Այսօր ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ, պրոֆեսոր Նորբերտ Լամմերթը դասախոսեց «Եվրոպան գլոբալացման ժամանակաշրջանում. համագործակցություն եւ ինտեգրում» թեմայով:
Հանդիպման կազմակերպիչներից «Հայաստանը Եվրոպայում» համահայկական երիտասարդական շարժման նախագահ, ԵՊՀ շրջանավարտ, Սլավոնական համալսարանի ասպիրանտ Արմենակ Մինասյանցը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ դասախոսության միջոցով փորձ արվեց Նորբերտ Լամմերթին հաղորդակից դարձնել ուսանողության հետ, վերջինս էլ ակտիվ մասնակցություն ցուցաբերեց:
Մինասյանցը ասաց, որ Նորբերտ Լամմերթը խոսել է Հայաստան ԵՄ եւ Հայաստան-Գերմանիա հարաբերությունների շուրջ. «Բանախոսը լուրջ կետեր առաջ քաշեց` ներկայացնելով իր դիրքորոշումը եվրոպական ինտեգրացիայի առնչությամբ: Նա Հայաստանի վերաբերյալ մի շարք կարեւոր կետեր առանձնացրեց` կարեւորելով Հայաստան-ԵՄ երկկողմանի հարաբերությունների դերն արտաքին քաղաքականությունում: Միաժամանակ, նա կարեւորեց Հայաստանի կողմից նախաձեռնված եւ իրականացված բոլոր քայլերը` Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում: Նորբերտ Լամմերթը նշեց, որ հետագայում երկկողմանի հարաբերությունները զարգացնելու եւ ԵՄ-ին հետագա ինտեգրումը խորացնելու գործում առանցքային նշանակություն ունի ոչ միայն այն աջակցությունը, որը ցուցաբերում է ԵՄ-ն, մասնավորապես` Գերմանիան, այլեւ տեղական մակարդակում պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակության կողմից կատարվող բարեփոխումները: Ըստ նրա` առանց համապատասխան բարեփոխումներ իրականացնելու դժվար կլինի ինտեգրացիայի առումով հեռուն նայել»:
Մեր զրուցակիցը նշեց, որ Բունդեսթագի նախագահն անդրադարձել է Թուրքիայի` ԵՄ-ին ինտեգրվելու հարցին եւ ասել, որ թեեւ Թուրքիան բավական քայլեր է իրականացրել այդ ուղղությամբ, սակայն անմիջականորեն խոսել ինտեգրման մասին դժվար է` բազմաթիվ ներքին խնդիրների պատճառով:
Կարդացեք նաև
«Լամմերթը խոսեց նաեւ ՀՀ-ում ներքաղաքական վերջին զարգացումներից եւ նշեց, որ այդ դաշտում Հայաստանը դեռ պետք է որոշակիորեն զարգանա եւ նվաճումներ գրանցի»:
Մինասյանցի դիտարկմամբ. «Լամմերթը մշտապես խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Սակայն Ծիծեռնակաբերդ կատարած նրա այցը, իմ կարծիքով, լուրջ արտաքին քաղաքական հետեւանքներ դժվար թե ունենա: Բայց նա նշել է, որ իրոք կիսում է հայ ժողովրդի ցավը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ