Շուրջ չորս տարի իրականացվող «Ժամանակակից պոեզիայի սևակյան փառատոնն» առաջին անգամ անվանվել է «Ժամանակակից պոեզիայի երևանյան փառատոն»: «Այս անգամ ցանկացան որպեսզի փառատոնը նվիրված չլինի միայն Սևակի պոեզիային և այն ընդլայնեցին: Անցյալ տարի մասնակցության հայտ ուղարկվել է 100 դպրոց, բայց մասնակցել է 41 դպրոց: Երեք տարի երեխաները միայն ասմունքում էին, իսկ այս տարի ասմունքին միացավ նաև գրական-ստեղծագործական, լուսանկարչական և գեղանկարչական արվեստները, որոնք ևս պետք է ցույց տան, որ իրենք համախմբվելով պոեզիայի շուրջ՝ աշխատում են հանուն մեկ նպատակի` պոեզիայի և հայ գրականության»,- այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման նախագահ Մանուկ Նիգոյանը:
Նիգոյանի խոսքով՝ մասնակիցների ակտիվությունը բավականին մեծ է, և տարեցտարի ընդլայնվում է: Այս տարի, բացի դպրոցներից, փառատոնին կներգրավվեն նաև բուհեր, որը կանցկացվի մայիսի 13-18-ը:
Չնայած նրան, որ փառատոնն իրականացվելու է Երևանի գրողների միության, Մշակույթ համահայկական հիմնադրամի, Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման, Ժամանակակից արվեստների երիտասարդական միության, մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, այնուամենայնիվ, երիտասարդ նախագահի նամակներին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դրական պատասխան տալով` պատրաստակամություն է հայտնում հովանավորել փառատոնը, այսուհանդերձ, ոչ մի աջակցություն դեռ չեն ստացել.«Հուսով եմ, որ այս տարի Հ. Պողոսյանը հասկանալով, որ պոեզիան ու գրականությունը շատ կարևոր են, մանավանդ եթե այդ ամենով հետաքրքրված է երիտասարդությունը, անպայման կհովանավորի: Փառատոնն անցկացվում է միայն կազմակերպիչների համեստ միջոցներով: Անցյալ տարի մեզ միացավ նաև Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը »,-ասաց Մանուկ Նիգոյանը:
Իրավաբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարուսյանը, ով արդեն երկրորդ տարին աջակցում է փառատոնին, ասաց, որ այսօր հասարակությունը կարծես գերքաղաքականացված իրավիճակում է, և քաղաքականությունը ետին պլան է մղել պոեզիան:
Կարդացեք նաև
Ըստ բանախոսի` քաղաքացուն հասանելի չեն մշակութային շփումները, բացթողումները շատ են, իսկ հոգևոր սնունդն՝ աննշան: «Անցյալ տարի նախարարը իր համաձայնությունը տվեց Սունդուկյանի թատրոնում փառատոնն անցկացնելու համար, բայց մեր հիասթափությունը մեծ եղավ, երբ Սունդուկյանի թատրոնի ղեկավարությունը մերժեց մեզ»,-ասաց Մարուսյանը: Նիգոյանն էլ մեջբերեց Սունդուկյան թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանի պատասխանը. «Լավ, էլի, դուք էլ բանուգործ չունեք, պոեզիայով եք զբաղվում», որը զարմացրել էր պատանուն:
Այս տարի դեռ պարզ չէ, թե որտեղ կանցկացվի փառատոնը, իսկ փառատոնի ավարտին տրվող մրցանակների մասին Նիգոյանը չհայտնեց՝ թողնելով անակնկալ, բայց ասաց, որ գեղանկարչական, լուսանկարչական մրցույթի նկարների մոտիվներով, իլյուստրացիայով կստեղծվեն գրքեր, որին կից կլինի սկավառակ, որը հնարավորություն կտա ասմունքի մրցույթի հաղթողներին ձայնագրել բանաստեղծությունները:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ
Քրիստինա ջան պատանի ընթերցասերների միովարման նախագահ ժաննա Հովհանիսյանին չվիրավորելու նկատառումներով կխնդրեի ուղղել ես ժամանակակից արվեստների միության նախագահն եմ, ու ընթերցողների միությունն արդեն 2 ամիս է նոր նախագահ ունի…