Առջևում Երևանի ավագանու ընտրություններն են: Արդյոք ակտի՞վ են քաղաքական կուսակցությունները, ինչպիսի՞ տրամադրվածություն ունեն ավագանու ընտրությունների մասնակցության նկատմամբ: Այս հարցերի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություններ ստացավ «Հայաստանի համայնքների ասոցիացիայի» նախագահ Էմին Երիցյանից: Նրա կարծիքով` կուսակցություններն ակտիվ են և բոլորն էլ շահագրգռված են մասնակցությամբ. «Եթե նախկինում քաղաքական կուսակցությունները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից խուսափում էին հոգեբանական առումով` մտածելով, եթե պարտվեն, նրանց հեղինակությունը կընկնի, ապա Երևանի ավագանու ընտրություններում բոլոր կուսակցություններն ակտիվ կլինեն: Չմասնակցելը ցանկացած կուսակցության համար սխալ է` հատկապես խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո շատերը գիտակցում են տեղական ընտրությունների մասնակցության կարևորությունը»:
Անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի առաջարկին` միասնական հանդես գալ ավագանու ընտրություններին, պարոն Երիցյանն այսպիսի գնահատական տվեց. «ՀԱԿ-ի համար Երևանի ավագանու ընտրությունները ռիսկային են` ելնելով վերջին խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքներից: Դրա համար էլ ՀԱԿ-ը ձգտում է այլ կուսակցությունների հետ մասին գնալ: Ընդհանրապես տեղական ընտրությունները պառլամենտականի նման են` համամասնական ընտրակարգով, և տրամաբանական չէ, երբ ընտրություններից առաջ կուսակցությունները կոալիցիա են կազմում: Տրամաբանական է, երբ առանձին կուսակցություններ մասնակցում են ընտրություններին, ձայներ հավաքում և ավագանու կազմում կարող են կոալիցիա կազմել, քանի որ նախօրոք միավորվելը հանգեցնելու է կոնֆլիկտների, շահերի բախման: Գնահատելով իրավիճակը` կարծում եմ, որ կուսակցությունները միասնական ցուցակներով ընտրության չեն գնա: Միավորման միակ հնարավոր տարբերակը կարող է լինել «Ժառանգության» և ՀՅԴ-ի ցուցակը, բայց ոչ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ