Մայրաքաղաքի կենտրոնը պետք է գոտիավորվի եւ կլինեն գոտիներ, կառուցապատումը բացառիկ դեպքերում կթույլատրվի
Փակ շուկային կառնչվի՞ փոքր կենտրոնի կառուցապատման հայեցակարգը: Այսօր լրագրողները կառավարության մամուլի կենտրոնում այսպիսի հարց ուղղեցին քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանին:
Փոքր կենտրոնը բեռնաթափելու հայեցակարգը տիկին Ալավերդյանը նախ ներկայացրել էր կառավարության նիստին, որտեղ փոխնախարարը նշել էր, որ հայեցակարգն ուժի մեջ մտնելուց հետո փոքր կենտրոնում կկիրառվեն քաղաքաշինական պլանավորման հատուկ չափորոշիչներ՝ հաշվի առնելով խտությունը, կանաչ գոտիների հարաբերակցությունը, բարձրությունը, սեյսմիկ ռիսկերը եւ այլն:
Փակ շուկայի վերաբերյալ հարցին Ռուզան Ալավերդյանը պատասխանեց, որ «հայեցակարգում նաեւ պատասխանատվության միջոցներին է անդրադարձ կատարվում, որոնք պետք է լրացվեն եւ դարձվեն ադեկվատ այնքանով, որպեսզի սահմանափակող դերակատարություն կատարեն օրենքից դուրս գործելու համար»: Տիկին Ալավերդյանի մեկնաբանությունները` պատմամշակութային Երեւան կառուցել-չկառուցելու վերաբերյալ`տեսանյութում
Փոխնախարարը նաեւ նշեց որ մայրաքաղաքի կենտրոնը պետք է գոտիավորվի եւ կլինեն գոտիներ, կառուցապատումը բացառիկ դեպքերում կթույլատրվի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ