Վերջին 20 տարվա Երեւանի քաղաքապետերից ամենալավը, մայրաքաղաքի բարեկարգման մեջ ունեցած ներդրումներով՝ Տարոն Մարգարյանն է. այսպես են գնահատել 1160 երեւանցիները «Սոցիոմետր» կենտրոնի անցկացրած հարցման ժամանակ: Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում, ներկայացնելով հարցման տվյալները, պարոն Ադիբեկյանը նշեց, որ Տարոն Մարգարյանը հավաքել է 63.8% ձայն, իսկ Երվանդ Զախարյանը` 15.1%, Կարեն Կարապետյանը` 8.8%, Գագիկ Բեգլարյանը` 6.0%, Ալբերտ Բազեյանը` 2.6%, իսկ մնացածը` 1.7%:
Aravot.am-ը պարոն Ադիբեկյանին խնդրեց մեկնաբանել, թե ինչպե՞ս է Երվանդ Զախարյանը 2-րդ հորիզոնականում, երբ նրա օրոք սկսվեց իրացման գոտու` բազմաթիվ երեւանցիների համար ցավոտ գործընթացը, որի հետեւանքով հազարավոր մարդիկ անտուն մնացին ու մինչեւ հիմա բողոքի ակցիաներ են լինում: «Երվանդ Զախարյանին հարգում -սիրում են տրանսպորտից օգտվող երեւանցիները: Ով որ, ասենք, ապրում է Էրեբունիում, աշխատում` Դավիթաշենում, կամ հակառակը, նրանք, ովքեր տրանսպորտով, մեքենայով են գնում, ուղղակի շնորհակալ են: Իսկ մեզ մոտ երեւանցիների 40%-ը տրանսպորտով է գնում ուսման եւ աշխատանքի վայր, այս ճանապարհների շինարարությունից հետո, որ նրանք շատ ժամանակ ու բենզին չեն ծախսում` շնորհակալ են, մնացածը կարող է դժգոհ լինի կամ չեզոք: Նա կարող է վատ մարդ լինի, կաշառակեր լինի, շան տղա լինի, դա նշանակություն չունի: Կոնկրետ այս գործի համար իրեն գնահատող կա: Ու, եթե հարց է ծագում` նա եթե լինի առաջին ցուցակը ընտրվող քաղաքական գործիչների, գտան, որ միայն այս առումով քիչ է, որ նա գլխավորի առաջիկայում Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ