Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի` Գյումրիում կայացած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով իր խոսքը նվիրեց իր ՀՀԿ-ական գործընկերոջը` Սուքիաս Ավետիսյանին: Հիշեցնենք, որ նախագահական ընտորւթյունների օրը Գյումրու ընտրատեղամասերից մեկում քաշքշուկ էր տեղի ունեցել այս երկու պատգամավորների միջև:
Իսկ երեկ ՀՀԿ-ական պատգամավորը, ելույթ ունենալով Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությամբ , կարծիք էր հայտնել, որ Րաֆֆին Գյումրիում հանրահավաք անցկացնելու փոխարեն լավ կաներ օգուտ տար Գյումրիին, այս քաղաքի փողոցները ասֆալտապատեր:
«Չեմ երկարացնի, բայց պետք է ասեմ, երեկ հեռուստակայաններից մեկում պատգամավորներից մեկը, ձեր պատգամավորներից մեկը (ժողովուրդը հուշեց՝ Սուքոն է-Ն.Ա.), ես գիտեմ, անունն էլ գիտեմ, ազգանունն էլ, ասաց , թե ինչո՞ւ է Րաֆֆին գալիս Գյումրի, երբևէ ասֆալտ թափե՞լ է գյումրեցու համար : Ասեմ ձեզ հետևյալը. ցավ է, որ նման մտավորական, ինտելեկտուալ քաղաքից կարող է պատգամավոր գար հասներ Ազգային ժողով, որը չգիտի, որ Ազգային ժողովում օրենք են գրում , ով գիտի մի բան, որ ունենա մանդատ և իր ասֆալտ փռելու գործերը հաջողի, կարողանա ինչ-որ բան ներկրել: Ձեզ պատիվ չի բերում, որ էդ տեսակը գալիս, ձեզ ներկայացնում է, «ո’չ» պետք է ասել էդ տեսակին»,-իր ելույթում ասաց Ռուբիկ Հակոբյանը:
Ժողովուրդը բացականչեց` «Ոչ»: Ռուբեն Հակոբյանը շարունակեց իր կիսատ թողած միտքը. «Րաֆֆի Հովհաննիսյանը, իր թիմը , էս ամբողջ ժողովուրդը մի բան է ուզում մեր պետության համար. ունենանք պետություն, որ պատգամավորը իր պատգամավորությամբ զբաղվի , ճանապարահաշինարարը, հրաշալի մասնագիտություն է, ճանապարհը կառուցի , մեր վաճառականները վաճառականությամբ զբաղվեն: Ի վերջո միայն էս ձևով է, որ մենք կարող ենք նորմալ պետություն ունենալ: Մարդկանց տեսակ կա, որը, ցավոք սրտի, պաշտոնին, կերակրատաշտին ամբողջ կյանքում փաթաթված է, շողոքորթում է… էդ տեսակի մասին չէ խոսքը, էն տեսակի մասին է խոսքը, որ իրոք ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի: Մեր գործը էսօր ձեզ հետ մեր երեխաների համար նորմալ պետություն ստեղծելն է, և մենք կստեղծենք էդ պետությունը»: ժողովուրդը դարձյալ բացականչեց. «Այո~»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ