«Վրաստանի Հայ Համայնք»-ը ողջունում է պատգամավոր Ռուսլան Պողոսյանի մարտի 6-ին Վրաստանի խորհրդարանում արած հայտարարությունը, որում նա Վրաստանի նախագահին զսպվածության և կոռեկտության կոչ է արել երկրի հայազգի քաղաքացիների և նրանցով բնակեցված Սամցխե-Ջավախեթիի հետ կապված վերջին շրջանում իր կողմից հաճախակի դարձած արտահայտությունների և հայտարարությունների համար:
Վրաստանի հիմնական օրենքի՝ Սահմանադրության համաձայն, «Վրաստանի տարածքային պետական կառուցվածքը որոշվում է Սահմանադրության օրենքի լիազորությունների տարանջատման սկզբունքի հիման վրա պետության ամբողջ տարածքում Վրաստանի իրավասության ամբողջական վերականգնումից հետո» («Վրաստանի հանրապետության սահմանադրություն», հոդված 2, կետ 3): Հետեւաբար պարզ չէ, թե ինչու է Վրաստանի նախագահը փորձում հասարակության մեջ բացասական վերաբերմունք առաջացնել պետական կառուցվածքի հետ կապված տերմինների նկատմամբ:
Անընդունելի է, երբ երկրի նախագահը որոշ ներքին կամ արտաքին քաղաքական նպատակների հասնելու համար՝ անտեսելով սահմանադրության հիմնարար դրույթներն ու հիմնվելով իրականությունից կտրված վերացական վախերի վրա, հայտարարություններ և արտահայտություններ է անում, որոնք կարող են իր երկրի քաղաքացիներին իրար դեմ տրամադրել՝ արմատավորելով կեղծ կարծրատիպեր:
Հարկ է նաև նշել, որ 2003-2012թթ. ժամանակահատվածում կառավարությունը կտրականապես հերքում էր երկրի ազգային փոքրամասնությունների բազմաթիվ խնդիրների առկայությունը և հաճախ ինքն էր ստեղծում ու բարդացնում գոյություն ունեցող դժվարություններն ու խնիդրները:
«Վրաստանի Հայ Համայնք» ՀԿ