Շարունակելով համագործակցությունը Հայաստանի համալսարանների հետ` Orange Հիմնադրամն այսօր կրթաթոշակներ տրամադրեց Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի և Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) 25 ուսանողների:
«Համալսարանների հետ մեր համագործակցությունը շարունակվում է, իսկ այդ համագործակցության մի բաղկացուցիչն էլ օգնությունն է լավագույն ուսանողներին, ովքեր դժվարանում են լուծել բարձրագույն կրթության ֆինանսական դժվարությունները»,-ասաց Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Համալսարաններից յուրաքանչյուրին Orange Հիմնադրամը փոխանցեց 1,500,000 դրամ, որը պետք է հատկացվի ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, երկու հիմնական չափանիշների հիման վրա. ուսանողի առաջադիմություն և ընտանիքի սոցիալական վիճակ: Նույն սկզբունքով այս ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր առմամբ նախատեսված է տրամադրել կրթաթոշակներ 7 համալսարաններում:
Կարդացեք նաև
Համալսարանների հետ Orange-ի համագործակցությունը չի սահմանափակվում կրթաթոշակների տրամադրմամբ. բուհերի հետ համագործակցության շրջանակներում ուսանողները կարող են մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ ընկերության աշխատակիցները մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ են իրականացնում ուսանողների համար:
Հայաստանի համալսարանների հետ Orange-ի համագործակցություն մեկնարկել է երկու տարի առաջ: 2011թ. Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 6 համալսարանների 67 ուսանողների, իսկ 2012-ին՝ 9 համալսարանների 95 ուսանողների, որոնցից 70-ը՝ Հայաստանի մարզերում: