Ի հեճուկս իշխանությունների` «Ժառանգության» անդամները պնդում են, որ շարժումը մարման ենթակա չէ
Այսօր վանաձորցիները ՀՀ նախագահի ընտրություններից հետո արդեն երկրորդ անգամ էին ընդունում Րաֆֆի Հովհաննիսյանին: Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանելը՝ ելույթ ունեցան Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանն ու Ռուբեն Հախվերդյանը:
«Էս վերջերս ինձ մեկ-մեկ հիմար հարցեր են տալիս, ասում են` չե՞ս վախում, ասում եմ` էս 20 տարի տեսե՞լ եք, որ ես վախենամ, ինչի՞ց պիտի վախենամ, ի՞նչ պիտի կորցնեմ: Պատերազմը դեռ շարունակվում է, պատերազմը չի վերջացել, պատերազմը գնում է ներքին թուրքի դեմ: Մենք ընտրել ենք Րաֆֆիին ոչ այն բանի համար, որ ինքը շատ քաղաքավարի է, այլ ընտրել ենք նրա համար, որ նա գործարքների մեջ չի մտել ներկայիս իշխանությունների, օլիգարխների հետ, այլ իր ունեցած-չունեցածը թողել է այնտեղ, եկել է իր հայրենիքում ապրելու»,-այսպես վանաձորյան հերթական բարեւահավաքի ժամանակ ելույթ ունեցավ երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը` խոստանալով, որ մոտ ժամանակներս համերգ կունենա Վանաձորում:
Կարդացեք նաև
«Այս օրերի ընթացքում, որքան էլ իշխանությունները փորձում են իրենց հեռուստաընկերություններով, իրենց քարոզիչներով, իրենց պաշտոնատար անձանցով տպավորություն ստեղծել, որ ամեն ինչ իրենց ենթակայության տակ է, վերահսկում են, որ շարժումը մարում է, իրականում բոլորովին այլ պրոցես է գնում: Իրականում պրոցեսը ավելի է մեծանում, եւ եթե սկզբնական շրջանում միայն մեր քաղաքացիների տված ձայնն էր, որից հետո այդ ձայնի տեր կանգնելու շարժումը սկսվեց, հիմա, ըստ էության, համազգային զարթոնք է սկսվել: Մեզ՝ բոլորիս համար է այս պայքարը, մեր իրավունքների համար է»,- վանաձորցիների հետ բարեւարշավի շրջանակներում ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Անդրադառնալով իշխանությունների շրջանում տիրող տրամադրությանը` Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ հատկապես այս օրերին տարատեսակ քննարկումներ են տեղի ունենում: «Այս օրերին տարատեսակ քննարկումներ են լինում: Տեղյակ եք, որ ավագանու ընտրություններ են Երեւանում սպասվում, եթե իշխանությունը չվախենար, ապա Վանաձորում մենք եւս այսօր կունենայինք քաղաքապետի ընտրությունների խնդիր»,-ասաց նա:
Ելույթով հանդես եկավ նաեւ Զարուհի Փոստանջյանը, ով, խոսքի սկզբում անդրադառնալով ոստիկանների պահվածքին, հույս հայտնեց, որ շուտով նրանք օրենքի սահմաններում կգործեն: «Բարեւ սիրելի հեղափոխական Վանաձոր: Այս պահին ոստիկանները փորձում են մեր խաղաղ հավաքը խոչընդոտել, բայց դա նրանց չի հաջողվի: Սխալ են վարվում մեր ոստիկանները, բայց կարծում եմ, որ ոստիկանները իրենց կամքով չեն դա անում, այլ ապօրինի հրամանի ներքո ստիպում են մեր ոստիկաններին, ոչինչ, մեր տղերքն են, մենք իրենց հասկանում ենք, եւ այն, ինչ որ հայտարարվում է իրենց կողմից, մենք հասկանում եւ ըմբռնումով ենք մոտենում: Կարծում եմ, որ շուտով կհարթվի ամեն ինչ, եւ նրանք իրենց օրենքի սահմաններում կդրսեւորեն»:
Զարուհի Փոստանջյանն իր խոսքում նշեց, որ ժամանակն է` բոլոր մարզպետներն ու քաղաքապետերը ազատվեն հանցագործություն կատարած անձի ճիրաններից: «Փետրվարի 18-ին դուք ձեր որոշումը կայացրիք, դուք եւ մենք բոլորս միասին, այդ որոշմանը սպասում էին ոչ միայն ՀՀ –ում ապրող քաղաքացիները, այլ մեր բոլորիս ազգականները, ովքեր այս 20 տարիների ընթացքում ստիպված եղան լքել մեր հայրենիքը, եւ նաեւ բոլոր նրանք, ովքեր Ցեղասպանությունից հետո ստիպված հանգրվանել են տարբեր երկրներում: Պահը եկավ, պահը թելադրում է, որ եկել է մի ժամանակ, որ բոլոր այն մարզպետները, քաղաքապետերը, այդ թվում նաեւ՝ Սերժ Սարգսյանը, պետք է իրենց մեջ գտնեն այդ ուժը, ուժ գտնելով ազատվեն այդ հանցագործների ճիրաններից, հանցագործություն կատարած անձի ճիրաններից»:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Սա համահայկական շարժման ԴԵՌ սկիզբն է. սրանում համոզված եմ: ԲՈԼՈՐ ժողովրդական/ներքևից վերև (bottom up) շարժումները ՄԻՇՏ հաղթել են. տարբերությունը եղել է հաղթանակի հասնելու ձևը/ժամանակի տևողությունը: