընտրողների մասնակցությունը 50 տոկոսից ցածր էր, պարոն Սարգսյանը ստացել է ձայների ավելի քան 50 տոկոսը 40 տեղամասերում, իսկ պարոն Հովհաննիսյանը ստացել է ավելի քան 50 տոկոս 155 տեղամասերում։ Ընտրողների բարձր մասնակցություն ունեցող տեղամասերի մեծամասնությունում դիտարկվել է գործող նախագահի ավելի շատ ստացած ձայների միտում, որը առաջացրել է մտահոգություն ընտրական գործընթացի ամբողջականության արժանահավատության հանդեպ»։

Ե՜վ վերը մեր կողմից նշվածը և՜ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի զեկույցի մեջբերված հատվածում խոսքը գնում է ընտրացուցակներում ընդգրկվածների մասին, իսկ եթե հաշվարկը կատարենք փաստացի առկա ընտրողների թվից ելնելով, ապա այդ տոկոսներին պետք է ավելացվեն առնվազն 11 տոկոս և դա, ըստ պաշտոնական տվյալների:

Այսպես, Հայաստանի Հանրապետության ընտրողների ընդհանուր թիվը ըստ ԿԸՀ-ի` 2.528.050 է, իսկ ընտրություններին մասնակիցների թիվը կազմել է 1.521.489 (տես` www.elections.am):

Համաձայն մարդահամարի տվյալների` 2011թ. հոկտեմբերի 12-ի դրությամբ, Հայաստանում առկա են եղել 2 մլն 871 հազ. 509 մարդ (www.armstat.am/am/): Բնականաբար, ոչ բոլորն է, որ ՀՀ քաղաքացի են, բայց համարենք, որ այդպես է:

Եթե հաշվի առնենք, որ միգրացիոն գործակալության տվյալների համաձայն 2012թ-ին ՀՀ-ից արտագաղթողների թիվը կազմել է 44.809 մարդ, իսկ 2013թ. հունվար ամսին այդ թիվը կազմել է` 7.002 (տես` www.smsmta.am/?id=937), ապա ստացվում է, որ Հանրապետությունում առկա է 2.819.698 մարդ: Եթե 2.819.698-ից էլ հանենք մինչև 18 տարեկան 682.000 երեխաներին (տես` www.armstat.am), որոնք ընտրելու իրավունք չունեն, ապա ստացվում է, որ Հանրապետությունում առկա ընտրողների թիվը կազմում է 2.137.698 մարդ:

Այսպիսով, պաշտոնական տվյալների համաձայն ընտրողների թիվը կազմում է` 2.528.050, սակայն Հանրապետությունում առկա է 2.137.698 ընտրող, որից, ըստ ԿԸՀ տվյալների, ընտրություններին մասնակցել է 1.521.489 ընտրող, որը կազմում է ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների` 60,18 տոկոսը, սակայն Հանրապետությունում առկա ընտրողների` 71,17 տոկոսը:

Այս ամենն, ի դեպ, իր հիմքում ունի բացառապես պաշտոնական տվյալներ:

Դա նշանակում է, որ եթե ցանկանում ենք պարզել, թե Հանրապետությունում առկա ընտրողների քանի տոկոսն է մասնակցել ընտրություններին, ապա յուրաքանչյուր ընտրական տեղամասի կամ ընտրատարածքի համար ստացված մասնակցության տոկոսին պետք է ավելացնենք ևս 11 տոկոս: Այսպիսով, ընտրություններին մասնակցածների միջին տոկոսը Հանրապետությունում կազմում է առկա ընտրողների 71,17 տոկոսը, ինչը անհավանական և անիրական բարձր ցուցանիշ է և պարզ է, որ նման ցուցանիշը բացառապես լցոնումների արդյունք է: Ավելին, պարզվում է, որ 235 ընտրական տեղամասերում ընտրություններին մասնակցել են առկա ընտրողների 90-100 և ավելի տոկոսը, 260 ընտրական տեղամասում` 80-89 տոկոսը, ևս 88 ընտրական տեղամասերում` 72-79 տոկոսը: Այդ 586 ընտրական տեղամասերում քվեարկությանը «մասնակցած» 368.776 ընտրողից Սերժ Սարգսյանին ձայն են տվել 315.618 ընտրող, կամ ավելի քան 85,59 տոկոսը: Ակնհայտ է, որ նման թվական տվյալներ հնարավոր է ստանալ բացառապես լցոնումների, ուղղորդված և կրկնակի ընտրությունների արդյունքում:

Ահա, այսպիսին են մեր ընտրությունները:

Մեկ այլ հաշվարկից պարզ է դառնում, որ այն ընտրական տեղամասերում, որտեղ մասնակիցների քանակը մոտ է միջինին, առավելություն ունի Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նման և ակնհայտ ընտրախախտումների բազմաթիվ այլ պայմաններում, ընտրական հանձնաժողովները ցուցաբերել են անգործություն. իրենց նախաձեռնությամբ որևէ տեղամասում չեն կատարել վերահաշվարկ, առանց ուսումնասիրության մերժել են հենց այդ, անոմալ արդյունքներով տեղամասերի ընտրության արդյունքները լցոնման և այլ հիմքերով անվավեր ճանաչելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր` 128 դիմումները, իրենց կողմից ընտրական գործընթացի որևէ խախտում չեն արձանագրել, ընթացք չեն տվել անգամ լրատվամիջոցներով ու այլ թեկնածուների վստահված անձանց, ՀԿ-ների և դիտորդների արձանագրած խախտումներին:

Բնականաբար այս ամենը ԿԸՀ-ի համար ոչինչ չի նշանակում և բնականաբար ԿԸՀ-ն ու ԸԸՀ-ները որևէ ընտրական տեղամասում իրենց նախաձեռնությամբ որևէ վերահաշվարկ չեն կատարել: Ինչու՞ բնականաբար: Որովհետև Սերժ Սարգյանը Սերժ Թանգյանին ուղղված իր նամակում խոստովանում է, որ ընտրություններն ինքն է կազմակերպել, հետևաբար էլ ինչ ենք ուզում ԿԸՀ-ից ու ԸԸՀ-ներից»:

Հ.Գ. Հետաքրքիր է, Հանրապետությունում կա՞ մեկը, ով իրականում հավատում է, որ ԿԸՀ-ի հրապարակած ընտրությունների պաշտոնական արդյունքները արտացոլում են ժողովրդի կատարած ընտրության իրական պատկերը:

 Շարունակելի

 Կարեն ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իրականում հավատում է միայն,՝ թոռնիկ Սերժը, պապու պատմած հեքիաթների հիման վրա:

  2. Հրանտ Պապիկյան says:

    Դատարան (այն էլ սահմանադրական) ներկայացվող փաստաթուղթը պետք է ՉՊԱՐՈՒՆԱԿԻ այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են` “կարծիք է ստեղծվում…” , “ձևավորվում է կասկած..” , “անհավանական է թվում..” , “իսկ եթե հաշվարկ կատարենք..” , “առնվազն..” , “անոմալ” և այլն: Նշեմ նաև, որ և մաթեմատիկորեն, և ԸՍՏ ՕՐԵՆՔԻ` մասնակիցների կամ որևէ մեկին տված ձայների թիվը անոմալ կարող է համարվել երբ այն 100 տոկոսից բարձր լինի: Բոլոր այս նշված բառերը իրավաբանորեն “պարունակում են ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԿԱՐԾԻՔ, ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԿԱՍԿԱԾ, և չեն կարող դրվել մեղադրանքի կամ դատարանի որոշման հիմքում: Բացի այդ, մեր օրենքը հստակ ասում է, որ սուբյեկտիվ կասկածը, որը չի հիմնավորված փաստերով և ապացույցներով, դատարանը պարտավոր է ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Ի ՕԳՈՒՏ ԿԱՍԿԱԾՅԱԼԻ… Դիմումում նմանօրինակ հիմնավորումները բավարար չեն, որ միտքը շարունակվի այսպես` “… ինչով փաստվում է, որ բոլոր այդ տեղամասերում, քվեարկություն է իրկանացվել բացակայող անձանց փոխարեն, լցոնումներ են իրականացվել, կարուսել կոչվող ընտրախտումն է իրականացվել, վարչական ռեսուրսներն են գործի դրվել և անձանց ընտրական իրավունքը խախտող բազմաթիվ այլ հնարքներ են կիրառվել…” ԵՆԹԱԴՐԵՆՔ ԹԵ ԱՅԴ ԱՄԵՆԸ ՃԻՇՏ Է’: Ինչով և ինչպես եք դա ապացուցում? Ինչ ենք ակնկալում մեր ամենաբարձր իրավաբանական ատյանից? Որ դատավորները օրենքի տառը թողած կառաջնորդվեն հույզերով կամ ներքին ձայնով? Այնպիսի տպավորություն է ստեղծվում իմ մոտ, որ այս ԽՆԴՐԱԳԻՐԸ կազմողը կամ իրավաբան չի եղել, կամ ՀԱՅԲՈՒՍԱԿԻ իրավաբանականն է ավարտել… կամ էլ այսքան ժամանակ կար` արժանավայել փաստաթուղթ նախապատրաստելու փոխարեն իրեն տվել է միտինգներին “էլեկտրական աթոռներից” ու “քցող”-ներից խոսալուն…

    • Ալեքսանդր says:

      Համեմատեք ստորագրված և չստորագրված ընտրացուցակները: Այդ ժամանակ կերևա, թե ով է ճիշտ: Եվ պետք չէ ասել, որ դա խախտում է իմ` ընտրողիս, իրավունքը: Ես համաձայն եմ, որ “խախտվի”:

    • Կարեն Մեժլումյան says:

      Հրանտ Պապիկյան, պետք չէ ԿԸՀ-ին տալ կասկածյալի կարգավիճակ, այն էլ սահմանադրական դատարանում կամ ՍԴ ներկայացված դիմումը դիտարկել որպես մեղադրանքի հիմք: Համենայնդեպս դա դուք եք ասել: Խոսքն այստեղ ընդհանրապես մեղադրանի մասին չի գնում, որը պետությունն է ներկայացնում անձին և անմեղության կանխավարկածց ելնելով պետք է ապացուցի, այլ այն մասին, որ ԿԸՀ-ն, որը գործում է պետության անունից, պետք է դիմումում նշված փաստերի առկայության պայմաններում ինքը ուսումնասիրեր այդ ամենը, դա իր պարտականությունն է, ինչը բացարձակապես չի արել: Ի դեպ, ՍԴ ներկայացված դիմումը «սույն փաստաթուղթը» կազմողը, փաստաբանների մեջ ամենաշատ շահած գործերն ունի սահմանադրական դատարանում,իսկ դու՞ք: Ինչ վերաբերում է «անոմալին», ապա դա առավել քան հիմնավորված է դիմումում. կրկին կարդացեք: Մնաք բարով

  3. 333 says:

    Հարգելի Հրանտ, իս կարող եք ասել մեր ամենաբարձր իրավաբանական ատյանը Սահմանադրական դատարանը, Հայ-Թուրքական արձանագրությունների մեջ նախապայմաններ փնտրելով չօգտագործեց արդյոք այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են` “կարծիք է ստեղծվում…” , “ձևավորվում է կասկած..” , “անհավանական է թվում..” , “իսկ եթե հաշվարկ կատարենք..” , “առնվազն..” , “անոմալ” և այլն, որից հետո արձանագրություններում հայտնաբերեց իբրև թե Թուրքիայի կողմից առաջարկվում է նախապայմաններ,դրանից հետո գործընթացը գնաց փակուղի և հիմա ունենք այն ինչ ունենք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031