Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ն դիմել է փաստաբանների պալատին՝ խնդրելով քննարկել Տիգրան Եգորյանին պատասխանատվության ենթարկելու հարցը

Մարտ 07,2013 15:37

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դիմել է ՀՀ փաստաբանների պալատին՝ խնդրելով քննարկման առարկա դարձնել փաստաբան Տիգրան Եգորյանի գործողություններն ու նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հետագայում նմանատիպ գործողությունների կանխման անհրաժեշտությունից ելնելով։

Ըստ ՀՔԾ-ի՝ ընտրախախտման գործով վստահորդի շահերը մինչդատական վարույթում ներկայացնելու ընթացքում փաստաբան Տիգրան Եգորյանը, խախտելով փաստաբանի վարքագծի կանոնագրքի 6.1 կետի պահանջները, կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանող գործողություններ, օրենքով արգելված միջոցներով փորձել է ազդել վարույթն իրականացնող մարմնի վրա և վերջինիս գործողություններին է անդրադարձել օրենքով չսահմանված եղանակով։

2013թ. փետրվարի 18-ին կայացած՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընթացքում Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 17/5 ընտրական տեղամասում մի խումբ անձանց կողմից «Լրագրողներ հանուն իրավունքների» ՀԿ-ի լրագրող Արտակ Համբարձումյանի և դիտորդ Նարինե Իսմայիլի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Նարինե Իսմայիլը 2013թ. փետրվարի 26-ին և 27-ին կանչվել և հարցաքննվել է որպես վկա։ Երկու դեպքում էլ վկան հարցաքննության է ներկայացել փաստաբան Տիգրան Եգորյանի հետ, ով ներկա է գտնվել հարցաքննությունների ողջ ընթացքին։ Նարինե Իսմայիլի խնդրանքով՝ նրա ցուցմունքներն արձանագրել է քննիչը համակարգչի միջոցով, և հարցաքննության արձանագրությունները կազմվել են բառացի Նարինե Իսմայիլի խոսքերից, որպիսի փաստն իրենց ստորագրություններով հաստատել են ինչպես վկան, այնպես էլ փաստաբանը։ Ընդ որում՝ վերջիններս քննիչի կողմից վկայի իրավունքները խախտող հարցեր տալու կամ գործողություններ կատարելու վերաբերյալ որևէ հայտարարություն չեն արել։

Վկա Նարինե Իսմայիլի և քրեական գործով հարցաքննված մյուս վկա՝ թիվ 17/5 տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար Անահիտ Սուլթանյանի ցուցմունքներում եղած էական հակասությունների կապակցությամբ առերեսում կատարելու նպատակով գործը քննող քննիչը 2013թ. մարտի 1-ին վերջիններիս հրավիրել է Հատուկ քննչական ծառայություն։

Նարինե Իսմայիլն առերեսմանը ներկայացել է փաստաբան Տիգրան Եգորյանի հետ։ Վերջինս փորձել է ձայնագրառել առերեսման ընթացքը, ինչի դեմ առարկել է մյուս առերեսվողը, որի մասին համապատասխան նշում է կատարել նաև առերեսման արձանագրությունում։ Քննիչը նույնպես առարկել է քննչական գործողության ընթացքը փաստաբանի կողմից ձայնագրառելու դեմ և պահանջել այն դադարեցնել՝ իրավացիորեն պատճառաբանելով, որ ձայնագրառումը կարող է խախտել առերեսվող մյուս անձի իրավունքներն ու օրինական շահերը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը փաստաբանին նման իրավունք չի վերապահում, իսկ նույն օրենսգրքի 206-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ փաստաբանն իրավունք ունի ներկա գտնվել վկայի հարցաքննությանը և կարող է հայտարարություններ անել միայն վստահորդի իրավունքները խախտող հարցեր տալու կամ գործողություններ կատարելու դեպքերում, որոնք ներառվում են քննչական գործողության արձանագրության մեջ։ Փաստաբանին պարզաբանվել է նաև, որ ձայնագրառման դեպքում կարող է խախտվել առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիության վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի պահանջը։

Ըստ ՀՔԾ-ի՝ փաստաբան Տիգրան Եգորյանը, քննիչի օրինական պահանջը կատարելու, իսկ վերջինիս գործողությունների օրինականության հետ համաձայն չլինելու դեպքում այդպիսիք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով հետագայում բողոքարկելու փոխարեն չի անջատել ձայնագրիչը։ Փաստաբանի` վերը նկարագրված գործողությունների արդյունքում, ըստ ՀՔԾ-ի շուրջ 40 րոպե խոչընդոտվել է քննչական գործողության ընթացքը։

«Փաստինֆո»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031