Նա Արթիկում ՀՀ նախագահին կոչ է անում մինչեւ ապրիլի 9-ը ցույց տա, որ «նամուսի տեր է»
«Սե՛րժ Սարգսյան, ընդունեք ժողովրդի հաղթանակը մինչեւ ապրիլի 9-ը: Ես գիտեմ, ձեր սրտի մեջ լիքը կրակ կա, ցավ կա, տառապանք, խոպան, անարդարություն: Ես գիտեմ՝ կա: Բայց ինձանից չնեղանաք, որ ես ասում եմ, որ Սերժն էլ, բոլորն էլ իրենց տեղն ունեն մեր հայրենիքում: Ոչ մեկը թող իր ռադը չքաշի: Ռադ չանի: Նամուսը լավ բան է: Էդ նամուսը մինչեւ ապրիլի 9-ը կտեսնենք, ով նամուսի տեր է: Նամուսի ժամկետն է ապրիլի 9-ը»,- քիչ առաջ Արթիկում այսպիսի հայտարարություն արեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա դիմելով ՀՀ նախագահին՝ ասաց. «Արթիկը Գյումրվա հետ, Մարալիկի հետ որոշել է, թե որն է նամուսի սահմանը: Ապրիլի 9-ն է: Թող ոչ մեկը ատելություն չպահի իր սրտի մեջ՝ ես ատելություն չունեմ: Անգամ նրանք՝ առաջին, երկրորդ, երրորդ նախագահները, ովքեր մեկ-մեկ սխալ են պահել իրենց՝ իմ նկատմամբ, մեր նկատմամբ, մեկ-մեկ չէ՝ մեծ սխալ են արել՝ ներքին եւ արտաքին, այդ սխալի մեջ նաեւ ես էլ տեղ ունեմ: Ոչ մի ՍԵրժ կամ Սաշիկ, կամ Րաֆֆի կամ ուրիշ անուն չի հասնում ձեր անուններին: Պաշտոնական կեղծված, սուտ, վախկոտ տվյալներով Արթիկը 52 % ցույց տվեց, պարտվողները՝ 43: Կեցցե մեր հաղթանակը»:
«100 տոկոս է Արթիկը»՝ բղավեց բնակիչներից մեկը: «100 չէ, 90 է, 90»,- ուղղեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ ոչ մի բան 100 տոկոսանոց չէ:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում նշեց. «Սա այլեւս խաղ չի, շախմատ չի, ֆուտբոլ չի: Սա Հայաստանի խնդիրն է: Փետրվարի 18-ին անգամ իրենց սուտ մաթեմատիկայով…» :Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը բերանում մնաց: Նրան ընդմիջեցին մեգաֆոններով դարձյալ ինչ-որ հայտարարություն անող ոստիկանները: Նա հորդորեց իրեն «թարգմանել», թե այս անգամ ինչ են ասում ոստիկանները. «Տղերք, ի՞նչ են ասում, մի հատ ասեք»: Արթիկցիները կատակեցին՝ «Ասում են՝ ընտրություններին փող են բաժնել»:
Կարդացեք նաև
Ավելի ուշ պարզվեց, որ հանրահավաքի մասնակիցները փակել են ճանապարհը, իսկ ոստիկանները հորդորում են բացել ճանապարհները: Րաֆֆի Հովհանիսյանի խոսքերով՝ « Եթե ճանապարհ են բացում Արթիկի համար, ողջունե՛ք, ճանապարհ են բացում: Սրանից հետո ոչ մեկը ձեզ չի հեգնելու, չի ծաղրելու: Մեքենա առ մեքենա, նախարար առ նախարար, նախագահ առ նախագահ ես կանգնելու եմ ձեր կողքին: Եվ ով կասկածեց Արթիկին, Շիրակ աշխարհին, իր պատասխանը փետրվարի 18-ին ստացան: Շնորհավորում եմ մեր հաղթանակի առթիվ»:
Անդրադառնալով ոստիկանների հայտարարություններին՝ նա հայտարարեց, որ «Սրանից հետո եթե որեւէ մեկը մեքենայից հայտարարություն անի, որ ձեզ կենթարկի պատասխանատվության, առաջինը ինձ են ենթարկելու պատասխանատվության: Եթե հրահանգ կա, եթե վախենում եք ժողովրդից, ժողովրդի հաղթանակից, ժողովրդի իրավունքից եւ Սահմանադրությունից, հենց հիմա ինձ հայտարարեք վարչական պատասխանատվություն, ի՛նձ վերցրեք հենց հիմա, Սե՛րժ, զորավա՛ր, գնդապե՛տ, թե մայոր: Հենց հիմա վերցրեք: Եթե վերցնում եք, վերցրեք հենց հիմա՝ Արթիկի ժողովրդի առաջ: Իսկ եթե չեք վերցնելու՝ պատիվ ձեզ, բայց այլեւս երբեք ժողովրդին չվախեցնենք: Ժողովուրդը փետրվարի 18-ին Արթիկից, Փանիկից, Գյումրիից եւ Մարալիկից հաղթել է»:
Հանդիպումը հեռարձակվում էր civilnet.am-ի ուղիղ եթերում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ