Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հախվերդյան. «Եթե 5 տարի էլ էսպես մնա, մենք ազգովի քաշված ենք»

Մարտ 07,2013 21:45

Երգիչ Ռուբեն Հախվերդյանի համոզմամբ՝ «ավգյան ախոռները» կարող է մաքրել  միայն Րաֆֆին`  իր թիմով

Այսօր  Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Գյումրու Թատերական հրապարակում էր նաև Ռուբեն Հախվերդյանը: «Ժառանգության»   պատգամավորների ելույթներից հետո միկրոֆոնը փոխանցեցին  նրան, ով գյումրեցիների ջերմ ծափահարությունների ու բացականչությունների ներքո ,  համեստորեն ասաց. «Ես բարձր տեղերից խոսելու շնորհք ըտենց չունեմ, բայց…»: Նրան  ընդհատեց Րաֆֆի Հովհաննիսյանը` ասելով.  «Մինչ ինքը  իր շնորհքի մասին ուրանա, ողջունեք, Հայաստանի ժողովրդի, Երևանի, Գյումրվա ձայնը, քաղցրությունը, մշակույթը, մեր ոգին` Ռուբեն Հախվերդյան, ողջունեք»:

Երգիչը ողջույնների տակ շարունակեց . «Ես էն օրն  ասել եմ, որ վերջապես Հայաստանի մայրաքաղաքը,  Գյումրին,  արթնացավ: Էսօր  ամենագարշելի ու սարսափելի մարդիկ հավաքված են, հանցագործները, որոնք, որ օրենքներ պետք է հնարեն,  ըստ էդ օրենքների, մենք պետք է ապրենք: Դրանք բոլորը գիտեք, որ կողոպտողներ են: Ո՞վ պետք է գա, որ մաքրի էդ ավգյան ախոռները, ախոռ մաքրողը պետք է լինի Րաֆֆին` իր թիմով: Իր թիմը կա, էդ ավգյան ախոռները պետք է մաքրվեն, թրիքը թրիքի վրա է եկել, 3 իշխանություն եկան, 3-ն էլ  կողոպտեցին էս ժողովրդին: Սերժ Սարգսյանը ընդամենը իր բիզնեսների մասին է մտածում»: «Ամո~թ», -գոռաց ժողովուրդը` հավելելով. «Ռուբ, ինչ ասում ես, ճիշտ ես ասում»:

Ռուբեն Հախվերդյանի ելույթի ժամանակ հանկարծ սկսվեց խուճապ  ժողովրդի մոտ. ոստիկանությունը,  մոտենալով հրապարակում կանգնած մարդկանց, սպառնում էր վարչական տուգանքի ենթարկել, քանի որ հանրահավաքն ապօրինի է: Րաֆֆին բեմից ցած իջավ, ժողովուրդը,  այլևս չլսելով Ռուբեն Հախվերդյանի խոսքը, վազեց «Ժառանգության» առաջնորդի հետևից: Նա մոտեցավ Շիրակի մարզի փոխոստիկանապետին` առաջարկելով վարչական տուգանք կիրառել իր նկատմամբ, ոչ թե կանգանածների: Եվ մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում էր ոստիկանների հետ,  նրա հետևից եկած ժողովուրդը բացականչեց. «Րաֆֆի նախագահ, Րաֆֆի նախագահ»:

Հավաքվածները այսպիսով վերցրեցին Րաֆֆիին ու ստիպեցին  շարունակել հանրահավաքը: Ռուբեն Հախվերդյանը, իր հերթին  շարունակելով իր միտքը , հիշեցրեց,  որ ինքը միշտ ժողովրդի կողքին է, չի ուրացել ժողովրդին, միշտ քննադատել է  իշխանություններին, սակայն ականջ դնող չկա, և որ վերջնականապես զզվել են այս իշխանություններից: «Մենք էլ , մենք էլ», -բացականչում էր ժողովուրդը: Ռուբեն Հախվերդյանը նախազգուշացրեց. «Եթե էսպես 5 տարի էլ մնա, մենք ազգովի քաշված ենք»: «Ճիշտ ես»,-համաձայնեցին  ու ծափահարեցին գյումրեցիները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031