Եթե ինչ որ մեկին կարելի է անվանել «գրքակեր», ապա միայն Իռա Ջրբաշյանին: Նա այնպիսի արագությամբ է կուլ տալիս գրքերը, որ վերջիններս իրենք էլ չեն հասցնում հասկանալ, թե ինչպես իրենց կարդացին:
Իռան խտրականություն չի դնում գրքերի միջև. կարդում է թե՛ դասականներին, թե՛ ժամանակակիցներին: Համարում է, որ կան ստեղծագործություններ, որոնք պետք է կարդաս ինքդ քեզ կրթված, զարգացած ու տեղյակ մարդ համարելու համար: Սակայն ոչ բոլոր գրքերն է նա հավանում: Որպես օրինակ՝ բերում է Գաբրիել Գարսիա Մարկեսին. « Կարդում էի «100 տարվա մենությունը»: Շատ արագ հասկացա, որ դուրս չի գալիս ուղղակի: Իմ ոճը չէր: Բայց ավարտեցի բնականաբար: Ես գիտակցում եմ, որ այս պատմության դանդաղ ռիթմը դիտավորություն է, և որ չնայած ինձ համար ձանձրալի էր, իրենից մեծ արժեք է ներկայացնում: Ամեն դեպքում, Մարկեսից կարդացի նաև «Գնդապետին ոչ ոք չի գրում» պատմությունը, քանի որ այդ պահին բոլոր ընկերներնս դրա մասին էին խոսում: Կարդացի ու հասկացա, որ խնդիրը հենց Մարկեսի մեջ է: Ուղղակի նա իմ հեղինակը չէ»:
Իր հերթական «զոհին» Իռան սովորաբար ընտրում է goodreads.com կայքի օգնությամբ: Այն թույլ է տալիս գնահատել կարդացածդ բոլոր գրքերը, տեսնել, թե ընկերներդ, կամ աշխարհն ընդհանրապես ինչ է կարդում, ստանալ խորհուրդներ, որոնք հիմնված կլինեն քո առավել բարձր գնահատած գրքերի վրա: Սակայն առավել հաճախ փորձում է մեծ անուններին ընթերցել, իհարկե ոչ իրեն ցույց տալու, այլ «հարստանալու համար»:
«Որպես այդպիսին՝ իմ ոճի գիրք կարող եմ համարել Մարիոն Ցիմմեր Բրեդլիի «Ալբիոնի մառախուղները»: Պարզ երևում է, որ հեղինակը խորապես հավատում է նրան, ինչ գրում է, ինքն էլ է պաշտում իր նկարագրած հեթանոսությունը: Ինձ համար կարևոր է, որ հեղինակը ինձ հիմարի տեղ չդնի: Դրա համար է, որ Կոելյոյին չեմ սիրում: Նա ամեն ինչ բացահայտ դնում է քո առջև: Իսկ ընթերցողն ուզում է ինքն էլ բացահայտումներ անել»,- ասում է Իռան:
Մեր «գրքակերը» շատ հաճախ չի սիրում իր կարդացածներով կիսվել մյուսների հետ: Ասում է՝ իրենն են, չի ուզում ուրիշին տալ: Սակայն լինում են դեպքեր, երբ ընկերներին այս կամ այն գիրքն է «կարդալ տալիս», որ հետո բոլորով քննարկեն:
Իռան խորապես համոզված է, որ ստեղծագործելն ուղղակիորեն կապված է կարդալու հետ, այսինքն՝ ով չի կարդում, երբեք չի կարող գրել, լավ գրել: Ինքն այս պահին ունի գրված 3 պատմություն: 3-ի կերպարները, սյուժետային գծերը, գույները իրարից խիստ տարբերվում են, ինչը ցույց է տալիս, որ ինքը շատ բան ունի ասելու և ասածն էլ մի ուղղությամբ չի սահկանափակվում:
«Հայերեն չեմ կարդում բացարձակապես: Դե բացառությամբ հայկական գրականության: Որովհետև այն, ինչ ի սկզբանե գրված չէ հայերենով, սուտ է հնչում մեր լեզվով: Ռուսերեն թարգմանություններն այնքանով են ընդունելի, որ ռուսերենն ավելի ճկուն է և հնարավոր է միտքը ճիշտ փոխադրել: Հայ գրականություն էլ չեմ սիրում: Որովհետև շատ ազգայնական է: Մեր գրողների ստեղծագործությունները բնորոշ են միայն մեր իրականությանը, այսինքն՝ եթե Ամերիկայի հեռավոր քաղաքից մեկը կարդա դրանք, ուղղակի չի հասկանա իմաստը: Կարող եմ առանձնացնել Լևոն Շանթի «Հին Աստվածները» և Մուրացանի «Գևորգ Մարզպետունին»: Ասեմ ավելին, եթե այս 2 գործերը էկրանավորվեին ոչ հայկական ռեժիսորներով ու դերասաններով, կարող էին մրցել լավագույն ֆիլմերի հետ»:
Իռան քանակի հետևից երբեք չի ընկնում: Բայց մի անգամ, երբ 15 տարեկան էր, որոշեց հաշվել իր կարդացած գրքերը: Հասավ 215-ի ու հասկացավ, որ այդ տարիքի երեխայի համար 215-ը մի քիչ շատ է: Համալսարան ընդունվելուց հետո, ինչպես նկատել էր, սկսել էր շատ քիչ կարդալ: Այդ պահին օգնության հասավ նույն goodreads.com կայքը: Կայքը օգտատերերին իրենք իրենց մարտահրավեր ուղարկելու հնարավորություն է տալիս: Այսինքն՝ նշում ես կոնկրետ ժամանակահատված ու գրքերի քանակ: Եթե մարդիկ մեկ տարվա համար ընտրում էին 10, 20 գրիք, ապա Իռան ընտրում է 60 գիրք ու ոչ միայն գերազանցում է ինքն իրեն, այլև այնպես է հունի մեջ ընկնում, որ այլևս չի կարողանում կանգնել:
Գրքերը յուրահատուկ աշխարհ են ձևավորում մարդկանց մեջ, ինչը չեն կարող անել ո՛չ երաժշտությունը, ո՛չ ֆիլմերը: Ինչպես նշում է մեր հերոսը, այսօր մեծ տարբերություն է տեսնում իր և իր ընկերների միջև, ովքեր չեն կարդում: Բնականաբար սիրում ու գնահատում է նրանց, նրանք էլ իրենց արժանիքներն ունեն, բայց մի պահ է գալիս, երբ բախվում են 2 լրիվ տարբեր արժեհամակարգեր:
Իբրև մեծ փորձ ունեցող ընթերցող, Իռան հավելում է, որ կարդալու որակն ամբողջությամբ փոխվել է էլեկտրոնային գրքի՝ Kindle-ի հետ: Կարող ես պայուսակումդ ունենալ 80-ից ավելի գրքեր՝ նույնիսկ մեկի ծանրությունն էլ չզգալով: Այն նաև հեշտացնում է մի գրքից մյուսն անցնելու ընթացքը ու արագություն է տալիս կարդալուն՝ ունենում ես մեկ րոպե ազատ ժամանակ՝ անց ես կացնում կարդալով:
Ագնես Գասպարբեկ` (mynews.am)