Նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա ակտիվիստների մարզային հանդիպումներն անցնում են նույն սցենարով:
Հասնում են տեղ եւ սկսում են անմիջապես որոնել այն ոստիկանին, որը «նկարում է ժողովրդին»: Րաֆֆի Հովհաննիսյանը, ելույթը կիսատ թողած, վազում է տվյալ ոստիկանի ուղղությամբ, սկսում վիճել նրա հետ: Անօրինական հավաքների մասին զգուշացնող ոստիկանները նույնպես հյուրերի կողմից ենթարկվում են պարսավանքի:
Բոլոր բնակավայրերում ոստիկաններ-ակտիվիստներ «ռազբիրատային» տեսարաններ են, ուր Հովհաննիսյանը առաջ է մղվում ու ձեռքերը միացրած դեմ տալիս ոստիկաններին` «ձերբակալեք ինձ»:
Բոլոր քաղաքներում Հովհաննիսյանն ու թիմակիցները խոսում են ինչ-որ ահաբեկումների մասին, բնականաբար չնշելով ոչ մի փաստ: Հավաքվածներին կոչ են անում չվախենալ՝ «քանի որ մենք հաղթել ենք»: Ամենուր Հովհաննիսյանը վստահեցնում է, որ պայքարը երկար չի տեւի՝ «ապրիլի 9-ից հետո ժողովրդի իշխանությունը գալու է»:
Որ մարզում հայտնվում է, նա անմիջապես պահանջում է մարզպետի հրաժարականը կամ «ինքնաբացարկը», չմոռանալով հազարերորդ անգամ հիշել «Լիսկային»:
Պարտադիր հիշում է նաեւ Օբամային, Պուտինին եւ Օլանդին ու իրեն լսողներին հավաստիացնում, որ նրանք «հետ են վերցնելու շնորհավորանքը»:
Վրեժ ԱՀԱՐՈՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»