Լրահոս
Օրվա լրահոսը

Ծավի գյուղապետը գտնում է, որ ինքը հանցանք չի գործել

Մարտ 07,2013 22:06

Tsav gyughԾավ համայնքի ներկայիս եւ նախկին ղեկավարների` Սեյրան Զաքարյանի և Արարատ Մարտիրոսյանի կողմից դիտավորությամբ հողամասերի ինքնակամ զավթումը, շինության ինքնակամ կառուցումը չկասեցնելու, «Էներգացանցշին» ԲԲ ընկերության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ` Սյունիքի մարզի  դատախազությունում հարուցված քրեական գործի վերաբերյալ զրուցեցինք գործող եւ նախկին գյուղապետերի հետ եւ լսեցինք նրանց պարզաբանումները:

Դատախազության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն` Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սեյրան Զաքարյանը` 1999-2008թթ., այնուհետև` 2012 թվականից մինչ օրս, իսկ Արարատ Մարտիրոսյանը` 2008-2012թթ. աշխատելով որպես Ծավ համայնքի ղեկավարներ, հանդիսանալով պաշտոնատար անձինք, հաստատապես տեղյակ լինելով, որ «Էներգացանցշին» ԲԲ ընկերությունը ՀԷԿ-ի գլխամասային հանգույցը կառուցել է այդ նպատակով չհատկացված համայնքային և քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողամասերի վրա, դիտավորությամբ հողամասերի ինքնակամ զավթումը և շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ չեն ձեռնարկել, ինչպես նաև հողամասերն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացրած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չեն կիրառել:
«Ընկերության ծառայողները իրենց լիազորություններն օգտագործելով` կազմակերպության շահերին հակառակ և առավելություններ ձեռք բերելու նպատակով, ՀԷԿ-ի գլխամասային հանգույցը, առանց համապատասխան թույլտվության և այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի նկատմամբ առանց կառուցապատման իրավունքի ձեռքբերման, կառուցել են այդ նպատակով չհատկացված` համայնքին և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում, ինչի հետևանքով նրանց իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածի և 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- տեղեկացնում են դատախազությունից:

Ծավի գյուղապետ Սեյրան Զաքարյանը համաձայն չէ այդ որոշման հետ եւ ասում է, որ ինքն հանցանք չի գործել, այդ քայլին գնացել է գյուղում զուտ աշխատատեղեր ստեղծելու մտադրությամբ` առանց շահադիտական նպատակի: Գյուղապետի պատմելով` խնդիրը նոր չէ, մի քանի տարի է՝ գործն ընթացքի մեջ է գտնվում, եւ նախագահական ընտրությունների արդյունքների հետ ընդհանրապես կապ չունի: Հիշեցնենք, որ այս գյուղում առավել ձայներ հավաքել էր Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչն էլ կասկածի տեղիք էր տվել, թե դրա հետ կապված են գյուղապետերի դեմ գործ հարուցել:  «էդ խնդիրը մոտ 3 տարի է կա, ինձ մի քանի անգամ կանչել են հարցաքննության,   ես ասել եմ, որ դա շահի համար չեմ արել, թույլտվությունը, հողհատկացումը տվել եմ գիտակցելով, որ գյուղում աշխատատեղեր են բացվում: 3 տարի մոտ 60 հոգի աշխատել են շինարարության վրա, ավարտելուց հետո էլ` 18 հոգի հիմնական աշխատանք ունի: Իսկ այսօր աշխատատեղերի խնդիրը գյուղում լուրջ է,  եթե ինչ-որ տեղ համարեն ես հանցանք եմ արել, ոչինչ` ես իմ պատիժը կկրեմ, բայց այստեղ աշխատատեղ բացելու սկզբունքն է եղել,  ոչ թե` շահադիտական նպատակը», -ասաց պարոն Զաքարյանը եւ նշեց, որ վերջին 5-10 տարիների ընթացքում աշխատանքի բացակայության պատճառով  գյուղից 25-30 ընտանիք արդեն արտագաղթել է:

Ինքն իր արածը ոչ միայն հանցանք չի համարում, այլեւ համոզված շեշտում է, որ ոչ մեկին վնաս չի տվել` համապատասխան թույլտվությունը տալով:  «Հանցանք դա չեմ համարում, ես այդ որոշման հետ համամիտ չեմ. ինչո՞ւ պետք է քրեական պատասխանատվություն կրեմ, ո՞ւմ եմ վնաս տվել, համայնքի բնակչի՞ն եմ վնաս տվել, պետությա՞նն եմ վնաս տվել, թե՞ ՀԷԿ կառուցողին: Ամբողջ խնդիրն այն է, որ   դեռեւս ՀԷԿ-ի կառուցման ժամանակ օգտագործել են նաեւ սեփականատերերի հողերից, եւ փոխհատուցման խնդիր է եղել: Տվյալ կազմակերպության ներկայացուցիչները չէին առարկում, որ կփոխահատուցեն, հետո այնպես է ստացվել, որ 2 սեփականտերերի փոխհատուցել են, իսկ մյուսին` ոչ: Վերջինիս փոխհատուցումը, որ ձգձգվել է, դիմել է փաստաբանի օգնությանը` իր շահերը պաշտպանելու համար: Այստեղից է սկսել ամբողջ խնդիրը»,- պարզաբանեց պարոն Զաքարյանը:

Իսկ  Ծավի նախկին գյուղապետ Արարատ Մարտիրոսյանը փոխանցեց, որ հողհատկացման թույլտվությունն իր օրոք չի կատարվել, դա արվել է իրեն նախորդող գյուղապետի օրոք, իսկ ինքը խնդրի մասին իմացել է միայն ՀԷԿ-ի շինարարության ավարտից հետո:  «Բնականաբար իմ օրոք չի կատարվել այդ հողհատկացումը: Հողերի հատկացման համաձայնությունը կողմերի միջեւ եղել է նախքան ինձ: Շինաշխատանքները կազմակերպող տնօրենը մեր համագյուղացին է եղել, նրա եւ բնակչի հետ համաձայնություն էր ձեռքբերվել, բնակիչն այդ հողերը տրամադրել էր փոխհատուցման ակնկալիքով, սակայն  եկել է նոր տնօրեն եւ ինչ-որ  անհամաձայնություններ են առաջացել այդ հարցի վերաբերյալ:  Ես տվյալ բնակչին ասել եմ, որ դիմի դատարան եւ  իր իրավունքը պաշտպանի», -նշեց Ծավի նախկին գյուղապետը եւ տեղեկացրեց, որ «Էներգացանցշին» ԲԲ ընկերության սեփականատերը ոչ թե Սյունիքից է, այլ`Երեւանից:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031