Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի կարծում, թե Ր.Հովհաննիսյանի ու Գ.Ծառուկյանի վերջին հանդիպման ընթացքում ֆինանսական հարցեր են քննարկվել:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը թեեւ կիսում է այն կարծիքը, որ նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանին տված ձայների մի մասն, այսպես կոչված, բողոքական ձայներ են, բայց նաեւ նշում է, որ նախագահի նախկին թեկնածուն իր ակտիվ քաղաքական պայքարով այդ ձայներն իրենն է դարձնում:
«Այն մարդիկ, ովքեր պառլամենտական ընտրություններին իրենց ձայները տվել էին ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին, համաձայն չէին կառավարության վարող քաղաքականության հետ, հիմա այդ ձայները կենտրոնացան Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ»,- այսօր «Սլաք» ակումբում, խոսելով հետընտրական զարգացումների մասին, նշեց քաղաքագետը:
Ս.Գրիգորյանը նաեւ համաձայն չէ տարածված այն կարծիքի հետ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չունի կոնկրետ պլան:
Կարդացեք նաև
«Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց ԿԸՀ, բողոքների մի մեծ փաթեթ հավաքեցին, մեծ աշխատանք կատարեցին, դիմեցին Սահմանադրական դատարան, սկսեցին Երեւանում ու շրջաններում անցկացնել միտինգներ, կիսվում են մարդկանց հետ իրենց կարծիքներով, տեղ են տալիս բոլոր քաղաքական ուժերին: Էլ ի՞նչ պետք է անի քաղաքական գործիչն ու քաղաքական ուժը»:
Ըստ քաղաքագետի` Րաֆֆի Հովհաննիսյանն, ով ընտրություններին ստացել է մոտ 540 հազար ընտրողների վստահությունը, չպետք է հույսը դնի պաշտոն ստանալու վրա, այլ պետք է կարողանա համակարգային փոփոխություններ անել:
«Այսօր գլոբալ բաների մասին է խոսքը: Երբ որ պաշտոնի ես գնում, դու համակարգային փոփոխություններ չես կարող անել: Ես կարծում եմ, որ մենք համակարգային փոփոխությունների խնդիր ունենք»,- ասաց քաղաքագետը:
Աշոտ ԱԹԱՅԱՆ