Երեկ Թալինում նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորել էր Արագածոտնի մարզպետին, որ «Լիսկայի» հետ հրաժարական տա : «Հարգելի պարոն Սահակյան, հրաժարակա՛ն տվեք: Դուք խախտել եք, եւ եթե Լիսկան պիտի կանգնի դատարանի առաջ, դուք որոշեք, որ ձեր վարքով, ձեր փողով, ձեր սպառնալիքով պարոն Լիսկայի օրինակին պիտի հետեւեք: Եթե կեղծիք թույլ տվեցիք, պարոն Սահակյան, պիտի պատասխան տաք: Կգաք, ներողություն կխնդրեք ժողովրդի առաջ, ձեր ստի, կեղծիքի, սպառնալիքի..կարծում եք, որ դո՞ւք եք սեփականատերն այս մարզի: Պարոն Լիսկայի հետ հրաժարական տվեք: Եթե ոչ՝ դատարանի առջեւ պիտի կանգնեք: Հստա՞կ է»,-ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Aravot.am-ի հարցին՝ ականջալուր եղե՞լ եք Րաֆֆի Հովհաննիսյանի հորդորին, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց. «Հա՜, ոտքերս թուլացել են, չեմ էլ կարողանում ոտքի վրա կանգնել»: Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է էդպես մի կերպ, թուլացած ոտքերով գնա եւ մեղայականով հանդես գա, ինչպես Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանն արեց երեկ Իջեւանում, Սահակյանը մի կուշտ ծիծաղեց. «Րաֆֆին ո՞վ ա, որ ես հրաժարական տամ, ինքը ո՞վ ա, որ էդպիսի բան խոսա, ինքը ի՞նչ ա հասկանում ընտրություններից: Ընտրությունները շատ ընտիր անցել են. ամբողջ աշխարհն ա գնահատում»:
Մեր դիտարկմանը՝ բայց հայ ժողովուրդը չի գնահատում այն ընտրությունները, մարզպետը հակադարձեց. «Ո՞վ ա ասում, ժողովուրդը գնահատել ա: 900 հազար ձեն տվել են Սերժ Սարգսյանին: Չե՞ն գնահատել»:
Նկատեցինք, որ Հայաստանում, հատկապես մարզերում, բազմաթիվ խնդիրներ կան եւ ժողովուրդն օբյեկտիվ դժգոհություններ ունի, անգամ այն մարդիկ, ովքեր իրապես ձայն են տվել Սերժ Սարգսյանին: «Դժվարություններ կան, էնպես չի, որ բոլոր դժվարությունները հաղթահարված են, ո՞ր երկրում դժվարություններ չկան»,- ասաց մարզպետը՝ վկայակոչելով վերջին շրջանում նախագահի մոտ այս կամ այն ոլորտի ներկայացուցիչների հավաքները, նրանց տրվելիք հանձնարարականները՝ առկա խնդիրները լուծելու համար: «Վերջին երեք տարիներին նախագահի հանձնարարականով բյուջետային լրացուցիչ գումարներ են տրվել՝ հրատապ ծրագրերի լուծման համար»,- ասաց Սահակյանը: Հարցին՝ արդյունավետ ծախսվե՞լ են այդ գումարները, քանի որ խնդիրները կարծես թե չեն լուծվում, հասարակության դժգոհությունն էլ գնալով կուտակվում է, ասաց. «Էդ խնդիրները էսօր չեն առաջացել: Դրանք տարիների խնդիրներ են, որոնք աստիճանաբար լուծվում են: Էս վերջին հինգ տարվա մեջ 85 դպրոց ա վերանորոգվել մեր մարզում, 45 գյուղում ջրագծեր են փոփոխվել, 60-65 համայնք գազաֆիկացվել ա, հսկայական կիլոմետրերով ճանապարհներ են վերանորոգվել ու կառուցվել, հիվանդանոց, ամբուլատորիա է կառուցվել: Մենակ անցյալ տարի մեր մարզում 43 միլիարդ գումար է ներդրվել: Մեծ-շքեղ գործարան ա կառուցվել, որ 5-6 տարի առաջ մարդիկ տանում էին կառավարության դեմը խաղողը թափում էին, 30 դրամով չէին կարում մթերեին. այսօր մրցակցություն կա, երեք հսկայածավալ գործարան կա ու բանջարեղենը, միրգը ամբողջովին մթերվում ա»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ