«Ուզում եմ արտառոց մի բան, որ երբեք չեն նվիրել»,-ասում է 19-ամյա Լուիզան: «Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց, թե ինչպիսին է երիտասարդների նախատոնական տրամադրությունը: 21-ամյա Դիանան, ով անհատական պարապունքներ է իրականացնում, պատմում է. «Աշխակերտներիցս մի քանիսը ծաղիկներ են բերել այսօր, մի քիչ շտապել են, որովհետև վաղը պարապունք չունեն: Նվիրել են նաև գեղեցիկ բանաստեղծություն, որում խոսվում է իմ ջղայնության և կչկչանության մասին: Շատ ուրախացա»,-ասում է նա: Սովորաբար շատ դպրոցներում և աշխատավայրերում տղաները թեկուզ և համեստ, բայց նշում են տոնը՝ ուրախացնելով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Սակայն կան նաև այնպիսիք, ովքեր ձեռնպահ են մնում կամ անհայտանում հենց տոնական օրերին:
Նվեր գնելու համար որոշակի գումար է հարկավոր, սակայն կան տղաներ, որոնք չեն աշխատում: 20-ամյա Արմենն անկեղծանում է, որ իր ամենաչսիրած տոներից են Մարտի 8-ը, Նոր տարին և իր ընկերհու ծննդյան օրը. «Ես աշխատանք չունեմ և չունեմ եկամուտ, դրա համար էլ չեմ սիրում այդ օրերը, բայց երբեք գլուխս չեմ կախում, այդ մասին անհանգստանում եմ դեռևս մեկ ամիս շուտ. գումար եմ խնայում կամ ընկերներիցս եմ պարտք անում: Նրանք ինձ չեն մերժում, թեպետ ոչ մի անգամ պարտքս չեմ վերադարձնում»:
Կես-կատակ, կես լուրջ ասած այս խոսքը. «Ինչպես դիմավորես փետրվարի 23-ը, այնպես էլ կանցկացնես Մարտի 8-ը», շատ աղջիկներ ճշմարիտ են համարում. «Իմ ընկեներից մեկին վերջերս հարցրեցի, թե ինչ է նվիրելու իր ընկերուհուն, հեգնեց, թե ոչինչ էլ չի անելու, քանի որ ընկերուհին ըստ արժանվույն չի նշել իր տոն,-պատմում է 24-ամյա Լիանան ու հավելում,- ես չեմ ընդունում այդ երևույթը, մարդ պիտի անակնկալներ անի սրտանց, առանց ետին պլանի և ոչ թե պարտավորությունից դրդված»:
Շատ աղջիկներ պնդում են ՝ չեն կարևորում նվերի գինը, այլ այն, թե ինչպես է մատուցվում այն և ում կողմից: «Առավոտ երիտասարդականի» փոքրիկ հետազոտության արդյունքում պարզվեց, որ նրանց մեծամասնությունը իրենց սիրելիներից ակնկալում է օրիգինալ նվերներ, գործընկերներից՝ հուշանվերներ, ընկերուհիների կողմից ակնկալում են բիժուտերիա կամ կոսմետիկա, հայրերից կամ եղբայրներից՝ ծաղիկներ կամ փոքրիկ խնջույք: Պարզվեց նաև, որ աղջիկները չէին ցանկանա իրենց սիրելիների կողմից ստանալ նվեր՝ գումարի տեսքով: Միայնակ աղջիկները գերադասում են տոնը նշել իրենց ընկերուհիների հետ: 21-ամյա Մարիամը պատմում է՝ վաղը ընկերուհիներով հավաքվելու են մեկի տանը. «Մենք սիրում ենք ուրախանալ, նույնիսկ սիրահարների օրն ենք նշել` ինքներս մեզ ծաղրելու համար, որովհետև ոչ ընկեր ունենք, ոչ էլ սիրահարված ենք»,- ասում է նա:
Մեր հարցման ընթացքում պարզվեց, որ տղաներն իրենց ընկերուհիների համար գնելու են ծաղիկներ, օծանելիք, փափուկ խաղալիք, ալբոմ՝ ընդհանուր նկարներով: Ոմանք միայն նվերով չեն սահմանափակվելու, այլ իրենց սիրելիներին հրավիրելու են որևէ տեղ՝ միասին նշելու օրը:
Նազենի Բաղդասրյան