Մարտի 15-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ կլսվի Սիլվա Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործը:
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Սիլվա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրա, որպես անհատ ձեռներեցի եւ «ՄԱՊ» ՓԲ ընկերության միջև 2009թ. մայիսի 11-ին կնքվել է ապրանքների մատակարարման պայմանագիր , համապատասխան հաշիվ-ապրանքագրերով իրեն վստահված ապրանքները մինչև 31.12.2011թ. Ս. Խաչատրյանը վաճառել է ԼՂՀ տարածքում: Նշված ժամանակահատվածում, ըստ մեղադրանքի կողմի, Ս. Խաչատրյանը ընկերության գույքը շարունակաբար հափշտակելու դիտավորությամբ վաճառքից ստացված ապրանքների՝ առանձնապես խոշոր չափի հասնող՝ 32. 935.100 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել դրամարկղ, այլ ՓԲԸ-ին ցույց է տվել որպես չվաճառված ապրանք և նշված գումարը վատնելու եղանակով, հափշտակելով՝ ծախսել է իր անձնական կարիքների համար:
Ըստ Ս. Խաչատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանի, անհատ ձեռներեց Սիլվա Խաչատրյանի և «ՄԱՊ» ՓԲԸ-ի միջև եղել են քաղաքացիաիրավական հարաբերություններ, որոնք հիմնված են պայմանագրի վրա, իսկ պայմանագրի կետերը չկատարելու կամ թերի կատարելու համար կողմերը կարող էին դիմել դատական պաշտպանության:
Կարդացեք նաև
Սակայն նկատենք, որ գործը վերաբերում է «ՄԱՊ» ՓԲ ընկերությանը, որի սեփականատերը ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանն է, որի քաղաքացիական հայց հիշեցնող հայտարարության հիման վրա Արմավիրի մարզի դատախազությունը ծառայություններ է մատուցել գործարարին և շինծու մեղադրանքով 2 անչափահաս երեխաների ու 86 տարեկան մոր միակ կերակրող հանդիսացող, ԼՂՀ քաղաքացի Սիլվա Խաչատրյանին կալանավորում է և ցանկանում դատապարտել յուրացման մեղադրանքով: