Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր ուժերը Երևանի ավագանու ընտրություններում միասի՞ն հանդես կգան

Մարտ 07,2013 15:22

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, երեկ դիմելով 4 քաղաքական ուժերին (ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ, ՀՅԴ), հանդես եկավ առաջարկով` միասնական հանդես գալ Երևանի ավագանու ընտրություններին:

Aravot.am-ը նշված կուսակցությունների ներկայացուցիչների հետ զրույցում փորձեց պարզել` իրենց կուսակցություններն ի՞նչ ձևաչափով կմասնակցեն ավագանու ընտրություններին և արդյոք պատրա՞ստ են միանալ ՀԱԿ-ի առաջարկին:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ողջունում են այդ գաղափարն ու մանրամասնեց. «Միավորվելուց մեր շարժումը կուժենա: Ողջունում ենք գաղափարը` միասին գնալ ավագանու ընտրություններին: Այդ մասին մենք, անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը բազմիցս ասել ենք: Այնպես որ, կարծում եմ, որ բոլոր առողջ ուժերն էլ մտածում են, որ միասնական հանդես գալն այս պահին կարծես թե հրամայական է»:

Ի պատասխան մեր հարցի, թե այս հարթության վրա բանակցություններ ընթանո՞ւմ են, պարոն Հակոբյանն ասաց. «Բանակցային գործընթաց այսօր կա և բավականին արդյունավետ է ընթանում: Դրա հիմնական նպատակն է բոլորի համախմբումը շարժման շուրջ»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության ձևաչափի հարցը ԲՀԿ-ում դեռ չի քննարկվել և հավելեց. «Թույլ տվեք այս մասին իմ անձնական տեսակետը չհայտնել, քանի որ դա այնպիսի հարց է, որ անձնական տեսակետը որոշիչ չէ: Երևանի ավագանու ընտրություններում մեր մասնակցության ձևաչափի վերաբերյալ հարցը կքննարկենք կուսակցության քաղաքական խորհրդում և մեր դիրքորոշումը կհայտնենք: Դա հավանաբար տեղի կունենա մարտի 11-12-ին»:

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն էլ փոխանցեց. «Դեռ որոշում չունենք կայացրած: Քննարկումներն ընթանում են, և այդ  համատեքստում, կարծում եմ, այդ առաջարկությանն էլ անդրադարձ կլինի: Իսկ թե վերջնակետի երբ կգանք, չեմ կարող ասել»: ՀՅԴ-ն ՀԱԿ-ի հետ այդ թեմայով քննարկում չի ունեցել:

Մեր հարցին` արդյոք ՀԱԿ-ի հետ բանակցությունները հավանական համարո՞ւմ է, Ա. Համբարձումյանը պատասխանեց. «Մենք մեր մոտեցումներն ու պատկերացումներն ունենք, եթե այդ շրջանակներում նպատակահարմար գտնենք, չեմ բացառում: Բայց որևէ հստակություն այդ առումով այս պահին չունենք` նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ ՀԱԿ նախաձեռնող խմբի անունից այդ հայտարարությունը ընդամենը երեկ երեկոյան է հնչեցվել»:

ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն էլ նշեց. «Եթե ընդդիմադիր թևերի հետ լայն կոնսոլիդացիայի հնարավորություն ստեղծվի, կքննարկվի ավագանու ընտրություններում մասնակցության հարցը: Դա խմբակցության կարծիքն է: Բայց դեռ հստակ ոչ մի բան չկա: Եթե հնարավոր լինի ողջ ընդդիմադիր հատվածի հետ համատեղ միասնական ցուցակով հանդես գալ, ապա կարծիք կա, որ արժե մասնակցել»:

Կարծքիներ կան, որ ՀԱԿ-ը նման առաջարկությամբ հանդես եկավ` հասկանալով, որ այդ ընտրություններն իր համար ռիսկային են լինելու: Այս դիտարկմանը տիկին Սարգսյանն արձագանքեց. «Դա այդպես չէ, մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր երկրի համար կարևորագույն ընտրությունները նախագահական ընտրություններն են, որոնց ժամանակ ժողովուրդն աննախադեպ ակտիվ է լինում: Բայց մենք տեսնում էինք, որ այսօր երկրում չկա այդ հնարավորությունը, որ իրականում ընդդիմությունը կարողանա հաղթանակ գրանցել: Ընդդիմությունը մշտապես նախագահական ընտրություններում հաղթել է գործող իշխանություններին: Ինչ վերաբերում է ավագանու ընտրություններին, ապա դա նույնպես մի միջոցառում է լինելու, որտեղ հերթական անգամ Հանրապետական կուսակցությունը ձևակերպելու է իր հաղթանակը: Դա իմ անձնական կարծիքն է, կան նաև այլ կարծիքներ` համաձայն որոնց լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է մասնակցություն: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա իշխանություններին հակակշիռ  մեկ այլ ուժեղ ընդդիմադիր թևում ՀԱԿ-ից բացի՝ չեմ տեսնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031