Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ծաղիկյան. «Գիտեմ, որ էս երկրում օրենքը վաղուց վերացել է, բայց արդյոք թասիբն ու նամուսն է՞լ են վերացել»

Մարտ 07,2013 17:39

Այսօր «Վարկած» ակումբի հյուրն էր Դավիթ Ծաղիկյանը, որը մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրեց մի շարք ապացույցներ՝ ինչպես է իր նախկին աներոջ, ոստիկանության նախկին գնդապետ Լև Եսոյանի, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ոստիկանության մի շարք աշխատակիցների անօրինական քայլերի պատճառով զրկվել հայրական իրավունքներից: «Ամուսնալուծությունից հետո իմ նախկին կինը՝ Գայանե Եսոյանը և իր հայրը, բառիս բուն իմաստով, խլել են երեխայիս ինձանից»:

Դավիթ Ծաղիկյանը պատմեց, որ ամուսնալուծությունից հետո իր՝ երեխային տեսնելու բոլոր քայլերը ձախողվել են ոստիկանների կողմից՝ ծեծի և շանտաժների միջոցով, կամ էլ տանում էին բաժին՝ երեխային առևանգելու փորձի, կամ սպանության մեղադրանքով. «Մանկապարտեզում էլ դայակն ասել է, թե Ալիկ Սարգսյանի հետ խորհրդակցելուց հետո չի կարող թույլատրել երեխայի հետ այցելությունները»:

Դավիթը դիմել է դատարան՝ իր երեխայի հետ տեսակցության օրեր ստանալու համար, սակայն դատարանում Գայանե Եսոյանն իր հոր հետ միասին պնդել են, որ երեխան Դավիթից չի սերված: «Ես համոզված եմ, որ երեխան իմն է և այդ պատճառով դատագենետիկական հետազոտություն պահանջեցի»:

Դատական նիստի հաջորդ օրը իրեն մոտեցել են և առաջարկել 30.000 հազար ԱՄՆ դոլար՝ երեխայից հրաժարվելու համար: Ստացել են մերժում: «Չես ուզում, մենք էլ գումարը կտանք փորձագետին, կդասավորի ամեն ինչ մեր ուզածով»:

Դատագենետիկական փորձաքննության պատասխանը 2 ամիս առանց որևէ պատճառաբանության հետաձգել են: «Դատարանում ինձ հայտնեցին, թե իմ վերցրած արյունը համեմատելով ստացել են բացասական պատասխան, բայց նրանք ինձնից արյուն չեն վերցրել, ինձ պատասխանը կամ արձանագրություն ցույց չեն տվել, որտեղ ես ստորագրել եմ արյուն հանձնելու համար»: Այս բոլոր փաստերը դատարան ներկայացնելուց հետո նրան պարզապես առաջարկել են կրկնակի փորձաքննություն անցնել նույն փորձագետի մոտ, քանի որ Մարինա Բաղդասարյանը Հայաստանում դատագենետիկական միակ փորձագետն է:

Այն հարցին, թե արդյոք երեխան գիտի՞ իր իսկական հորը և արդյոք ընդունո՞ւմ է նրան Դավիթ Ծաղիկյանը պատասխանեց, որ վերջերս իրեն 2 անգամ հաջողվել է երեխային բակում տեսնել և խոսել, գրկել նրան: «Տղաս ուսուցչուհուն ասել է, որ ես իր հայրն եմ, սակայն շատ ցածրաձայն և հետո հավելել, որ մորն ու տատիկին այդ մասին չասեն, քանի որ տանը իրեն կծեծեն»:

Առաջ նա զրկված էր երեխային նույնիսկ հեռվից տեսնելու հնարավորությունից, քանի որ երեխային մանկապարտեզ էին տանում թիկնապահներով: Հիմա թիկնապահները տատիկն ու մայրիկն են: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Վովա Գասպարյանից, ով վերացրեց թիկնապահ հասկացությունը»:

Դավիթ Ծաղիկյանը պահանջում է իր երեխային տեսակցելու իրավունք, իրավական ճանապարհով և իր սեփական միջոցներով արտասահմանում կրկին փորձաքննություն անցնելու իրավունք, պահանջում է նախագահի միջամտությունը այս գործում: «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է պաշտպանված լինի սեփական երկրում: Էսպե՞ս ենք գնում դեպի ապահով Հայաստան: Գիտեմ, որ էս երկրում օրենքը վաղուց վերացել է, բայց արդյոք թասիբն ու նամուսն է՞լ են վերացել»:

Նա այս հարցի լուծում է համարում Մարինա Բաղդասարյանի դեմ դատական գործ հարուցելը. « Շատ փաստեր եմ ներկայացրել իրավապահ մարմիններ, սակայն իրավապահ մարմինները խուսափում են գործին ընթացք տալ, որովհետև վախենում են»:

Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031