Այսօր Վրաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարների համատեղ ասուլիսում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան անընդունելի համարեց քաղաքացիական օդանավերի խոցելու գաղափարը:
«Ինչո՞ւ եք այդ հարցը տալիս»,- հարցին հարցով պատասխանեց Վրաստանի նախարարը, երբ լրագրողը հետաքրքրվեց` քաղաքացիական օդանավերի խոցելու գաղափարին ինչպե՞ս է վերաբերվում:
Լրագրողը կոնկրետացրեց` Ադրբեջանը սպառնում է հարվածել քաղաքացիական ինքնաթիռները, եթե Ստեփանակերտի օդանավակայանը գործի:
«Մենք արդեն խոսել ենք, որ բոլոր հակամարտությունները եւ տարաձայնությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով»,- ասաց վրաց նախարարը:
Պարոն Ալասանիան նաեւ ասաց, որ համոզված է, որ հայկական կողմը թույլ չի տա օգտագործել Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ռազմական կայանն ի վնաս Վրաստանի շահերի. «Մենք արդեն խոսել ենք այն վտանգների մասին, որոնք կան տարածաշրջանում: Ռուսական ռազամակայանի ներկայացուցչությունը Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում վտանգ են Վրաստանի համար: Ինչ վերաբերում է ռուսական ռազմակայաններին, որ առկա է Հայաստանում, համոզված ենք, որ հայկական կողմը թույլ չի տա, որ այդ բազաները օգտագործվեն Վրաստանի շահերին ի վնաս»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ