Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը Աշոտ Գիզիրյանի մասին . «Նա ամենակարգին մարզպետն է , թող պարոն Լիսկան նրանից օրինակ առնի»

Մարտ 08,2013 00:36

Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում մեկ անգամ ևս պահանջեց Սյունիքի մարզպետի հրաժարականը:

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում, «Բարև Գյումրի, բարև Շիրակ աշխարհ, բարև Լենինական» բառերը հնչեցնելով,  Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ անգամ  ևս շոյեց իր երկրպագուներին` շեշտելով, որ Գյումրին երբեք չի ծախվում: «Այո», -բացականչեցին հավաքվածները:

Իսկ նա անդրադարձավ այն պետությունների ղեկավարներին, որոնք շնորհավորել են Սերժ Սարգսյանին, քննադատեց երիտհանրապետականներին` իրեն ռուսերենի ու հայրենասիրության  դասեր տալու համար, խոսեց Երևանից իջեցվող մարզպետներից:

Ի դեպ, այս անգամ հանրահավաքը երկխոսություն էր հիշեցնում, նրա  արտաբերած ամեն մի բառին հավաքվածները  արձագանքում էին` ստիպելով «ժառանգության» առաջնորդին հարց ու պատասխանի մեջ մտնել իրենց հետ:

«Սիրելի հայրենակիցներ,  ես էսօր առավոտ ձեր փոխարեն, ոչ թե փոխարեն, այլ ձեր անունից նախաճաշ կերա և ինչ-որ տեղ մեղավոր եմ, որ այս սովի, անգործության, անօթևանության մեջ նախաճաշ կերա, ներողություն» , – ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, որին ի պատասխան ժողովուրդը բղավեց. «Անուշ»:

«Գերմանիայի  խորհրդարանի նախագահը եկել է Հայաստան, և ինքը ի պաշտոնե  հանդիպել է  գործող իշխանություններին, ովքեր մինչև  ապրիլի 9-ը գործող են, և հանդիպել է ձեր ծառա Րաֆֆի հետ , որը ապրիլի 9-ից ձեզ հետ միասին իշխանություն է  կազմելու էս երկրում», -շարունակեց Րաֆֆի Հովհաննիսյանը: «Այո~ »,- արձագանքեցին հավաքվածները:

«Հիմա շատ պարզ , հստակ, լրագրողներ հետևեք անհստակություն չլինի ակցենտի մեջ,  շատ պարզ ներկայացրի, որ այդ նույն Արեւմուտքը, Գերմանիան, ով ճանաչում է Կոսովոն, պիտի ճանաչի Արցախը: Այժմ Գերմանիան և Եվրոպան, որի աղբյուրներից մեկն է Հայաստանի  քաղաքակրթությունը, առաջին քրիստոնյա ազգը,  պետք է ճանաչի մեր ցեղասպանությունը և հայրենազրկումը, ժամանակ ենք տալիս,  2015 թվականի ապրիլի 24-ին  դուք ճանաչելու եք մեր իրավունքը: Գերմանիայի  վարչապետ Մերկելը, Ամերիկայի նախագահ Օբաման, Ֆրանսիայի նախագահ  Օլանդը, Եվրամիության նախագահ Բարոսոն,  Ռուսաստանի նախագահ Պուտինը պիտի ճանաչեն հայ ժողովրդի իրավունքը , ընտրությունը, Սահմանադրությունը: Պիտի հետ վերցնեն իրենց նամակները, որովհետև  Ցեղասպանությունից առաջ Արցախի ճանաչմանը զուգահեռ, ամենակարևորը  հայ մարդու ընտրությունն է, որ փետրվարի 18-ին մենք տվեցինք: Մենք  հարգում ենք բոլորին, բայց Ռուսաստանից, Ամերիկայից,  Եվրոպայից առաջ մեզ մոտ` Գյումրիում, Երևանում , Վանաձորում, Հայաստանում սիրելի հայ մարդը, քաղաքացին հաղթանակ է տվել, ճանաչեք մեր հաղթանակը», -պահանջեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այնուհետ նա անդրադարձավ երիտասարդ հանրապետականներին՝ խոստանալով,  որ նրանք այսուհետ փոքրամասնություն են կազմելու, քանի որ այդպես է պահանջում ժողովրդի շահը: «Իրենք, որ օտարի ստրուկն են, վախկոտ, խոսում են իմ ծննդավայրից,  Նժդեհ են ասում, ամոթ իրենց, որ Նժդեհ են խոսում են  իմ մասին, ես,  որ Գասպարի ու Հովակիմի թոռն եմ, Հովակիմի շարֆը վերցնում եմ իմ վրա, Անդրանիկի զինվորները, ով ձեր փոխարեն Հայաստան են պաշտպանել», -նեղվեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա  մինչև ապրիլի 9-ը ժամանակ տվեց Սերժ Սարգսյանին` ասելով, որ նա մինչև այդ  կարող է ինքնաբացարկ հայտնել: «Այո», – հավանության արժացրին գյումրեցիները` բղավելով «Սերժիկ, հեռացիր»: «Աշխարհի էդիկները, աշոտները, ազատները շատ լավ տղեք են, իրենք էլ տեղ ունեն, բայց ինձ ռուսերենի ի դաս չտան, կամ հայրենասիրության»,- հակադարձեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ապա նա  ժողովրդին հորդորեց  ողջունել ոստիկաններին, ովքեր ծառայության մեջ են: Րաֆֆի Հովհաննիսյանն  ասաց, որ Սերժ Սարգսյանը մեկ առ մեկ նայելու է կադրերը, եւ հավաքվածներին  առաջարկեց`  թող նայի ձեր  արժանավայել հայացքները: Գյումրեցիների փոխարեն  Րաֆֆի Հովհաննիսյանն  ասաց, որ գյումրեցին այլևս չի ուզում լինել աղետի գոտի, ուզում  է լինել նորմալ քաղաքացի, խոպանից հետ բերել ժողովրդին, Գյումրին դառնալու է  հայրաքաղաքը:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ  նաև մարզպետի խնդրին `ասելով, որ մարզպետին ժողովուրդն է ընտրելու, և  ոչ թե իջեցնելու են Երևանից: «Ձեր նախկին մարզպետին հանեցին նրա համար, որ կուսակցական ցուցանիշ չապահովեց, այլ ոչ թե նրա համար, որ ձեզ լավ չծառայեց: Նա ամենակարգին մարզպետն է, ինքը հրաժարական տվեց, որովհետև չկարողացավ ձեր աչքերի մեջ նայել, և հրաժարական տվեց և իրենից հետո պարոն Լիսկան Սյունիքի և բոլոր մարզպետները հրաժարական պիտի տան ժողովրդի առջև», -պահանջեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս says:

    Ոչ նախկին մարզպետը հրաժարական տվեց, որովհետև լավ չէր աշխատել ընդհանրապես, իսկ ընտրությունների ժամանակ դա ևս մեկ անգամ երևաց: Ընդպես որ Րաֆֆին թող չուրախանա, որ նորմալ չինովնիկի է հանդիպել, ինքը չգի?տի, որ կլանն է նշանակում մարզպետներին և կլանն էլ հանում է ՝վատ ու անազնիվ աշխատանքի համար:Եթե այդպես չվարվեր Գիզիրյանը, Րաֆֆին կարող է ասել, ինչպես պետք է վարվեին իշխանությունները:Դե որ լավն է էդքան նախկինը ու Րաֆֆին գովում է, թող բռնի -բերի հետը հավաքներին, էդ ժամանակ նոր թող գովի, իսկ որ չեկավ՝ ցեխ է լցնելու:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031