ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը երեկ երեկոյան որոշել է, թե ովքեր են հաջորդելու Տարոն Մարգարյանին Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ցուցակում: ՀՀԿ-ի երկրորդ համարը կլինի շախմատիստ Սմբատ Լպուտյանը, իսկ երրորդը կլինի ճարտարապետաշինարարական ինստիտուտի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:
Պետք է միանգամից նկատենք, որ ի տարբերություն Երևանի ավագանու առաջին ընտրությունների ցուցակի, ՀՀԿ-ի առաջին եռյակն այս անգամ շատ ավելի թույլ է քաղաքական առումով, քան նախորդ ցուցակում: Ինչո՞վ է սա պայմանավորված: Երևի նախևառաջ նրանով, որ ՀՀԿ կադրային բանկում պարզապես քաղաքապետի հարմար թեկնածուներ այլևս չկան: Եվ իսկապես, եթե ՀՀԿ-ն քաղաքապետի պաշտոնում է առաջադրում Տարոն Մարգարյանին, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ ողբալի վիճակում է իշխանական կուսակցության կադրերի բանկը:
Համամասնական ցուցակի մյուս համարների մասին առայժմ տեղեկություն չկա, այսինքն` ՀՀԿ-ն չի քննարկել այդ հարցը, սակայն դատելով առաջին եռյակից` կարելի է ասել, որ համամասնական ցուցակն ընդհանրապես շատ չի տարբերվի այդ եռյակից, և Սերժ Սարգսյանը առաջարկելով Տարոն Մարգարյանին` կփորձի կազմել այնպիսի ցուցակ, որպեսզի Տարոն Մարգարյանը գոնե այդ ցուցակի ֆոնին մի քիչ ընդգծվի որպես առաջնորդ, որովհետև ընդհանրապես քաղաքապետական աշխատանքի ֆոնին Մարգարյանը ընդգծվել է որպես Սերժ Սարգսյանի քարոզչական տեխնոլոգիաների մի մասնիկ ընդամենը:
ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին եռյակը նաև հուշում է այն մասին, որ կուսակցության ներսում իսկապես թեժ են վեճերը համամասնական ցուցակի շուրջ, և Սերժ Սարգսյանը գտել է դրանք հաղթահարելու ամենաօպտիմալ ձևն ու ըստ էության ձևավորելով խիստ ապաքաղաքական եռյակ` փաստորեն վեճերը հանգուցալուծել է ոչ մեկին սկզբունքով, թեև եթե դատելու լինենք ըստ էության, ապա սա հենց Սերժ Սարգսյանի եռյակ է` նկատի ունենալով Տարոն Մարգարյանից հետո շախմատիստ Լպուտյանին: Չէ՞ որ Սերժ Սարգսյանը շախմատի ֆեդերացիայի նախագահն է:
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ, այս ամենը ցուցադրում է ՀՀԿ-ի վերաբերմունքը Երևանի հանդեպ և նայելով Երևանի քաղաքապետի ընտրությունների համամասնական ՀՀԿ-ական ցուցակին` մնում է միայն կարեկցել Երևանին: Հերթական անգամ ՀՀԿ-ն մայրաքաղաքի կառավարման կարևոր օղակներ է գործուղում մարդկանց, որոնք ըստ էության ոչ մի կապ չունեն քաղաքային կառավարման որևէ ոլորտի հետ և ընդամենը հանդիսանում են ներիշխանական թեժ քննարկումների և շահերի բախման անցքերը փակելու միջոց:
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
«Ժամանակ»